ԵԱՀԿ–ն կշարունակի աջակցել ՀՀ ոստիկանությանը

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին ՀՀ
ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը հանդիպել է Եվրոպայի անվտանգության և
համագործակցության կազմակերպության Երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան
Սերգեյ Կապինոսին:


Հայկ Հարությունյանը վստահություն է հայտնել, որ ներկա ճանաչողական այցը գործնական
ու արդյունավետ կլինի և հիմք կհանդիսանա համագործակցությունը խորացնելու համար:
Դեռևս 2003 թ. Երեւանում ստորագրված «ՀՀ ոստիկանության եւ ԵԱՀԿ հետագա
համագործակցության եւ ոստիկանության օժանդակության մասին» արձանագրությունն
ընդգրկում է ԵԱՀԿ-ի կողմից ՀՀ ոստիկանության աջակցության ծրագիրը, որը հիմնված է
փոխըմբռնման հուշագրի եւ կոնկրետ միջոցառումների պլանի վրա ու ներառում է.

  • ՀՀ ոստիկանության ուսումնական կենտրոնի վերանորոգում եւ հզորացում,
  • Միջազգային փորձի վրա հիմնված ոստիկանության Արաբկիրի բաժնում համայնքային
    ոստիկանության մոդելի մշակում եւ ներդրում,
  • Ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում արագ արձագանքման 1-02 ժամանակակից
    համակարգի ներդրում:

ՀՀ ոստիկանության պետը գոհունակությամբ նշեց, որ ծրագրի մի մասը բարեհաջող
իրականացվել է, մնացածն ընթացքի մեջ է:

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին այսուհետ ևս շարունակել և զարգացնել
համագործակցությունն ու կյանքի կոչել նորանոր ծրագրեր և նախագծեր: