ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում, ինչպես աշխարհում
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը Հայաստանում, Համաշխարհային հարցերի Չիկագոյի խորհրդի պատվերով իրականացրել է հարցում, որը վերաբերում է գլոբալ քաղաքականության խնդիրներին: Հարցումն իրականցվել է 17 այլ երկրում, որոնց թվում ԱՊՀ-ից, Հայաստանից բացի, ներկայացված են միայն Ռուսաստանն ու Ուկրաինան: Մարտի 14-ին հրապարակվել են հարցերի առաջին խմբի տվյալները, որոնք վերաբերել են համաշխարհային կլիմայի փոփոխությանն ու այդ խնդրի հաղթահարմանն ուղղված քայլերին:
Մեր երկրում ՌԱՀՀԿ իրականացրած հարցման արդյունքը վկայում է, որը խնդրի առնչությամբ հայաստանցիների տեսակետը ընդհանուր առմամբ համահունչ է Չիկագոյի խորհրդի նախաձեռնած հարցման մասնակից մյուս երկրների քաղաքացիների արտահայտած տեսակետներին: Հարցված հայաստանցիների 69 տոկոսը ինչ որ բան պետք է արվի համաշխարհային ջերմացման դեմ: Բայց կարծիքները տարբեր են ակնկալվող ծախսերի վերաբերյալ: 37 տոկոսի կարծիքով կլիմայի փոփոխությունը լուրջ եւ հրատապ խնդիր է, որը շուտափույթ պահանջում է քայլեր, եթե նույնիսկ դրանք լինելու են շատ ծախսատար: Փոխարենը, հարցվածների 32 տոկոսի կարծիքով խնդիրը այնքան էլ հրատապ չէ եւ հնարավոր է այն լուծել քիչ ծախսերի միջոցով: 19 տոկոս հարցվածներ կարծում են, որ խնդիրը լուծելու համար ծախս պետք է անել միայն այն դեպքում, երբ այլեւս աներկբա լինի, որ այն իսկապես հրատապ է: Հայաստանում հարցվածների 3/4 կարծում է, որ կլիմայի փոփոխությունը սպառնում է իրենց կենսական շահերին: Նրանցից 47 տոկոսը սպառնալիքը համարում է կրիտիկական: հարցված հայաստանցիների մեծամասնության` 67 տոկոսի կարծիքով, զարգացած երկրները պետք է օգնեն նվազ զարգացած երկրներին կլիմայի փոփոխության դեմ պայքարի հարցում: Հայաստանցիների87 տոկոսը կարծում է, որ համաշխարհային միջավայրի բարելավումը պետք է լինի մեր երկրի արտաքին քաղաքականության նպատակ, իսկ 54 տոկոսը կարծում է, որ այդ հարցը պետք է լինի արտաքին քաղաքականության «շատ կարեւոր նպատակ»:
Հարցումն իրականացրած ՌԱՀՀԿ փորձագետները նշում են, որ մի փոքր զարմացած էին, որ մեր հանրությունն այդքան շատ է հետաքրքրվածհամաշխարհային կլիմայական խնդրով: Միեւնույն ժամանակ,բնապահպան Կարինե Դանիելյանը նշում է, որ ինքը զարմացած է, որ հանրությունը այդքան էլ շատ չի հետաքրքրված համաշխարհային միջավայրի խնդրով, ելնելով այն բանից, որ հարցվածների միայն 47 տոկոսն է սպառնալիքը համարում կրիտիկական: Կարինե Դանիելյանը ասում է, որ տարբեր կազմակերպությունների հաշվարկով Հայաստանի հողերի 80 տոկոսից ավելին ենթակա է անապատացման, ինչը համաշխարհային կլիմայի փոփոխության հետեւանք է եւ հայաստանցիները պետք է որ ավելի շատ մտահոգ լինեին այդ խնդրով: Բնապահպանը նաեւ նշել է, որ խնդիրն արտաքին քաղաքականության տիրույթում շոշափելը անշուշտ կարեւոր է, բայց մինչ այդ պետք է տեսնել, թե արդյոք ներքին քաղաքականության առումով Հայաստանի իշխանությունը մտահոգ է շրջակա միջավայրի խնդրով: Կարինե Դանիելյանն ասում է, որ ոչ, քանի որ Հայաստանի իշխանությունն իրականում երկրի ներսում անում է լրիվ հակառակը, ինչ նշված է մեր երկրի ստորագրած բնապահպանական բոլոր միջազգային համաձայնագրերի կետերում:
