ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ազատամարտիկներին արգելել են հանրահավաք անցկացնել
Ազատամարտիկներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի կողմնակիցները դիմել են Երեւանի քաղաքապետարան՝ հուլիսի 17-ին Մանկական զբոսայգում հավաք անցկացնելու խնդրանքով, սակայն քաղաքապետարանը մերժել է, վկայակոչելով Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության եզրակացությունները:
Քաղաքապետարանի պաշտոնական որոշման մեջ նշվում է, որ ըստ Ոստիկանության եզրակացության՝ «նախատեսված հավաքի ժամանակ մի շարք մասնակիցներ հրահրելու են բախումներ ոստիկանության ծառայողների հետ»:
Իսկ Ազգային անվտանգության ծառայությունը կարծիք է հայտնել, թե «միջոցառման կազմակերպիչները պատրաստվում են կատարելու զանգվածային անկարգություններ, իշխանության ներկայացուցիչների հանդեպ սադրիչ եւ այլ հակաիրավական գործողություններ»:
Ժիրայր Սեֆիլյանը լրագրողներին տեղեկացրել է, որ քաղաքապետարանը հավաքի կազմակերպիչներին որեւէ այլընտրանքային տարբերակ չի առաջարկել։
