ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Համանախագահները ողջունում են
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունել են նոյեմբերի սկզբին Պոդմոսկովյեի Մայնդորֆ ամրոցում տեղի ունեցած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրված հռչակագիրը։
Ինչպես ԵԱՀԿ շտաբ-բնակարանում հինգշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշել են բոլոր երեք միջնորդները՝ Բեռնար Ֆասյեն
(Ֆրանսիա), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) և Մեթյու Բրայզան (ԱՄՆ), փաստաթղթի ստորագրումը լավատեսություն է ներշնչում հակամարտության կարգավորման գործում։
«Տարածաշրջանում կան անձնական և օբյեկտիվ գործոններ, որոնք մեզ՝ համանախագահներիս, զգուշավոր կամ իրատեսական լավատեսության հիմք են տալիս», - հայտարարել է Մեթյու Բրայզան։
Բեռնար Ֆասյեի խոսքերով, սա է վկայում վերջերս Մոսկվայում կայացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը, ովքեր հաստատել են կառուցողական տրամադրվածությունը, որը նրանք նշել են հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած առաջին հանդիպման ընթացքում. «Կառուցողական տրամադրվածությունը թույլ տվեց նրանց ստորագրել ղարաբաղյան խաղաղ գործընթացի վերաբերյալ առաջին հռչակագիրը՝ ողջ այս ժամանակի ընթացքում»։
Յուրի Մերզլյակովն իր հերթին տեղեկացրել է, որ Մինսկի խմբի գլխավոր խնդիրը նա տեսնում է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների կանոնավոր հանդիպումներին աջակցելու մեջ. «Մոսկովյան հանդիպումից և Հայաստանում ու Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո մենք պետք է այնպես անենք, որ երկու երկրների նախագահների հանդիպումներն ավելի հաճախ լինեն։ Միայն նրանք են ի վիճակի որևէ լուծման հանգեցնել։ Լուծում գտնելու գլխավոր պատասխանատվությունն ընկած է հայկական և ադրբեջանական կողմերի վրա։ Ռուսաստանը կընդունի այն տարբերակը, որը ձեռնտու կլինի ներգրավված բոլոր կողմերին, և համաձայնություն ձեռքբերելու դեպքում պատրաստ կլինի երաշխավորել այդ որոշումը»։
Իսկ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը մտադիր է եռակողմ հանդիպում կազմակերպել` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ, որի նպատակն է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը։ Ըստ թուրքական աղբյուների, Գյուլն իր այս նախաձեռնության մասին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, և վերջինս դրականորեն է արձագանքել դրան: Սպասվում է, որ թուրքական կողմը նույն առաջարկով կդիմի նաև Հայաստանին, և հայկական կողմի համաձայնության դեպքում կորոշվեն հանդիպման անցկացման ժամկետն ու վայրը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ նախօրեին Բրյուսելում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան չի կարող որպես միջնորդ հանդես գալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։
Համանախագահների հայտարարությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Վիեննայում, ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը և համատեղ ասուլիսին հանդես եկել հայտարարությամբ։
«Հարավային Կովկասում վերջին զարգացումները, ինչպես նաև զարգացումները Հայաստանում և Ադրբեջանում չէին կարող չանդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա։
Կարգավորման խնդրում շատ կարևոր է եղել համանախագահող երկրների արտգործնախարարների կողմից անցյալ տարվա նոյեմբերին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին փոխանցված փաստաթուղթը, որտեղ ամրագրված են կարգավորման հիմնական սկզբունքները։ Այդ պաշտոնական առաջարկները կոչվեցին մադրիդյան սկզբունքներ։ Համանախագհները հենց սկզբից բացատրեցին, որ դրանք վերջնագրային չեն, իսկ նրանում առկա դրույթները «10 պատվիրանները չեն»։
Դա ավելի շուտ պարունակում է ձևակերպումներ հիմնական սկզբունքների շուրջ, որոնք կամ մասամբ արդեն համաձայնեցվել են, կամ էլ գոնե հիմնված են կողմերի որոշակի փոխըմբռնման վրա, կամ էլ համանախագահների առաջարկություններն են մի քանի հիմնական սկզբունքների վերաբերյալ, որոնք կողմերի մոտ առաջացնում են ամենամեծ անհամաձայնությունները։
Կողմերին մադրիդյան փաստաթուղթը հանձնելուց հետո մեկ տարի անց համանախագահները համոզված են, որ այդ քայլը հնարավորություն տվեց Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնական սկզբունքները բանակցային մշակումների վիճակից տեղափոխել Մոսկվայի, Վաշինգտոնի և Փարիզի պաշտոնական առաջարկի վիճակ, որոնք ներառում են հավասարակշռված փոխհամաձայնության բոլոր տարրերը։
Մենք կարծում ենք, որ այդ փաստաթղթի պաշտոնական հանձնումը միանգամայն անհրաժեշտ էր։ Դա թույլ տվեց պահպանել վերջին 3.5 տարվա ընթացքում մշակված հիմքը բանակցությունների համար, որոնք 2008թ., հատկապես Հայաստանում և Ադրբեջանում նախագահական ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում անցան լուրջ փորձություն»։
