ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ռոյալ Արմենիայի հույսը դատարանն է
Սուրճի ներկրմամբ զբաղվող Ռոյալ Արմենիա ընկերություն-ՀՀ մաքսային պետական կոմիտե «հակամարտության» արդյունքում ընկերության ղեկավարներ Գագիկ Հակոբյանի եւ Արամ Ղազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի հինգ հոդվածներով` 178, 325, 215, 190, 205, քրեական գործ հարուցվեց: Հենց սկզբից ընկերության ներկայացուցիչները հայտարարեցին, որ գործը սարքովի է: Գագիկ Հակոբյանն ու Արամ Ղազարյանն արդեն 16 ամիս է, ինչ կալանքի տակ են: Արդեն չորս ամիս է, ինչ գործի քննությունն ավարտվել է եւ ուղարկվել դատարան, սակայն գործի դատական քննությունը դեռ չի սկսվում: Սկսվելու է փետրվարի 15-ին: Այս ընթացքում ընկերության ազատության մեջ գտնվող ներկայացուցիչները երեք անգամ ասուլիս հրավիրեցին եւ բազմաթիվ անգամներ կրկնեցին, որ գործը սարքովի է: Փետրվարի 13-ին Ռոյալ-Արմենիա ընկերության տնօրեն Տոնի Էլ Լաբակին, իրավաբան Գեւորգ Մինասյանը, կալանվածների շահերի պաշտպան Աշոտ Սարգսյանը չորրորդ ասուլիսն էին հրավիրել: Նրանց էր միացել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանը:
Գործը սարքովի է, կեղծիքներով լի, մնեղադրանքը չի համապատասխանում գործում եղած նյութերին, արձանագրեց Թաթուլ Մանասերյանը: Աշոտ Սարգյանն էլ հավելեց, որ գործը պատվեր է, Ազգային անվտանգության ծառայության քննիչ Մնացական Մարուքյանն էլ «պատվերն ընդունել է, ուղեղն անջատվել է»: Գեւորգ Մինասյանի կարծիքով, գործը քննած անձիք բանդիտներ են: Հնչած մյուս գնահատականները այս տրամաբանության մեջ էին: Բանախոսների կարծիքով, Ռոյալ Արմենիայի դեմ «տեռոր է սանձազերծվել», որովհետեւ այս ընկերության ներկայացուցիչ Գագիկ Հակոբյանն է առաջինը հայտարարել, որ մաքսայինում կաշառք են ուզում, ինքը հրաժարվել է կաշառք տալ եւ տվել է մաքսային կոմիտեի պետի տեղակալ Գագիկ Խաչատրյանի անունը: Մաքսային համակարգում կոռուպցիայի եւ դրանում Գագիկ Խաչատրյանի մեծ լումայի մասին վերջերս խոսեց նաեւ ԱԺ գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Ըստ Ռոյալ Արմենիա ընկերությանը հասած տեղեկությունների` Գագիկ Խաչատրյանը բիզնես հետաքրքրություն ունի սուրճ ներմուծող այլ ընկերության մեջ: Հենց այս տեղեկությունն էլ հիմք է դարձել, որ Ռոյալ Արմենիայում եզրակացնեն. «Տեռորը սանձազերծվել է Ռոյալ Արմենիային շուկայից դուրս մղելու համար ու նաեւ նրանց (կալանավորվածներին-խմբ.) ֆիզիկական ոչնչացման համար»:
Ռոյալ Արմենիա ընկերությունում կարծում են, որ գործն այնքան արագ են փորձել տեսքի բերել, որ անհեթեթ իրավիճակներ են ստեղծվել: Ասենք, փաստաթղթերով երեւում է, որ որոշակի ժամանակահատվածում Ռոյալ Արմենիան ներմուծել է ընդամենը 5 միլիոն դրամի ապրանք, սակայն մեղադրվում է 140 միլիոն դրամի մաքսանենգ ապրանք ներմուծելու համար: Կամ միայն քննիչի օգնությամբ է պարզվում, որ Ռոյալ Արմենիան գործընկեր ամերիկյան ՖԻԳ ընկերությանը պարտք է նախ 164 հազար, հետո 380 հազար, հետո 1 միլիոն, վերջում էլ 2 միլիոն դոլար: «ԱՄՆ հարկային ռեժիմը ամենախիստն է եւ այնտեղ կերեւար այդ 2 միլիոնը, բայց չկա: Եվ հետո, դա ինչ ընկերություն է, որի հաշվեկշռում երկու միլիոն դոլարի պակասորդ կա, բայց չի երեւում», զարմանում են Աշոտ Սարգսյանն ու Թաթուլ Մանասերյանը: Աշոտ Սարգսյանը տեղեկացրեց նաեւ, որ նախաքննության փուլում գործի շատ նյութեր իրենց հասանելի չէին, իսկ երբ պաշտպանական կողմը գործի այս կամ այն անհեթեթ դրվագի վերաբերյալ միջնորդություն էր ներկայացնում, տուժող կողմը` Վաչե Բեդրոսյանը լրացուցիչ ցուցմունք էր տալիս եւ փորձում հարթել անհեթեթությունը, ինչը ոչ միշտ է ստացվել: Սկզբում Ռոյալ Արմենիայից տուժող է եղել Վաչե Բեդրոսյանը, սակայն հետո տուժող է դարձել ՖԻԳ ընկերությունը: Մինչդեռ, Վաչե Բեդրոսյանը ՖԻԳ-ի հետ կապ չունի, այնտեղ աշխատում են նրա որդին եւ կինը: Ռոյալ Արմենիայի ներկայացուցիչները հայտարարեցին, որ Վաչե Բեդրոսյանը «օգտագործված է եւ նրա վիճակը ծանր է լինելու` անկախ մեր ընկերների գործը ինչպես կավարտվի եւ անկախ նրանից, թե այս երկրի ազգային անվտանգությունը նրան ինչքան սատար կանգնի»: Վաչե Բեդրոսյանի տված ապրանքագրերի վրա են հենված մեղադրանքները, սակայն ոչ մի բնօրինակ չկա, բոլորը պատճեններ են:
Կամ Գագիկ Հակոբյանին եւ Արամ Ղազարյանին առաջադրվել են փաստաթղթերը` ապրանքագրերը կեղծելու մեղադրանք, այն դեպքում, երբ ապրանքը մաքսազերծելու համար ապրանքագիրը անհրաժեշտ չէ, էլ ինչ իմաստ ունի կեղծել: Կամ ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելու մեղադրանք է առաջադրվել, ենթադրյալ հանցագործությունը տեղի է ունեցել 2001 թվականին: Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելը Հայաստանում սկսվել է պատժվել 2003 թվականից, իսկ համաձայն ՀՀ Սահմանադրության` պատիժ սահմանող օրենքները հետադարձ ուժ չունեն: Ռոյալ Արմենիան հույս ունի, որ գոնե դատարանում անհեթեթությունները կբացահայտվեն:
Ընկերության ներկայացուցիչները հայտարարեցին նաեւ, որ մաքսային առանձակի ուշադրությունը Ռոյալ Արմենիայի նկատմամբ շարունակվում է. եթե սուրճ ներմուծող այլ ընկերություններ մեկ կգ-ի համար 1.1 դոլար մաքսատուրք են վճարում, Ռոյալ Արմենիան վճարում է 1.8 դոլար:
Բանախոսները հայտարարեցին նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանին այս գործի մասին տեղեկացրել են, բայց ոչ թե իրական պատկերն են ներկայացրել, այլ ուրիշ բան:
