ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ղարաբաղի հարցը տեղավորվում է միջազգային զարգացումների մեջ
Հունիսի 20-ին Երեւանում տեղի ունեցավ ղարաբաղյան կարգավորման թեմայով սեմինար: Կազմակերպիչն էր Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը: Բանա խոսներն էին ՀՀՇ վարչության անդամ Դավիթ Շահնազարյանը եւ ԱԺՄ վարչության նախագահ Վազգեն Մանուկյանը:
Դավիթ Շանհազարյանը ղարաբաղյան կարգավորման գործընթացը բաժանում է երկու մասի` մինչեւ 1998, երբ մենք հաջողություններ ենք արձանագրել եւ 1998-ից հետո. երկրորդ մասում մենք միայն ձախողվել ենք եւ պարտություններ կրել. Ղարաբաղը, բանակցությունների մասնակից կողմ էր, 1998-ից` ոչ, Ադրբեջանը, որ ընդունում էր կարգավորման առաջարկները, 1998-ից սկսած` ոչ, Հայաստանը անընդհատ ընդունում է առաջարկները, չնայած սրան միջազգային սուր գնահատականների արժանանում եւ օկուպանտ որակվում: Դավիթ Շանհազարյանը գիտի նաեւ սրա պատճառները. նավթային գործոնի շնորհիվ Ադրբեջանը մեծացրել է իր միջազգային վարկը վարում է հավասարակշիռ քաղաքականություն, հարկ եղած դեպքում ատամ ցույց տալիս ԱՄՆ-ին կամ ՌԴ-ին: Իսկ Հայաստանը, միջազգային հարթությունում երեւալու մեկ ռեսուրս ուներ` ժողովրդավարություն, եւ լիովին սպառել է այն: Դավիթ Շանհազարյանի համար առնվազն զարմանալի է, որ Հայաստանի իշխանությունները չեն խոսում Հայաստանի ապաշրջափակման մասին, թեեւ 1998-ից առաջ ստորագրված պրագյան փաստաթղթով նման հարց դրվել էր. զինադադար, կարգավորում, ապաշրջափակում:
Հարցի ձգձգումը ձեռնտու է Ադրբեջանին եւ «մի գուցե մեր իշխանությունների անձնական շահերից է», համոզված է ՀՀՇ վարչության ներկայացուցիչը: Ըստ նրա, կարգավորման ձգձգման հետ աճում է պատերազմի հավանականությունը, իսկ մեզ համար հարցի ռազմական լուծում գոյություն չունի` «պատերազմում ինչ կարող էինք անել, արել ենք: Կարող է եւս 10 ռազմական փուլ լինի, հաջողության հասնենք, բայց հարցը չլուծվի: Ռազմական փուլում մեկ անգամ պարտվենք` ամեն ինչ վերջանում է»:
Վազգեն Մանուկյանը կարծում է, որ ժամանակը աշխատում է եւ Ադրբեջանի եւ մեկ այլ հարությունում` մեր օգտին. հոգեբանորեն ընդունվում է, որ Ղարաբաղի անկախությունը չի վերանալու: Վազգեն Մանուկյանը կողմ է կարգավորումը սկսել Ղարաբաղի անկախություն ամրագրելուց. դիմացինին հասկացնել, որ եթե անկախությունը չի ընդունվում, մնացած հարցերը քննարկել իմաստ չունի: Դիմացինին ապացուցել է պետք, որ հարցի այլ լուծում չկա, ստիպել որ ճանաչի անկախությունը. «դրա միակ երաշխիքը հաղթանակն էր, որ դիմացինի չունենա գայթակղություն, թե կարող է հարցը այլ ձեւով լուծել», հայտարարեց Վազգեն Մանուկյանը: Բայց բանակցությունները պետք է շարունակվեն, ու շարունակվեն Ղարաբաղի մասնակցությամբ, որ պատերազմ չլինի: Դավիթ Շանհազարյանը դեմ է անկախությունից սկսելուն. Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել վերջում` հարցը լուծել փուլ առ փուլ:
Գլոբալիզացվող աշխարհում Ղարաբաղը տեղավորվում է միջազգային զարգացումների մեջ եւ չի բացառվում, որ այդ զարգացումների մեջ էր հարցը լուծվի, համակարծիք էին բանախոսները: «Եթե դու դեմ ես համաշխարհային քաղաքակրթությանը ուշ թե շուտ կպարտվես: Մեզ ընկալում են որպես Ռուսաստանի ֆորպոստ եւ դա Հայաստանին բնական եւ արհետսական ձեւերով դուրս է թողնում ինտեգրացիոն պրոցեսներից: Հայաստանը արտաքին քաղաքականություն չի վարում եւ տարածաշրջանում իրեն պահում է գյուղի պես` քյոխվայով», նկատեց Վազգեն Մանուկյանը: «Ղարաբաղի հարցը տեղավորվում է միջազգային զարգացումների մեջ, Հայաստանը չի տեղավորվում», ասաց Դավիթ Շանհազարյանը:
