ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Տնտեսական աճը ավելի շատ վնաս է բերում
Գերմանական Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի եւ հայկական “Համաձայնություն” կենտրոնի համատեղ ջանքերով հունիսի 14-ին Երեւանում կազմակերպվել էր “Հայաստան-2007” թեմայով կլոր սեղանը, ուր “Կառուցել ժողովրդավարություն, ստանալ դիկտատուրա” զեկույցով հանդես եկավ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
“Այս զարգացումները չեն կարող տանել էվոլուցիա, մի օր պայթելու է, ինչպես մեր ողջ պատմության մեջ միշտ եղել է”, ահազանգեց Հրանտ Բագրատյանը հատուկ նշելով, որ իր վերլուծությունները հենված են Հայաստանի պետական վիճակագրական տվյալների վրա, որոնց սակայն ինքը չի հավատում` “դրանք մի 3-4 անգամ չափազանցված են”:
Եվ ահա թե ինչղ զարգացումներ ունենք: ԱՄՆ-ում 400 ընտանիք տնօրինում է ՀՆԱ 10 տոկոսը, Ռուսաստանում` 40 ընտանիք ՀՆԱ 16 տոկոսը, Հայաստանում` 44 ընտանիք` ՀՆԱ 55 տոկոսը, Հայաստանում երկու ընտանիքի ձեռքին է ՀՆԱ 12 տոկոսը. “եվ սա իր ազդեցությունն է ունենում կառավարման, ընտրությունների կազմակերպման մշակույթի վրա”: “Չի կարելի լինել բանկի սեփականատեր եւ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ, չի կարելի ունենալ հիվանդանոցներ ու ղեկավարել առողջապահությունը, չի կարելի ղեկավարել մի ոլորտ, որի 35 տոկոսը քո ձեռքին է: Էլ ինչ չեզոքության կամ անկախության մասին է խոսքը”, հայտարարեց Հրանտ Բագրատյանը:
Նախկին վարչապետը կարծում է, որ Հայաստանում սեփականատերերը փորձում են դառնալ օլիգարխ գալ իշխանության եւ դադարեցնել բարեփոխումները: կապիտալի կենտրոնացվածությունն էլ դարձել է տնտեսական բարեփոխումների արգելակ. “Հայաստանում դժվար է սեփականությունը առանձնացնել իշխանությունից, պետական կառավարումը տնտեսական գործունեությունից: Եեթե եւ նախագահը եւ վարչապետը սուրբ լինեն չեն կարողանալու միանգամից բոլոր հարցերը լուծել: Դեմոկրատիան հետ բերելը դժվար է լինելու, կապիտալը ցրել դժվար է լինելու: Երբ մի 10-15 մարդու ձեռքին կենտրոնացած ամեն ինչ, հենց նրանք էլ դառնում են պետություն: Մենք նրանց համար դառնում ենք ճանճերի պես: Մարդկանց ծեծում են ու նրանց ոչ մի բան չի լինում: Սրա հետեւում փողն է կանգնած”, հայտարարեց Հրանտ Բագրատյանը:
Հրանտ Բագրատյանը առաջարկում է պարզել, թե հիմա ուր է հասել Հայաստանը, եւ ինչպիսին է մեր հասարակությունը. օրենքի հավասարության, թե սովորույթի ուժի: Ըստ Հրանտ Բագրատյանի, օրենքի հավասարության կամ արեւմտյան քաղաքակրթություն կրող հասարակության չորս հիմքերն են. ինտելեկտ, գաղղափար, ինֆորմացիա եւ օրենք: Սովորույթի ուժի կամ ասիական տարբերակի չորս հիմքերն են. ուժ, փող, դեզինֆորմացիա, սովորույթ: “Հիմա որտեղ ենք մենք` երկրոդում”, եզրակացրեց բանախոսը:
Սփյուռք ունենալու, պարտքի դիմաց ռուսներին տրված ձեռնարկությունները օտարերկրյա ներդրում համարելու պարագայում, Հայաստանը ՀՆԱ-արտաքին ներդրումներ հարաբերությամբ Կովկասում 3-րդ տեղում է. Վրաստանի արտաքին ներդրումները ՀՆԱ 38 տոկոսն են, Ադրբեջանում` 70 տոկոսը, Հայաստանում` 20 տոկոս: Ըստ պաշտոնական վիճակագրության վերջին 5 տարում մոտ 400 000-ով նվազել են աշխատատեղերը: Ի հավելումն ՀՆԱ-ում հարկային եկամուտները նվազել են` “տնտեսության ստվերայնությունը աճում է: Տնտեսական աճը երկրին ավելի շատ վնաս է բերում, քան օգուտ”:
