ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մեր սիրտ, իրենց հիացմունք
Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի ներկայացուցիչ Նիկա Օլմսը հուլիսի 2-ին Երեւանում լրագրողներին է ներկայացրել ԱՄՀ Հայաստանի առաքելության նոր ղեկավար Մարթա Կաստելո Բրանկոյին: Բրանկոն Հայաստանում է մեկ շաբաթ, հանդիպել է երկրի ղեկավարության հետ եւ տպավորվել Հայաստանի տնտեսական ցուցանիշներով: Նրան տպավորել է Հայաստանի տնտեսական աճը, որն ամենից դինամիկն է տարածաշրջանում, եթե չհաշվենք Բաքվի նավթը:
Սակայն բացի հիացմունքից Մարթա Բրանկոն, ունի մտահոգություններ: Նա նշում է ստվերի դեմ պայքարի եւ հարկահավաքության մակարդակի բարելավման անհրաժեշտությունը: Ապագայի մարտահրավեր նա համարում է տնտեսական աճի պահպանումը, գնաճի ցածր ցուցանիշի պահպանումը եւ աղքատության կրճատումը, որը չնայած բավական կրճատվել է, բայց դեռ, ըստ Մարթա Բրանկոյի, կրճատվելու ահագին տեղ ունի: «Դրանք բոլորը շատ դժվար խնդիրներ են: Մեզ համար քաջալերող փաստ է տեսնել, որ կառավարության, նոր կառավարության ծրագիրն այդ հարցերից շատերին անդրադառնում է: Կարծում եմ ծրագրում իրավացիորեն նշված է տնտեսական աճի պահպանման, բազմազանցման եւ աճի բարձր տեմպերի ապահովման անհրաժեշտությունը: Միաժամանակ բոլորիդ քաջ հայտնի է, որ այդ տնտեսական աճի արդյունքները, պտուղները, պետք է ավելի հավասարաչափ եւ ավելի արդարացի բաշխվեն: Տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանման մարտահրավերն այսպես կոչված կառուցվածքային բարեփոխում իրականացնելն է», ասում է ԱՄՀ Հայաստանի առաքելության ղեկավարը:
Նա ընդունում է, որ դրամի արժեվորման հետեւանքը իսկապես որոշ տնտեսվարողներ կրում են իրենց վրա, բայց եթե ամբողջ տնտեսությունը դիտարկենք, ապա կտեսնենք, որ մրցունակության խնդիրն այդպես սուր չէ: Բայց ԱՄՀ Հայաստանի առաքելության ղեկավարն անհրաժեշտ է համարում, որ կառավարությունը միջոցառումներ ձեռնարկի երկրի մրցունակությունն ու արտադրողականությունն ավելացնելու ուղղությամբ:
«Եթե ուզում եք, որպեսզի գնաճը մնա ցածր, ապա դրամը շարունակելու է արժեվորվել: Երբ կա տարադրամի մեծ հոսք, ապա երկու տարբերակ է հնարավոր, կամ ավելի բարձր գնաճ, կամ դրամի արժեվորում: Իսկ գնաճից, համամասնության առումով կարիքավորներն ավելի շատ են տուժում, քան ոչ կարիքավորները: Պետք է միջոցառումներ ձեռնարկել արտադրողականությունը բարձրացնելու համար: Դրա համար մենք ոգեւորված ենք, որ կառավարության ծրագիրն այդ խնդրին նույն կերպ է անդրադառնում եւ նույն դիրքորոշումն ունի: Այսինքն կա դրամավարկային քաղաքականություն, որի պատասխնատուն կենտրոնական բանկն է, կա հարկաբյուջետային քաղաքականություն եւ կա այսպես կոչված կառուցվածքային, համակարգային քաղաքականություն, համակարգային կամ կառուցվածքային միջոցառումներ: Այդ երեք քաղաքականությունը պետք է փոխլրացնող լինեն: Միայն դրամավարկային քաղաքականությունը չի կարողանա բոլոր հարցերը լուծել: Պետք է ունենալ շատ շրջահայաց դրամավարկային քաղաքականություն, որն ի միջայլոց ունեք, եւ պետք է ավելի շատ ջանքեր գործադրելու բարձրացնել երկրի արտադրողականությունը, միջոցառումներ իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ», ասում է Մարթա Կաստելո Բրանկոն:
