Ամենաշատը լուսաբանում են Սերժ Սարգսյանին եւ Լեւոն Տեր–Պետրոսյանին, բայց տարբեր նշաններով

2008 թվականի հունվարի 21-30–ը Երեւանի մամուլի ակումբը, «ԹԻՄ» հետազոտությունների կենտրոնի մասնակցությամբ եւ Բաց հասարակության ինստիտուտի ֆինանսական աջակցությամբ վերսկսեց առաջատար հեռարձակվող ԶԼՄ-ների նախընտրական դիտարկումը (այն սկսվել էր 2007 թվականի հոկտեմբերի 1-ին): 2007 թվականի դեկտեմբերի 21-ից մինչեւ 2008 թվականի հունվարի 20-ն ընդմիջումը պայմանավորված էր Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներով, երբ ԶԼՄ-ների մեծամասնության եթերային քաղաքականությունը կողմնորոշվում է դեպի զվարճալի ծրագրերը:

2008 թվականի հունվարի 21-ից 30-ն ընկած ժամանակաշրջանում ՀՀ նախագահի թեկնածուների նկատմամբ հեռարձակողների ուշադրության բաշխումը էականորեն ավելի հավասարաչափ էր, քան դիտարկման նախորդ փուլում (2007 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր): Իշխող կոալիցիայի պաշտպանած թեկնածուին հետազոտված բոլոր 8 ալիքների կողմից հատկացված համախառն եթերաժամանակը համեմատելի էր մյուս թեկնածուների լուսաբանումների ծավալին: Վարչապետ Սերժ Սարգսյանը ստացել է 29 442 վրկ, իսկ առավել քիչ ուշադրության արժանացած թեկնածուն` «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը` 12 720 վրկ.: Քաղաքական գործիչների հիշատակումների հաճախականության միջեւ այն հսկայական ճեղքվածքը, որ արձանագրվել էր հոկտեմբեր-դեկտեմբերին, նախընտրական քարոզչության առաջին 10 օրվա ընթացքում նույնպես չի նկատվել. Սերժ Սարգսյանը հայտնվել է 425 նյութերում, իսկ առավել քիչ հիշատակված թեկնածուն` Արման Մելիքյանը` 133:

Ավելին, եթե վարչապետի ընդհանուր եթերաժամանակից հանենք նրա` իբրեւ պաշտոնատար անձի գործունեության լուսաբանումը, ապա բոլոր հետազոտվող ալիքների կողմից նրան հատկացված ուշադրության համախառն ծավալով նա առաջնությունը կզիջի Հայ Յեղափոխական դաշնակցությունից (ՀՅԴ) նախագահի թեկնածու Վահան Հովհաննեսյանին եւ աննշան առավելություն կունենա Ժողովրդական կուսակցությունից նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանի նկատմամբ:

Հ1-ում, Հանրային ռադիոյում եւ Հ2-ում այդ ալիքների կողմից նախագահի թեկնածուներին հատկացված ընդհանուր եթերաժամանակով առաջատարը Սերժ Սարգսյանն էր, իսկ երեք այլ ալիքներում` «Արմենիայում», «Շանթում» եւ «Երկիր մեդիայում»` Վահան Հովհաննիսյանը: «Կենտրոնում» առավել շատ ուշադրության է արժանացել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը (ճիշտ է` այդ ուշադրությունը առավել հաճախ բացասական նշանով էր): Իսկ «ԱԼՄ»-ում մյուս հետազոտված թեկնածուների համեմատ ավանդական մեծ առավելությամբ առաջատարն է այդ ալիքի սեփականատեր Տիգրան Կարապետյանը. նրա լուսաբանման ծավալը ավելի քան մեկուկես անգամ գերազանցել է նախագահի բոլոր մյուս թեկնածուներին միասին վերցրած «ԱԼՄ»-ում հատկացված ժամանակին

Ներկա ընտրարշավի լուսաբանման գլխավոր խնդիրը մնում է ոչ այնքան հեռարձակվող ալիքների կողմից քաղաքական գործիչների միջեւ ուշադրության բաշխումը, որքան երկու թեկնածուների` Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նշանային բնութագրիչ հիշատակումների մեծ քանակությունն ու նրանց լուսաբանումների միանգամայն հակադիր բնույթը: Վարչապետի 99 նշանային հիշատակումներից (բոլոր 8 ալիքներում) 93-ը եղել է դրական եւ միայն 6-ը բացասական, իսկ առաջին նախագահի դեպքում` 72 բացասական եւ ոչ մի դրական:

Ընդ որում կողմնակալությամբ աչքի են ընկել նաեւ հետազոտված երկու հանրային ալիքները: Հ1-ում Սերժ Սարգսյանի նշանային բնութագրիչ հիշատակումների հարաբերակցությունը համապատասխանաբար 22-0 է, իսկ Լեւոն Տեր- Պետրոսյանինը` 0-11, իսկ Հանրային ռադիոյում, համապատասխանաբար, 7-0 եւ 0-6: Ընդ որում վարչապետի դրական հիշատակումների նշանակալի մասը բաժին է ընկնում նրա ընտրարշավին նվիրված ռեպորտաժներին:

Ընդհանրապես Սարգսյանի դրական լուսաբանումներով առաջատարներն են Հ1-ը եւ «Կենտրոնը» (հարաբերակցությունը վերջինում` 24-3): «Կենտրոնը» բոլորից ավելի աչքի է ընկել նաեւ Տեր-Պետրոսյանի բացասական լուսաբանումներով (0-29): Ճիշտ է, առաջին նախագահի 23 բացասական հիշատակումները բաժին են ընկնում «Ինչ են գրում թերթերը» հաղորդմանը, որը տպագիր մամուլի տեսություն է (պետք է ասել` խիստ միտումնավոր, քանի որ, ինչպես ցույց են տալիս բազմաթիվ հետազոտությունները, Հայաստանի թերթերի շուկան աչքի է ընկնում առավել մեծ բազմազանությամբ ու բազմակարծությամբ, քան հեռուստառադիոեթերը. այսինքն` նման քանակի բացասական հիշատակումների համար պետք էր բավականին նպատակամետ ընտրություն կատարել): «Կենտրոնում» Տեր-Պետրոսյանի մնացած 6 բացասական հիշատակումները հնչել են այլ քաղաքական գործիչների շուրթերից:

Բնականաբար, չի կարելի չնշել, որ երկու թեկնածուների (Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի) լուսաբանումների բեւեռացվածությունը 2008-ի հունվարին քանակական առումով այնքան ակնհայտ չէ, որքան հոկտեմբեր-դեկտեմբերին: Եթե դիտարկման նախորդ փուլում Տեր-Պետրոսյանի բացասական հիշատակումների բաժինը հասնում էր, ինչպես նշվել է հաշվետվություններում, աննախադեպ մակարդակի՝ բոլոր հիշատակումների 50%-ի, ապա հունվարի այս 10 օրերին այդ ցուցանիշը հավասար է 26%-ի: Ընդ որում, պետք է նկատի առնել, որ Տեր-Պետրոսյանի` բացասական համատեքստով լուսաբանումները մեծ չափով ձեւավորվում էին այլ թեկնածուների` նրան հասցեագրված հրապարակային քննադատություններից: Մասնավորապես, հետազոտված ալիքները նշանակալի ուշադրության են արժանացրել առաջին նախագահի հասցեին «Ազգային միաբանությունից» նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի բացասական արտահայտությունները: