Բողոքի ցույց ԵԱՀԿ-ի, արտգործնախարարության եւ կառավարության դիմաց

«Ալիանս» քաղաքացիական նախաձեռնության (ՀԿ-ների միավորում), «Միտք» վերլուծական
կենտրոնի, «Հայ կամավորականների համախմբման», «Ազատագրված տարածքների
պաշտպանություն» հասարակական նախաձեռնության անդամներ եւ մի խումբ
ինտերնետ-ռեսուրսների ‎ֆորումների մասնակիցներ հունիսի 7-ին, Երեւանում անցկացրել
են բողոքի երթ եւ ցույց ԵԱՀԿ գրասենյակի, արտգործնախարարության եւ կառավարության
շենքերի մոտ, որի ընթացքում ցուցարարները բողոքի հուշագրեր են հանձնել ԵԱՀԿ Մինսկի
խմբի համանախագահներին, ՀՀ արտգործնախարարին եւ ՀՀ վարչապետին: Ցուցարարները նաեւ
վարչապետին ուղղված առանձին դիմումով պահանջել են ազատ արձակել «Ազատագրված
տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր
Սէ‎ֆիլյանին եւ նրա զինակից Վարդան Մալխասյանին:

«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սանկտ-Պետերբուրգում կայանալիք հանդիպումից
առաջ ձեր կատարած հայտարարությունները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս:
Դրանցում արտահայտված մտքերը վերջնականապես համոզում են մեզ, որ տարիներ շարունակ
բանակցությունները ընթանում են սխալ, առնվազն հայ ժողովրդի համար բացարձակապես
անընդունելի ուղղությամբ:
Մասնավորապես, հայ ժողովուրդը, երկարաժամկետ
անվտանգության նկատառումներից ելնելով
, երբեք չի կարող ընդունել ձեր որեւէ
առաջարկություն, որը ենթադրում է, որ Լեռնային Ղարաբաղը մնացած Հայաստանի հետ պետք
է կապվի միայն մի նեղ միջանցքով: Հայ ժողովուրդը նաեւ չի կարող երբեւէ ընդունել, որ
ռազմավարական նշանակություն ունեցող նախկին Աղդամի շրջանը եւ հատկապես Արաքսի ափը՝
Ղարաբաղի հատվածում հանձնվեն Ադրբեջանին: Առավել եւս, որ բոլոր այդ շրջանները մեր
հայրենիքի անբաժան մասն են եւ չեն կարող օտարվել
», ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի
համանախագահներին ուղղված բողոք-հուշագրում:

Վարչապետ Սերժ Սարգսյանին եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանին ուղղված
բողոք-հուշագրում
գրված է. «Հայ-ադրբեջանական շփման գծում 13 տարի խաղաղություն է
եւ խաղաղապահները երբեք չեն կարող փոխարինել անվտանգության իրական երաշխիքներին:
Լեռնային Ղարաբաղի ներկայիս սահմանները բավականին ապահով են եւ անվտանգության շատ
ավելի հուսալի ու տեւական երաշխիք են: Խաղաղապահների իրական նպատակը Ադրբեջանի կողմից
Արցախի գրավումը նախապատրաստելն է: Ո՛չ խաղապահներին
: Ադրբեջանի կողմից Լեռնային
Ղարաբաղի անկախությունը ճանաչելու համար որեւէ նոր հանրաքվեի անհրաժեշտություն չկա,
այն էլ՝ 15 տարի հետո: Բավարար է ճանաչել 15 տարի առաջվա իրողությունները: Հեռու
ապագայում հանրաքվեի անցկացումը բոլորովին էլ կարգավիճակի ճանաչում չէ:
Առավել եւս,
որ դրա նախապայմանը տարածքների հանձնումն է, որից հետո Արցախը արդեն կարող է վաղուց
հայաթափված լինել: Ուստի, պահանջում ենք պաշտոնապես բացահայտել բանակցությունների
ընթացքում արդեն համաձայնեցված եւ դեռեւս վիճարկելի կետերի ամբողջ բովանդակությունը
եւ դադարեցնել հայ ժողովրդին մոլորեցնելու փորձերը
»:

Իսկ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակման վերաբերյալ վարչապետ Սերժ Սարգսյանին ուղղված
նամակում ասված է, որ «Արդեն 6 ամիս է, ինչ անհեթեթ մեղադրանքներով կալանավորված են
«Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող
Ժիրայր Սէ‎ֆիլյանը եւ նրա զինակից Վարդան Մալխասյանը: Նախաքննությունն արդեն
ավարտված է եւ բոլորի համար ակնհայտ է, որ նրանք անմեղ են: Եթե այս գործը մտնի
դատարան, ապա դա կլինի Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ամենաամոթալի եւ
առաջին զուտ քաղաքական (քրեական բաղկացուցիչից բոլորովին զուրկ) դատավարությունը:
Այս ամենը հատկապես մտահոգիչ է ազատագրված տարածքները հանձնելու մասին հաճախակի
դարձած խոսակցությունների, ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունների, ՀՀ
պաշտոնյաների համարժեք արձագանքի բացակայության, եւ ընդհակառակը, երկրի նարսում
հանրային կարծիքը մշակման ենթարկելու ամոթալի փորձերի համատեքստում: Իսկ եթե
իրականություն դառնան նաեւ Ժ.Սէ‎ֆիլյանի հավանական արտաքսման մասին
խոսակցությունները, ապա դա ուղղակիորեն կնշանակի, որ ՀՀ իշխանությունները
նախապատրաստվում են արդեն գործնականում տարածքյաին զիջումներ իրականացնել եւ դրանից
առաջ փորձում են վերացնել հնարավոր բոլոր խոչընդոտները:

Խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակում դուք ավելի մեծ
պատասխանատվություն եք կրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների համար:
Ուստի տրամաբանական է Ձեզ ուղղել մեր հետեւյալ պահանջները` անմիջապես ազատ արձակել
Ժիրայր Սէ‎ֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին, Ժիրայր Սէ‎ֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի
դեմ հարուցված քրեական գործը դատարան չուղարկել եւ ապագայում եւս բացառել զուտ
քաղաքական դատավարությունների կազմակերպումը Հայաստանում, երաշխավորել, որ Ժիրայր
Սէ‎ֆիլյանի վերաբերյալ երբեւէ չի կայացվի արտաքսման որոշում, ՀՀ քաղաքացիություն
շնորհել (միջնորդել ՀՀ նախագահի առջեւ) Ժիրայր Սէ‎ֆիլյանին: