Դարձյալ հայ–թուրքական սահմանի մասին

Թուրքիայում աստիճանաբար ակտիվանում են Հայաստանի հետ սահմանի բացման վերաբերյալ բանավեճերը, Երեւանում անցկացվող «Կովկաս-2007» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Անկարայի տնտեսության և տեխնոլոգիաների համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Մուստաֆա Այդինը։

«Թուրքիայում աստիճանաբար ի հայտ են գալիս սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման օգտին նոր փաստարկներ։ Սակայն անհրաժեշտ է տարբերել այդ երկու հասկացությունները», հայտարարել է Մուստաֆա Այդինը։ Նրա խոսքերով, Հայաստանի և Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը բացատրվում է նրանով, որ Հայաստանը մինչ այժմ չի ընդունել թուրքական սահմանի լեգիտիմությունը, իսկ սահմանի փակումը բացատրվում է ղարաբաղյան հակամարտության նկատմամբ Թուրքիայի դիրքորոշմամբ։ Այդինը կարծում է նաեւ, որ 2007 թ.-ին Անկարան մի շարք քայլեր է ձեռնարկել՝ հայերի՝ Թուրքիա մուտք գործելը թեթևացնելու ուղղությամբ. «Ստեղծվել է Երևան-Ստամբուլ ուղիղ չվերթը։ Հայերին թույլատրվում է աշխատել Թուրքիայում՝ թեև ոչ պաշտոնապես։ Թուրքիայի կառավարությունը դրա վրա աչք փակում՝ երկու երկրների քաղաքացիների միջև կապեր և հարաբերություններ հաստատելու համար»։

Այս պահի դրությամբ թուրքական կառավարությունը դեմ չէ բացել սահմանը, և դրան խանգարում են երկու գործոններ՝ երկրի հասարակության ճնշումը, ինչպես նաև ղարաբաղյան հարցը։Փորձագետի խոսքերով, մոտ ժամանակներս Թուրքիայի կառավարությունը չի նախաձեռնի հայ-թուրքական սահմանի բացման հարցը, որը կարող է մի շարք խնդիրներ ստեղծել, մասնավորապես, քրդական հարցի սրումը։«Ես հետևել եմ Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունների աստիճանական բարելավմանը, իսկ այնտեղ առկա էին շատ ավելի լուրջ հարցեր, քան Հայաստանի և Թուրքիայի դեպքում։ Այս ամենում մեծ դեր է խաղացել քաղաքացիական հասարակությունը, և այժմ ես տեսնում եմ, որ հայ-թուրքական հարաբերություններում քաղաքացիական հասարակությունն ևս լուրջ ներգրավված է, և կրկնվում է Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունների սցենարը»

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների։ Սակայն Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ. իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի: