ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Հարավային Կովկասի դերը բարձրացել է»
Հուլիսի 16-ին «Հայացք» ակումբում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հայտարարեց, որ կա մրցակցություն Հարավային Կովկասի համար եւ որ վերջին 7-8 տարիներին Հարավային Կովկասի դերը բարձրացել է: Բանախոսի կարծիքով, երեւույթը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնք բոլորն էլ առնչվում են Հայաստանին եւ Ղարաբաղին:
Ստեփան Գրիգորյանի կարծիքով, այդ գործոններն են. տարածաշրջանում իրականացված էներգետիկ ծրագրերը, հակաահաբեկչական պայքարին տարածաշրջանի երկրների մասնակցությունը, իշխանափոխությունից հետո դեպի Եվրոպա եւ ՆԱՏՕ ձգտող Վրաստանը, Իրանի գործոնը: Սակայն, բանախոսը գլխավոր շեշտը դնում է այլ գործոնների վրա. Ռուսաստանը դուրս եկավ Եվրոպայում սովորական սպառազինությունների սահմանափակման մասին պայմանագրից եւ հետո` հակաօդային պաշտապանության ոլորտում ԱՄՆ եւ ՌԴ տարաձայնությունները խորանում են: Ստեփան Գրիգորյանի գնահատմամբ, Եվրոպայում սովորական սպառազինությունների սահմանափակման մասին պայմանագրից ՌԴ հրաժարվելը նշանակում է, որ չկա զսպող մեխանիզմը, խաղի կանոնները չեն գործում եւ մոտ ժամանակներս նույն պայմանագրից դուրս կգա նաեւ Ադրբեջանը, ինչը կբերի տարածաշրջանի ռազմականացման: Իսկ հակաօդային պաշտպանության հարցում ՌԴ-ՆԱՏՕ խնդիրները դառնալու են տարածաշրջանի ռազմականացման լրացուցիչ խթան: Ստեփան Գրիգորյանը չի բացառում, որ Լեհաստանում եւ Չեխիայում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղադրելու ՆԱՏՕ-ի քայլերին ի պատասխան ՌԴ, իր խոստման համաձայն, նույնպիսի կայաններ կտեղադրի Կալինինգրադում, ինչին էլ կհետեւի Վրաստանում կամ Ադրբեջանում ՆԱՏՕ-ի հակահրթիռային կայանների տեղադրումը: Սա նույնպես կբերի տարածաշրջանի ռազմականացման: Իսկ որ ՆԱՏՕ-ն, Երեւանում տեղեկատվական կենտրոն բացելուց ոչ շատ անց, նման կենտրոն կենտրոն է բացում նաեւ Ադրբեջանում, եւս մեկ ապացույց է, որ տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է, նկատեց Ստեփան Գրիրգորյանը:
Այս ամենի արդյունքում ՌԴ-Արեւմուտք հարաբերությունները կտրուկ սրվում են, սառը պատերազմի հոտը, դժբախտաբար գալիս է, տենդենցները թույլ չեն տալիս լինել լավատես, հայտարարեց բանախոսը եւ հավելեց. «պետք է պատրաստ լինենք այդ պրոցեսներին»: Նման դեպքերում Հայաստանը կարող է դառնալ միջնորդ, կարծում է Ստեփան Գրիգորյանը: Արեւմուտքը փնտրում է ռուսական գազին այլընտրանք, իսկ մենք կարող ենք դառնալ իրանական գազի տարացման երկիր. «ինչու չենք անում` չեմ հասկանում»: Ստեփան Գրիրգորյանի կարծիքով, եթե ՌԴ հարցում ԱՄՆ-ը եւ Եվրոպան եկել են փոխզիջման եւ տարաձայնություններ չունեն, ապա Իրանի հարցում նման համաձայնություն չկա եւ եվրոպական շատ երկրներ պատրաստ են համագործակցել Իրանի հետ: Բանախոսի կարծիքով, Իրանի հարցում մտահոգություններն ու լարվածությունը կպահպանվեն, ռազմական գործողությունն եր չեն լինի, իսկ Իրանի հետ համագործակցությունը կթփուլացնի լարվածությունը:
Արեւմուտքը եւ Ռուսաստանը տարաձայնություններ ունեն նաեւ Կոսովոյի հարցում եւ եւ Կոսովոյի անկախության ճանաչմանը դեմ արտահայտվող Ռուսաստանը սպառնում է միակողմանի ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի չճանաչված հանրապետությունները: Ի դեպ, թեեւ միջազգային տարբեր կառույցներ հայտարարում են, որ Կոսովոյի հարցի լուծումը չի կարող այլ սառեցված հակամարտությունների լուծման նախադեպ դառնալ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ Կոսովոյի եւ Ղարաբաղի հարցերը նույն տրամաբանության` ինքնորոշման իրավունքի շրջանակներում են, խնդիրը մասշտաբն է. Կոսովոյում ավելի շատ մարդ է ապրում, քան Ղարաբաղում:
Այս ամենին ֆոնին ամեր խնդիրը Ղարաբաղում նորմալ ընտրություններ անցկացնել է, քանի որ ընտրությունները մեզ են պետք, վստահ է Ստեփան Գրիգորյանը: Նրա կարծիքով դրական նախադրյալներ կան. գործող նախագահ Արկադի Ղուկասյանը երրորդ անգամ չի առաջադրվել, գրացված են մեկից ավելի թեկնածուներ. «մնում է նորմալ ընտրություն անցկացնել»: Սակայն Ստեփան Գրիգորյանը նաեւ մի մտահոգություն է նկատել. մի սոցիոլոգ հայտարարել է, թե Ղարաբաղի նախագահի թեկնածուներից մեկը չի ընտրվի, քանի որ գիտակ, կրթյալ մարդն է: Մտահոգիչ է: որ կարեւոր գործոն է դիտվում վարչական ռեսուրսը, հայտարարեց Ստեփան Գրիգորյանը:
Ղարաբաղում համապետական քվեարկության արդյունքները միջազգայնորեն կճանաչվեն, եթե դրանք կազմակերպվեն միջազգային որեւէ կառույցի հովանու ներքո, ասաց Ստեփան Գրիգորյանը:
