ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Խորհուրդ Սերժ Սարգսյանին
«Գերագույն խորհուրդ–պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպությունը օրեր առաջ հրապարակակավ մի շարք խորհուրդներ էր տվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ Սերժ Սարգսյանի ուղերձից հետո, կազմակերպությունը եւս մեկ խորհուրդ է հրապարակել։
«Այսօրվա Ուղերձիդ միակ շոշափելի միտքն այն է, որ պետք է «վե՛րջ տալ հրապարակավ այլոց վիրավորելուն»: Իմ մոտ անգամ տպավորութուն ստեղծվեց, որ դա է այդ անդրանիկ միջոցառման հիմնական նպատակը: Սակայն, չէ՞ս կարծում, որ հենց այդ Ուղերձով ինքդ վիրավորեցիր ՀՀ քաղաքացուս, որին և պետք է, սակայն, իրականում ուղղված չէ այն:
Մասնավորապես, ինչպե՞ս կարելի է երկրում ստեղծված այս պայմաններում չխոսել միջազգային իրավասու կառույցների և Սահմանադրական դատարանի կողմից քննադատված ընտրությունների, այսինքն` Քո լեգետիմության, «մարտի 1-ի», քաղբանտարկյալների, Եվրախորհրդի և Եվրոդատարանի ՀՀ-ին անռչվող որոշումների, օրենսդիր և դատական մարմինների ղեկավարների փոփոխությունների, «ֆուտբոլային դիվանագիտությանդ», իմ կարծիքով, առայժմ, բացասական հետևանքների, ՏԻՄ վերջին խայտառակ ընտրությունների, էներգակիրների թանկացման, մարդկանց ռեալ եկամուտների օրեցօր պակասեցման, սափրագլուխների սրընթաց աճող հանցագործությունների և դրանց հետևանքների վերացման կամ այլնի մասին:
Ասում ես «մեզանից բացի ոչ ոք մեր խնդիրները չի լուծելու», հանավաբար համոզված լինելով, որ մոռացվել են Քո և նախորդիդ շնորհակալական խոսքերը ՌԴ Նախագահին մեր երկրի համապետական ընտրությունների համար:
Կամ ժողովրդի համար սահմանված Ուղերձով գովաբանում ես նորանշանակ ԱԺ նախագահին, որն ինքն է խոստովանում, որ իր մասին ՀՀ քաղաքացին շատ վատ կարծիք ունի: Կամ գնահատում ես Անվտանգության խորհրդի դերը, որի բարձրացումը կապել ես կենսագրությունը կեղծած և երկրի Նախագահի կողմից «դավաճան» որակված անձից:
Կարևորում ես պառլամենտարիզմի ավանդույթների պահպանումն ու ձևավորումը, սակայն ո՞վ է այն ոտնատակ տալիս: Ո՞մ է պատկանում ԱԺ Նախագահի պաշտոնը, ո՞վ է «սեփականաշնորհել» նախարարությունները, ու՞մ կուսակից կամ կոալիցիոն գործընկերներ պատգամավորներն են սեղմում ուրիշի «կոճակները» կամ ձեռներեցությամբ զբաղվում:
Ասում ես պայքարում եք կոռուպցիայի դեմ: Բայց ու՞մ շրջապատից են այդ «պայքարողները», որոնցից ոմանց պետական պաշտոններում դիզած հսկայական հարստությունների մասին պարբերաբար տեղեկանում ենք մամուլի անպատասխան հրապարակումներից: Կամ հպարտանում ես «օր ու գիշեր աշխատող նախագահականի աշխատակիցներով», սակայն, առնվազն, բողոքների քննարկման հարցերով նրանց դրսևորած «անգործությունը» բավարար է հասկանալու համար, թե՞ որտեղ են թաղված կոռուպցիայի արմատները:
Միայն, Գլխավոր դատախազի կոռուպցիոն դրսևորումների մասին, հիշի’ր քանի բողոք ենք ներկայացրել: Ի՞նչ եք արել «նախագահականում»` ուղարկել եք իրեն որ միջոցներ ձեռնարկի իր դեմ, այն էլ այն դեպքում, երբ Գլխավոր դատախազը, ակնհայտորեն արձանագրում է, որ օրենքի պահանջները չի կատարում լինելով այսինչ մարդու խնամին:
Կամ ո՞վ է ընտրախախտներին և բարեկամներին պաշտոններ և շքանշաններ տալիս:
Եվ վերջապես, Հանրային խորհրդի մասին: Նախ, պետական կառավարմանը մասնակցելու ՀՀ քաղաքացիներիս իրավունքը սահմանված է ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածի պահանջներով և ճիշտ կլինի նրանում բերված մարմինների ձևավորումը օրինականացնել: Երկրորդ, այդ խորհրդի ձևավորումն ի սկզբանե կասկածելի է, քանի որ նրա հիմնադիր անդամները, հիմնականում, օրինախախտ են, այն է` ներկայացնում են իբր կուսակցություններ, որոնք չեն համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին, այսինքն, գոյություն չունեն:
Այսպիսով, ստացվում է, որ Ուղերձը ՀՀ քաղաքացուս ուղղված չի, քանի որ նրանում բերված բարի ցանկությունները լսելուց նա վաղուց է հոգնել, իսկ իշխանությունների ստեղծած և չլուծված խնդիրները նրան չեն վերաբերվում:
Պատահական չէ, որ Ուղերձը գովաբանելու հակված գործիչներն անգամ, այսօր, հեռուստաընկերությունների օպերատիվ կազմակերպված հարցազրույցներում, չէին կարողանում Ուղերձում տեղ գտած որևէ հիշարժան մոտեցում կամ լուծում նշել:
Ինքդ մտածիր, բացի □ծիտիկից□, որպես իբր նոր «ժողովրդավարական» նախաձեռնություն, ի՞նչ տվեց Ուղերձը ՀՀ քաղաքացուս:
Ի՞նչ «ընդհանուր նպատակասլացության» զգացմունքներ կարող են առաջանալ նրա մոտ Ուղերձից, թող լինի չին ծանրորդի, ոչ այդքան տեղին, բերածդ օրինակով:
Խորհուրդ. նման դեպքերում, ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 1-ին կետից բացի, ընթերցի նաև Սահմանադրության մյուս հոդվածները:
