ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ամենաշատ բողոքում են իրավապահ մարմիններից
Ըստ 2006 թվականի փետրվարից մինչեւ տարեվերջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիքումների, Հայաստանում մարդու իրավունքների խախտման առաջատարներն են ՀՀ դատարանները` 159 դիմում, Երեւանի քաղաքապետարանը` 120 դիմում եւ ՀՀ ոստիկանությունը` 114 դիմում: Սա նշված ժամանակահատվածում օմբուդսմենի ստացած բոլոր 2687 դիմումների մոտ 20 տոկոսն է: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը վերլուծել է դիմումները եւ ստացել հետեւյալ պատկերը:
«Ոստիկանության դեմ ուղղված բողոքները հիմնականում վերաբերել են՝ դիմումատուին ոստիկանություն անհիմն բերման ենթարկելուն, ապօրինի պահմանը, հանցագործության մասին հաղորդմամբ քրեական գործ չհարուցելուն, հարուցված քրեական գործերով հանցագործության բացահայտման ուղղությամբ ակտիվ գործողություններ չձեռնարկելուն կամ որպես մեղադրյալ ներգրավված լինելու դեպքում՝ մեղադրանքի անհիմն լինելուն և նման այլ հանգամանքներին:
Այդ շարքի բողոքների համար բնութագրական է այն, որ դիմումատուները հիմնականում դժգոհում են ոստիկանության այնպիսի գործողություններից, որոնց օրինականության ստուգումը դատախազական մարմինների իրավասությունն է: Քիչ չեն դեպքերը, երբ չեն պահպանվում հանցագործության մասին ստացված հաղորդման կապակցությամբ որոշում կայացնելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով սահմանված ժամկետները: Ըստ նշված հոդվածի` նման հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում՝ դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում:
Ցանկացած քրեական գործով կարելի է հանդիպել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով նախատեսված ժամկետների խախտման, ինչը սակայն հետագայում անտեսում է նախաքննություն իրականացնող մարմինը, ապա նաև դատարանն իր վարույթում եղած քրեական գործերով»:
«Դատախազության մարմինների դեմ բողոքները հիմնականում վերաբերել են հանցագործության վերաբերյալ տրված հաղորդումներին ընթացք չտալուն, նյութերով քրեական գործի հարուցումը մերժելուն, քրեական գործը կարճելուն, մեղադրանքի անհիմն լինելուն, խափանման միջոցը կալանք ընտրելուն: Զգալի թիվ են կազմում բողոքները՝ կապված խափանման միջոցը կալանք ընտրելու հետ: Չի հաղթահարվել այն պրակտիկան, երբ խափանման միջոցը կալանք է ընտրվում նաև այնպիսի մեղադրյալների նկատմամբ, որոնց ազատ մնալը ոչնչով չի կարող անդրադառնալ գործի քննության վրա, երբ ակնհայտ է, որ տվյալ անձը չի խուսափի քննությունից կամ դատից, չի կարող և չի ներազդի վկաների, տուժողների վրա, երբ նաև ընտանիքի միակ կերակրողն է:
Թեև այդ հարցում դատարանների մոտեցումներում նախորդ տարիների համեմատ որոշակի դրական տեղաշարժ նկատելի է, և դատարանները հաճախակի են մերժում խափանման միջոցը կալանք ընտրելու մասին քրեական հետապնդման մարմինների միջնորդությունները, այնուամենայնիվ այդ դրական տեղաշարժը, հատկապես քրեական հետապնդման մարմինների մոտեցումներում, դեռևս բավարար համարվել չի կարող»:
«Դատարանների դեմ 2006 թվականի ընթացքում ստացվել է 159 բողոք: Դրանք դժգոհություններ են դատարանների վճիռներից, դատավճիռներից և որոշումներից: Թեև բնական կարելի է համարել դատապարտյալի դժգոհությունը մեղադրական դատավճռից, քաղաքացիական գործով կողմի դժգոհությունն ի վնաս իրեն կայացված վճռից, այնուամենայնիվ բողոքների նման քանակը հիմք է տալիս եզրահանգելու, որ բնակչության վստահությունը դատարանների նկատմամբ հեռու է բավարար լինելուց»:
