«Վե’ր Կաց» քաղաքացիական հոսանքը մեղադրում է

«Վե’ր Կաց» քաղաքացիական հոսանքը տարածել է «Մեղադրանք» անվանված մի հայտարարություն, ուր ասվում է

ՄԵՂԱԴՐԱՆՔ

Այսօր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում փորձ է արվում արդարացնել իշխանությունների կողմից բռնության գործադրման փաստը՝ ելնելով քաղաքական անհրաժեշտությունից եւ ներքին կայունությունը պահպանելու հրամայականից։ Եվ ամենից խնդրահարույցն իշխանությունների ու հասարակության մի հատվածի տրամադրվածությունն է` արդարացնել բռնության կիրառումը` հաշվի առնելով նույնիսկ զոհերի առկայությունը։

Սակայն, առաջին անգամ բռնություն է կիրառվել ոչ թե հակառակորդ քաղաքական ուժի, այլ նրան աջակցող քաղաքացիների նկատմամբ։ 2008 թվականի մարտի 1-ը գործող իշխանությունների կողմից Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ուղղակի եւ բացահայտ բռնության կիրառման օրն է։

Քաղաքացիների գնդակահարությունը կազմակերպվել եւ իրականացվել է ոչ միայն հանրահավաքային ալիքը կասեցնելու նպատակով, այլեւ ընդդիմության նկատմամբ ռեպրեսիաները ծանրացուցիչ հանգամանքներով «օրինականացնելու» (լեգիտիմացնելու) եւ արտակարգ դրության հայտարարումն արդարացնելու համար: Որպես բռնության կիրառման պաշտոնական հիմնավորում ընդունվել է «իշխանության բռնազավթման փորձը» եւ սահմանադրական կարգի պահպանման անհրաժեշտությունը։

Վերջին ժամանակաշրջանի դիտարկումները թույլ են տալիս պնդել, որ դեպքերի ներկայիս ընթացքը սպառնալիք է հայկական պետության հետագա գործառնության համար։ Թվում է, թե Հայաստանում լիովին չեն գիտակցվում քաղաքական նպատակներով քաղաքացիների դեմ բռնության գործադրումն արդարացնելու կործանարար հետեւանքները։ Հավանաբար, ենթադրվում է, որ նման պրակտիկան հատուկ է քաղաքական կյանքին եւ չի սպառնում պետության հետագա գործառնությանը։ Սակայն փորձը վկայում է, որ պետությունը, որում այդ պրակտիկան սովորույթի է վերածվում, հայտնվում է մշտական տեռորի մթնոլորտում։ Իշխող վերնախավն իշխանությանը հավակնողների կողմնակիցների ֆիզիկական ոչնչացումը սկսում է դիտարկել որպես հակառակորդի նկատմամբ հաշվեհարդարի արդյունավետ միջոց։ Իսկ այն համոզմունքը, որ բռնության բացահայտ կիրառումն իշխանության պահպանման ամենաանխափան միջոցն է, ավելին` անպատժելի է, այն վերածվում է քաղաքական պայքարի կայուն ավանդույթի:

Իշխանության հասնելու եւ այն պահպանելու նման մեթոդիկան քաղաքական կյանքից պետք է արմատախիլ անի պետությունը, որն իրավասու է պատժել բռնության կիրառումը պետական օրենսդրության գործադրմամբ։ Եվ էական չէ՝ ինչ ռեժիմի պայմաններում է այն իրականացվում. ղեկավարող վարչակարգը կամ պատժվում է առաջնորդների մակարդակով, կամ իշխող կուսակցությունն օրենքից դուրս է հայտարարվում։ Սա միակ մոտեցումն է, որը հնարավորություն է տալիս բռնության գործադրման անպատժելիության մասին համոզմունքն արմատախիլ անել հասարակական գիտակցությունից, արդյունքում` ստեղծել քաղաքական մշակույթ, որում ցանկացած իշխանություն գիտակցում է, որ հասարակության նկատմամբ բռնության գործադրումն իր գոյության վերջի սկիզբն է։

Իշխող վերնախավի օրինական եւ բարենպաստ գործունեության պայմաններում երկրում չի կարող իշխանության բռնազավթման կամ սահմանադրական կարգի խախտման հավակնորդների հանդեպ բավարար հասարակական աջակցություն ստեղծվել։ Ուստի եթե վարչակարգի դեմ պայքարում հասարակության ներգրավվածությունն այնքան լայնամասշտաբ է, որ իշխանությունների միակ ռեսուրսը մնում է բռնության բացահայտ կիրառումը, ապա այդպիսի իշխանությունը պետք է ճանաչվի ոչ գործունակ, կառավարման համար անպիտան, ստեղծված իրավիճակի միակ պատասխանատու եւ համապատասխան պատիժ կրի։ Եթե բռնությունը գործադրվում է քաղաքական հակառակորդների դեմ, գործող վարչակարգի հետագա գործունեությունը պետք է արգելվի օրենքով։

ՀՀ ներկայիս քաղաքական ռեժիմի հետագա գործառնությունը ոչ միայն աննպաստ, այլեւ վտանգավոր է Հայաստանի Հանրապետության ապագայի համար։ Հայաստանի հասարակությունը պետք է հասնի նրան, որ բռնությունների համար պատասխանատու վարչակարգը կանգնի դատարանի առջեւ եւ օրինական ճանապարհով հեռացվի իշխանությունից։ Դրա համար բավարար հիմք են ծառայում մարտի 1-ի իրադարձությունները. ընտրությունների արդյունքների հետեւանքով առաջացած տարաձայնությունների պայմաններում բռնության կիրառման ակնհայտ անհիմն լինելը։ Այդ իրավիճակում բազմաթիվ էին կարգավորման այլ հնարավորությունները (օրինակ՝ երկխոսության հաստատումը կամ նոր ընտրությունների անցկացումը), որոնք չօգտագործվեցին: Սա ցույց է տալիս, որ գործող իշխանության շահերը ոչ մի ընդհանրություն չունեին հասարակության եւ պետության շահերի հետ։

2008 թվականի մարտի 1-ին բռնության գործադրման համար պետք է պատասխանատու ճանաչվեն իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, նրան սատարող կոալիցիայի անդամ մյուս կուսակցությունները, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և գործող նախագահ Սերժ Սարգսյանը։

Հանրապետական կուսակցությունը եւ նրան սատարող մյուս խորհրդարանական կուսակցությունները (ՕԵԿ,ԲՀԿ, ՀՅԴ) պատասխանատու է.

• քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելու որոշմանն աջակցելու,

• Ազգային Ժողովում հասարակության համար վտանգ ներկայացնող հակասահմանադրական օրենքների եւ գործող օրենքների լրացումների ընդունման,

• քաղաքացիների նկատմամբ բռնության կիրառումն արդարացնելու նպատակով հասարակությանը նպատակաուղղված ապատեղեկացման համար։

Հանրապետական կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախագահի աթոռը զբաղեցնող Սերժ Սարգսյանը պատասխանատու է քաղաքացիների նկատմամբ վարչական տեռորի եւ բռնության կիրառման, Հայաստանի ԿԸՀ-ի եւ Սահմանադրական դատարանի գործունեությունը կաթվածահար անելու միջոցով իշխանության զավթման համար։

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանատու է քաղաքացիների նկատմամբ բռնությունների գործադրման հրահանգ տալու, ուժային ակցիայի համակարգման եւ ընդդիմության առաջնորդների նկատմամբ հետագա բռնաճնշումների համար։

Վերոհիշյալ հանցագործությունների համար պատասխանատուների նկատմամբ դատական գործընթացի իրականացումը հայ հասարակության կարեւորագույն խնդիրն է։ Իշխող վարչակարգի հանդեպ դատավարության եւ դրա օրինական ճանապարհով հեռացման նախադեպն արդեն իսկ քաղաքական պայքարի քաղաքակիրթ մեթոդների, քաղաքացիների համար անվտանգ միջավայրի եւ քաղաքական նպատակներով բռնության հետագա կիրառումը բացառող պայմանների հաստատման արդյունավետ մեխանիզմ է։

«Վե’ր Կաց» քաղաքացիական հոսանք

verkats@yahoo.com