ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Չորս պատ, չորս տախտակ ու ճաղապատ մի լուսամուտ
Միջազգային պրակտիկայում, առհասարակ, ՊԱՉ-ի` պատժի առավելագույն չափի է արժանանում միայն այն ոճրագործը, որը ծանրացուցիչ հանգամանքներում կանխամտածված սպանություն է կատարում, հաճախ` մեկից ավելի, եւ որի ակտում առկա է դաժանություն: Այստեղ շեշտը դրվում է կանխամտածվածության, մեկից ավելի ու անիմաստ դաժանության վրա:
Մինչդեռ գոյություն ունեն նաեւ այլ հանցատեսակներ, որոնք այս կամ այն քաղաքակրթության համար ՊԱՉ-ի են արժանանում, հատկապես Արեւմուտքում` թմրանյութերի բիզնեսն ու կաշառակերությունը:
Մոլագարի ու տեռորիստի ստերեոտիպները հայ իրականությունում կառուցվել են մեր հասարակության մտայնության մեջ ոչ հայ քաղաքակրթական արժեքներին եւ նորմերին համապատասխան: Հայաստանի քաղաքացու համար ՊԱՉ-ի ներկայիս դատապարտյալների վերաբերյալ ունեցած պատկերացումներն ամենեւին էլ չեն համապատասխանում իրականությանը: Հայաստանում առկա ցմահականների մի մասն ընդհանրապես սպանություն չի կատարել, մի մասն էլ կրկնահանցագործ չէ: Իսկ շատերի դեպքում էլ հատկապես առանց դաժանության եւ միայն աֆեկտի տակ կատարված սպանություն է:
Սակայն գաղտնիք չէ նաեւ, որ դատավորների ճնշիչ մեծամասնությունը ենթակա է դատախազության կամքին եւ առանց դատախազության "կամքի արտահայտության" որեւէ տեսակի պատիժ չի սահմանափակում: Բայցեւայնպես, հիմնականում միայն հենց դատավորն է կաշառքի ու պատժի չափի որոշման շուրջ բանակցության մեջ լինում ամբաստանյալի հարազատների եւ միջնորդների հետ: Եւ հենց այս երկկողմ հարաբերություններից էլ ծնվում է պատժի տարիների ու կաշառքի չափը: Հայաստանի դատաիրավական համակարգում ոչ թե կատարված հանցանքը, այլ հաճախ եւ հիմնականում կաշառքի չափն է որոշում մեղադրյալի պատժաչափը: Այս մեխանիզմով է, որ սոցիալական անապահով դասին պատկանող մեղադրյալներից ձեւավորվում էր ՊԱՉ-ի դատապարտյալների հասարակական ենթախումբը:
Տարիներ շարունակ ՊԱՉ-ի դատապարտյալների կողմից բարձրաձայնած` իրենց հանդեպ կատարված անարդարության իրողությունները, նախաքննական եւ դատաքննական շրջաններում տեղի ունեցած ճնշումներն ու խոշտանգումները, փաստերի խեղաթյուրումները պատկան մարմինների կողմից այդպես էլ մնացին անարձագանք: Մենք հույս ունեինք արդարության հաղթանակի վրա: Սակայն մահվան դատապարտված 53 դատապարտյալներից 13-ի երկարատեւ ու աննկարագրելի տանջանքներից հետո խցերում մահանալու փաստն իսկ եկավ մեկ անգամ ապացուցելու մնացյալ բոլոր 40 դատապարտյալներին, որ արդարությունը վերականգնելու պետության ունակության հանդեպ տարիներով փայփայած հույսը միայն ինքնախաբեություն էր ու ապրելու զավեշտալի ցանկության արդյունք:
Բայց ուզում ենք խոստովանել, որ 2008 թ.-ի նախագահական ընտրությունները մի նոր ոգեւորության եւ հույսի ալիք բարձրացրին 40 դատապարտյալների մեջ: Այն կապված է Սերժ Սարգսյանի` ՀՀ նախագահ ընտրվելու իրողության հետ, ուր եւ ՊԱՉ-ում գերիշխեց այն վստահությունն ու հավատը, որ միայն նախագահ Սերժ Սարգսյանի արդարամտության, բարձր կամքի եւ ցուցաբերած սկզբունքայնության արդյունքում հնարավոր կլինի վերջ դնելու անօրեն դատապարտված ցմահականների անվերջանալի մղձավանջին: Վստահ ենք նաեւ, որ համազգային կոնգրեսն ու նրա ղեկավար, նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ողջ ընդդիմությունը նույնպես իշխանությանը կհարկադրեն՝ երկրով մեկ հաստատելու օրենքի ու օրինականության գերիշխանություն, հատկապես՝ ետ վերադարձնելու անօրինի դատավճիռներով խլված ազատ եւ արժանապատվորեն ապրելու մեր իրավունքը:
