ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հեռակա բանավեճ քաղաքական ենթատեքստով
Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ստացվել են տեղեկություններ, թե աշխատանքից ազատվել են ՔԿՀ–ի անվտանգության գծով պետի տեղակալ մայոր Գագիկ Հովհաննիսյանը և անվտանգության ծառայության պետ մայոր Արսեն Գրիգորյանը: Վերջինիս ազատման ստույգ պատճառը դեռ հայտնի չէ, իսկ Գագիկ Հովհաննիսյանը հեռացվել է այն պատճառով, որ նրա հայրը` Համլետ Հովհաննիսյանը Ալավերդիում մասնակցել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հանրահավաքին: Սա արդեն երկրորդ նման դեպքն է այս քրեակատարողական հիմնարկում: Ավելի վաղ աշխատանքից հեռացվել էր կապիտան Հրաչ Գոգինյանը, այն հիմնավորմամբ, որ իր հայրը առաջին նախագահին սատարող կուսակցություններից մեկի անդամ է։
Իսկ ՀՀ արդարադատության նախարարությունը հերքում է նշված լուրը։ Նախարարության հողորդագրության համաձայն, իրականության հետ որևէ կապ չունեն լուրերն այն մասին, որ անվտանգության գծով պետի տեղակալ, արդարադատության մայոր Գագիկ Հովհաննիսյանի պաշտոնից ազատման պատճառ է դարձել այն, որ իբր վերջինի հայրը, Համլետ Հովհաննիսյանը, մասնակցել է ընդդիմադիր նախագահի թեկնածուի կողմից անցկացված նախընտրական հանրահավաքին:
Իսկ ինչ վերաբերում է այն պնդմանը, թե «նման դեպք արդեն երկրորդ անգամ է տեղի ունենում այս քրեակատարողական հիմնարկում և որ ավելի վաղ աշխատանքից հեռացվել էր կապիտան Հրաչ Գոգինյանը, այն հիմնավորմամբ, որ իր հայրը նախկին նախագահին սատարող կուսակցություններից մեկի անդամ է», այս կապակցությամբ ԱՆ-ից հեշեցնում են, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի անվտանգության գծով տեղակալն ազատվել է համաձայն իր դիմումի: Ընդ որում, դիմումում հստակ նշել է այլ աշխատանքի անցնելու ցանկությունը:
Իսկ նշված նախորդ «ազատումը» ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում, այն պարզ պատճառով, որ վերջինը պարզապես տեղափոխվել է «Էրեբունի» քրեատարողական հիմնարկ` պաշտոնի բարձրացմամբ:
