ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Սբ. Խաչ եկեղեցու վերանորոգման ու վերաբացման փաստն, անկասկած, դրական երեւույթ է»
Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր
Կարապետյանի կարծիքով, Թուրքական իշխանությունների կողմից Ախթամար կղզում գտնվող Սբ.
Խաչ եկեղեցու վերանորոգման ու վերաբացման փաստն, անկասկած, դրական երեւույթ է, քանի
որ խոսքը վերաբերում է հայ միջնադարյան ամենահայտնի պատմամշակութային կոթողներից
մեկի վերածննդին, որը 1915 թ-ից հետո լքված եւ անբարվոք վիճակում էր:
Դրական գնահատելով Թուրքիայի կառավարության քայլը, Հայաստանի արտգործնախարարության
մամուլի քարտուղարի պաշտոնակատարը հարկ է համարում նշել, որ Սբ. Խաչ եկեղեցու
վերանորոգման եւ բացման խնդրում թուրքական իշխանությունները եւ լրատվամիջոցները չեն
շեշտում դրա պատմամշակութային արժեքը, որեւէ հիշատակություն չի արվում դրա հայկական
եւ առաքելական պատկանելության մասին։
«Այս փաստը քարոզչական նպատակով շահարկվելով` բացառիկ ինտենսիվությամբ օգտագործվում
է միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը
կանխելու նպատակով: Սա թուրքական կառավարության կողմից պատասխանատվության շրջանցում
է ոչ միայն պատմությունից եւ հիշողությունից, այլեւ սեփական երկրի հայ
փոքրամասնությունից։ Անդրադառնալով խնդրի պատմական կողմին՝ անհնար է չնշել, որ Սբ.
Խաչ եկեղեցին Թուրքիայի տարածքում գտնվող հայ ճարտարապետական բազմաթիվ կոթողներից
մեկն է միայն: Այնպիսի հայտնի հուշարձաններ, ինչպիսիք են Անիի տասնյակ եկեղեցիները,
Տեկորի եկեղեցին, Մշո Սբ. Կարապետ վանքը, Բագարանի Սբ. Հովհաննես տաճարը եւ
հազարավոր ուրիշներ հիմնովին ոչնչացվել են կամ շարունակվում են ոչնչացվել: Այս
բոլոր պատմական հուշարձանները ոչնչացվել են անտարբերության եւ հայերին պատկանելու
հանգամանքից ելնելով, սակայն, երբ Թուրքիայում խոսվում է «անատոլիական մշակույթի»
մասին, անհնար է պատկերացնել այդ մշակույթն առանց իր բաղկացուցիչ մաս հանդիսացող
հայկական բաղադրիչի», ասում է Վլադիմիր Կարապետյանը:
Նրա խոսքով, Հայաստանը գնահատում է Թուրքիայի նախաձեռնությունը՝ վերանորոգելու
հայկական պատմամշակութային հայտնի արժեքներից մեկը` հույս հայտնելով, որ դա չի մնա
որպես եզակի օրինակ: Դրական գնահատելով Սբ. Խաչ եկեղեցու բացման արարողությանը ՀՀ
մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարության պաշտոնական
պատվիրակության մասնակցությունը, Վլադիմիր Կարապետյանը միեւնույն ժամանակ ափսոսանք
է հայտնում հայ-թրքական սահմանի փակ լինելու կապակցությամբ, «ինչ հետեւանքով Սբ.
Խաչ եկեղեցու բացման արարողությանը չեն կարող մասնակցել Հայաստանի բազմաթիվ
հայորդիներ, որոնց մի մասի նախահայրերն են կառուցել այդ եկեղեցին»։
«Հայկական կողմն, իսկապես, կցանկանար թուրքական իշխանությունների այս
նախաձեռնությունը գնահատել որպես հայ եւ թուրք ժողովուրդների հաշտեցմանն ու
մերձեցմանն ուղղված իրական քայլ: Սակայն շատ դժվար է դա անել, երբ թուրքական
իշխանությունների կողմից չկա այդ հուշարձանի պատմամշակութային, այն ստեղծած
ժողովրդի եւ քաղաքակրթության իրական գնահատականն ու ըմբռնումը, երբ անգամ Անկարայի
«Անատոլիական քաղաքակրթությունների» թանգարանում շատ դժվարությամբ կարող ես գտնել
հայ եւ հայկական բառերը: Ախթամարի վերակառուցումը ինչքան կարեւոր է մեր, նույնքան
էլ` թուրք հասարակության համար: Մի ամբողջ ժողովրդի պատմական ներկայության,
ինքնության եւ մշակույթի, քաղաքակրթական նման հզոր շերտի մերժումն այսօր անհարիր է
մի երկրի ու ժողովրդի համար, որն ինքն է այսօր հավակնություններ ցուցաբերում մաս
կազմել այսօրվա քաղաքակրթական արժեքային համակարգի», ասում է Վլադիմիր Կարապետյանը:
Վերջում Վլադիմիր Կարապետյանը նշում է, որ Հայաստանը եւ հայերը ցանկանում են
առարկայական, լուրջ երկխոսություն սկսել Թուրքիայի հետ` ցավոտ անցյալի եւ
հարեւանների հետ միասնական ապագայի վերաբերյալ։ «Մենք չենք ցանկանում ներքաշվել
ժեստերի ավարտ չունեցող մի խաղի մեջ, որը ոչ թե իրական հաշտեցման, այլ քարոզչական
նպատակ է հետապնդում եւ միջազգային հանրության ուշադրությունը շեղում է իրական
խնդիրներից։ Հայաստանը կոչ է անում միջազգային հանրությանը հորդորել Թուրքիային
բացել սահմանները եւ հաստատել նորմալ հարաբերություններ։
Հայկական կողմը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման իրական
առաջընթաց կարող է հանդիսանալ, նախեւառաջ, 1993թ. ի վեր փակված սահմանի վերաբացումը»,
իր մեկնաբանությունն ավարտում է Վլադիմիր Կարապետյանը:
