Եթե խնդիրները խորանան` Ջավախքը կհայաթափվի

«Ջավախք» հայրենակցական միության նախագահ, Հզոր հայրենիք կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի կարծիքով Ջավախքի եւ ջավախահայության առջեւ ծառացած խնդիրներում մեղավոր են նաեւ Վրաստանի իշխանությունները: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի կարծիքով մեղավոր են միայն Հայաստանի իշխանությունները: Այս գործիչները հայ-վրացական հարաբերությունների մասին խոսում էին հունիսի 18-ին «Հայելի» ակումբում:

Շիրակ Թորոսյանը Ջավախքի անմխիթար վիճակի հարցում Վրաստանի իշխանությունների մեղքի ապացույցներ է ներկայացնում. Վրաստանի իշխանությունների պահվածքի. Վրաստանը միացել է ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ Եվրոպական հռչակագրին, սակայն վերապահումներով: Հռչակագիրը պահանջում է, որ պետությունը ազգային փոքրամասնությունների լեզուն եւ մշակույթը պահելու պայմաններ ստեղծի, եւ եթե ազգային փոքրամասնությունը հարեւան երկրի ազգից է, ապա հարեւան երկրի հետ փոքրամասնությունների խնդիրներով զբաղվելու համաձայնագիր կնքի: Հռչակագրի այս դրույթները Վրաստանը չի ընդունել` «ճանապարհները, դպրոցները չեն նորոգվում, ավերակներ են դառնում: Եթե խնդիրները խորանան, ապա 150 հազարանոց Ջավախքը կհայաթափվի, հայաթափումը արդեն սկսվել է»: Աշոտ Բլեյանը կարծում է, որ Վրաստանի իւշխանությունները 15 տարի հնարավորություն չեն ունեցել զբաղվել Ջավախքի հարցերով եւ նոր են սկսել զբաղվել:

Բլեյանը վստահ է. Ջավախքի հարցերով պետք է զբաղվեն ոչ թե հայրենակցական միությունները, այլ պետությունը, որ Վրաստանում պետք է ունենայինք ամենամեծ դեսպանատունը, որ ջավախահայերը պետք է հնարավորինս արագ սովորեն վրացերեն, ինտեգրվեն Վրաստանի կյանքում, օգտվեն ազատություններից, մասնակցեն խնդիրների լուծմանը: Շիրակ Թորոսյանը նկատեց, որ ջավախահայերը վրացերեն չգիտեն ոչ իրենց մեղքով, Վրաստանի իշխանությունները այնտեղ վրացերենի մասնագետներ չեն ուղարկում եւ արդյունքում «կա անվստահություն իշխանությունների եւ ջավախահայության միջեւ, իշխանությունները ուժեղացնում են ուժային կառույցները, ջավախահայերն են իշխանությունների հետ հույս չեն կապում»: Աշոտ Բլեյանը առաջարկեց «Հայաստան» հիմնադրամի միջոցներով վրացերեն ուսանել ջավախահայերին:

Աշոտ Բլեյանը վստահ է, որ Հայաստանն ու Վրաստանը օբյեկտիվորեն տնտեսական մրցակիցներն են, ինչպես որ Հայաստանն ու Ադրբեջանը օբյեկտիվորեն գործընկերներ են. «ու քանի դեռ Հայաստանն ու Ադբրեջանը հարցերը չեն կարգավորել, Վրաստանը շահելու է»: