ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի մտավորականների ֆորումի համակարգող խորհրդի հայտարարությունը
Հարավային Օսիայի վերջին իրադարձությունները և Ռուսաստանի գործողությունները` կապված այդ իրադարձությունների հետ, կտրուկ փոխեցին Հարավային Կովկասի և ամբողջ տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերը, ներառյալ` Թուրքիան և Իրանը: Ներկայում առաջ են քաշվում իրավիճակի զարգացման և հնարավոր հետևանքների տարբեր կանխատեսումներ: Ռուսաստանի համար բավականին հոռետեսական կանխատեսումներից մեկը հետևյալն է:
Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչմամբ Ռուսաստանը փաստորեն գծեց իր ազդեցության ոլորտի սահմանները, դրանով իսկ Արևմուտքի քաղաքական ազդեցության տակ թողնելով Հարավային Կովկասը: Վրաստանը արագացված քայլերով կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Ադրբեջանը, հավանաբար, կփորձի անել նույնը: Հայաստանը կդադարի Ռուսաստանի համար պիտանի լինելուց և որպես ռազմավարական գործընկեր, և որևէ այլ կարգավիճակով, նույնիսկ անկախ այն հանգամանքից, որ Հայաստանի տարածքի բոլոր ռազմավարական նշանակության օբյեկտները պատկանում են ռուսական կապիտալին: Այս իրավիճակում Հայաստանին այլ բան չի մնում, քան ենթարկվել Արևմուտքի թելադրանքներին, ինչը նշանակում է կորցնել Ղարաբաղը:
Այս կանխատեսումը, որի հիմքում ընկած է այն համոզմունքը, թե Ռուսաստանը գերտերության կարգավիճակին վերադառնալու որևէ հնարավորություն չունի, խիստ կասկածելի է: Ռուսաստանն իր ահռելի բնական ռեսուրսներով, ազգի կայսերապետական հոգեկերտվածքով, պետության կառավարման ավանդաբար զարգացած մեխանիզմներով անպայման կփորձի վերադարձնել գերտերության իր կարգավիճակը, և դրա նախանշանները երևում են արդեն այսօր: Ռուսաստանը կփորձի ուժեղացնել և ընդլայնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում և ամբողջ տարածաշրջանում, ինչը կբերի Արևմուտքի, և առաջին հերթին ԱՄՆ-ի հետ հակամարտության կտրուկ աճի: Այս դեպքում զգալիորեն կբարձրանա առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի դերը: Հայաստանը ձեռք կբերի առավել ակտիվ խաղացողի դեր ստանալու, արտաքին քաղաքականության օբյեկտից սուբյեկտի վերածվելու, Ղարաբաղյան հակամարտության առավել բարենպաստ լուծման հնարավորություններ: Իրավիճակը հեռու կլինի պարզունակ լինելուց, ինչը կպահանջի ոչ պարզունակ գործողություններ և ստեղծագործական մոտեցումներ: Պահանջվող անհրաժեշտ քայլերից կարելի է նշել, օրինակ, Ղարաբաղի վերադարձը որպես բանակցային գործընթացի լիիրավ անդամ, ՀՀ ԱԺ կողմից Ղարաբաղի ճանաչումը և այլ միջոցառումներ:
Խնդիրը, սակայն, բոլորովին այլ է: Խնդիրը Հայաստանի ներսում է: Կեղծված ընտրությունների միջոցով իշխանության եկած վերնախավը լեգիտիմության ճանաչման խնդիր ունի, առանձնապես Արևմուտքի, և առաջին հերթին ԱՄՆ-ի կողմից: Ձգտելով ցանկացած գնով պահպանել իշխանությունը, Սերժ Սարգսյանը, կարծելով, թե ինքը Ռուսաստանի հետ որևէ խնդիր չունի, ոչնչի առջև կանգ չառնելով ճիգ չի խնայում Արևմուտքի կողմից իր լեգիտիմության ճանաչման համար. կասկածի տակ է առնում 1915թ. Ցեղասպանության փաստը, պատրաստ է հանձնել Ղարաբաղը, պատրաստ է վաճառել ամեն բան, միայն թե պահպանի իշխանությունը: Միանգամայն ակնհայտ է, որ այս դավաճան և թշնամական գործողությունները, կբերեն ոչ միայն Ղարաբաղի կորստին, այլ ծայրահեղ ծանր, եթե չասենք` մահացու իրավիճակի կհասցնեն Հայաստանը, ամբողջ հայ ժողովուրդին:
Սերժ Սրգսյանին և ամբողջ վերնախավին իշխանությունը հարկավոր է կերակրատաշտին մոտ լինելու, սեփական ժողովրդին գռփելու և կեղեքելու, թալանածը պահպանելու և դրանից իրենց հանցավոր պնակալեզներին և սպասարկուներին բաժին հանելու համար: Օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունները, զանգվածային լրատվամիջոցները համարյա ամբողջությամբ կոռումպացված են և հնազանդորեն ենթարկվում են իշխանություններին: (Մեկ հետաքրքիր մանրամասն. իշխանական կառույցների միջին մտավոր մակարդակը մեկ կարգ ցածր է հայ ազգի միջին մտավոր մակարդակից: Հավանաբար նման պատկեր չկա աշխարհի ոչ մի պետությունում):
Ռուսական իշխանություններին, իհարկե, դուր չեն գալիս Ս.Սարգսյանի սիրախաղերը Արևմուտքի հետ և նրանք բավականին բացահայտ կերպով, լավ իմանալով, թե ում հետ գործ ունեն, սկսել են շանտաժի ենթարկել Ս.Սարգսյանին, սպառնալով, թե կրկին իշխանության կբերեն Ռ.Քոչարյանին, ով լիովին հնազանդ կլինի ռուսական թելադրանքներին: Իրավիճակի այսպիսի զարգացումը կլինի համընդհանուր աղետ ամբողջ հայ ժողովրդի համար: Մարդկային կերպարանքը կորցրած այդ էակը ոչնչի առաջ կանգ չի առնի. նա գազանային դաժանությամբ կարող է հայ ժողովրդին ենթարկել զանգվածային ոչնչացման, միայն թե անպատիժ թալանի, սպանի և երկրում հաստատի հանցագործ աշխարհի անվերապահ իշխանություն:
Այսպիսին է Հայաստանի այսօրվա ծայրահեղ վտանգավոր իրավիճակը: Սա գիտակցողների քանակը օրեցօր ավելանում է: Օրեցօր ավելանում է այն մարդկանց քանակը, ովքեր հասկանում են, որ եկել է ակտիվ գործողությունների ժամանակը, որ անհրաժեշտ է ձեռնարկել բացարձակապես ամեն բան` աղետից խուսափելու համար։
