ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կառավարությունը փոխել է օրինագիծը, բայց իրավիճակը չի փոխվել
Նորընտիր խորհրդարանը հուլիսի 2-ին քննարկել է Հեռուստատեսության ու ռադիոյի մասին օրենքի փոփոխությունը, ինչպես նաեւ պետական տուրքի մասին օրենքի փոփոխությունը, երկրորդ ընթերցմամբ: Այդ օրինագծերը քննարկվում են փաթեթով, քանի որ վերաբերում են միեւնույն խնդրին` հեռուստա եւ ռադիո հեռարձակումներին: Տարբեր գնահատականների համաձայն, ինչպես պնդում են մեդիա ոլորտում մասնագիտացած հասարակական կազմակերպուիթյուններն ու ընդդիմությունը, այդ օրինագծերը ընդունվում են «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը դադարեցնելու նպատակով: Բանն այն է, որ հեռուստատեսության ու ռադիոյի մասին օրենքի փոփոխությունն արգելում է հանրային հեռուստառադիոընկերության եթերում օտարերկրյա հեռարձակողների հաղորդումների հեռարձակումը: Իսկ մասնավոր ընկերությունների եթերում հեռարձակման համար սահմանվում է 70 հազար դրամ պետտուրք ամեն հաղորդման համար:
Օրինագծերն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել են: Երկրորդ ընթերցման քննարկման ներկայացված օրինագծերը ենթարկվել են որոշ փոփոխությունների: Մասնավորապես, հեռուստատեսության ու ռադիոյի մասին օրենքում հեռարձակող ընկերություն հասկացության դիմաց տրվել է դրա բնորոշումը` «հեռուստառադիոհեռարձակման իրավունք ունեցող ընկերություն»: Այդ ընկերությունների համար փակվում է հանրային հեռուստառադիոեթերը: Պատգամավորներին հետաքրքիր էր, թե այդ նոր ձեւակերպումը ինչ է նշանակում, արդյոք այն վերաբերում է «Ազատություն» ռադիոկայանին, այսինքն արդյոք «Ազատությունը» հեռարձակող ընկերություն է, որի համար այլեւս փակվում է հանրային ռադիոյի հաճախականությունը: Նախարար Գեւորգ Դանիելյանը հայտարարեց, թե նոր ձեւակերպումն էլ «կարող է վերաբերել Ազատությանը», նայած, թե ինչպիսին է ռադիոկայանի կարգավիճակը:
«Եթե վերաբերում է հեռարձակմանը, այո, կարող է վերաբերել, եթե խոսքը պատրաստի նյութը, արտադրությունը տրամադրելու մասին է, ապա չի վերաբերում: Եթե դա պետք է լինի արտադրանք, նյութեր պատրաստի, եւ դա կտրամադրվի որեւէ ընկերության, ապա այստեղ սահմանափակում չկա: Ընդ որում սահմանափակում չկա, անկախ հեռուստառադիոընկերության կարգավիճակից: Իսկ եթե դա կվերաբերի հեռարձակմանը, երբ հաճախականությունը տրամադրվում է մեկ այլ հեռարձակող կազմակերպության, ապա անպայման կվերաբերի», ասում է Գեւորգ Դանիելյանը:
Խնդրին վերաբերող օրենսդրական նախաձեռնության փաթեթի հաջորդ փոփոխությունը վերաբվերում է պետական տուրքի մասին օրենքի փոփոխությանը” Առաջին ընթերցման ժամանակ ներկայացված 70 հազար դրամը, որ մասնավոր ընկերությունը պետք է ամեն հաղորդման համար վճարեր պետությանն այլ հեռարձակողի իր հաճախականությունը տրամադրելու համար, դարձվել է 60 հազար դրամ:
