ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեղադրում է Հայաստանի իշխանություններին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հինգշաբթի օրը հրապարակեց Հայաստանից
ներկայացված հայցով իր առաջին վճիռը, ըստ որի Հայաստանում խախտվել է հայցվորի`
Արմեն Մկրտչյանի, խաղաղ հավաքներ անցկացնելու ազատության իրավունքը:
Հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարան էր ներկայացրել 2002 թվականի մայիսին
Երեւանում բողոքի ցույցից հետո վարչական տույժի ենթարկված ընդդիմադիր «Հանրապետություն»
կուսակցության քաղխորհրդի նախկին անդամ, այժմ «Ազգային վերածնունդ» կուսակցության
անդամ Արմեն Մկրտչյանը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «միաձայն որոշել է, որ խախտվել է Մարդու
իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածը, համաձայն որի յուրաքանչյուր ոք
ունի խաղաղ հավաքների ազատության իրավունք»:
2002 թվականի մայիսի 14-ին «Հանրապետություն» կուսակցությունը եւ մի շարք այլ
քաղաքական ուժեր Երեւանի Ազատության հրապարակում արտոնված ցույց էին կազմակերպել:
Նույն օրը երեկոյան «Հանրապետություն» կուսակցության երիտասարդական թեւի մի քանի
անդամներ ձերբակալվել էին, եւ նրանց ազատ արձակելու նպատակով Արմեն Մկրտչյանը,
որպես կազմակերպիչ, գնացել էր Արաբկիրի ոստիկանական բաժանմունք եւ նույնպես
ձերբակալվել էր: Այնուհետեւ չարտոնված երթի մասնակցելու մեղադրանքով առաջին ատյանի
դատարանը Մկրտչյանին վարչական տույժի էր ենթարկել` տուգանելով 500 դրամի չափով:
Վերաքննիչ դատարանը առաջին ատյանի որոշումն անփոփոխ էր թողել, իսկ Վճռաբեկն
ընդհանրապես հրաժարվել էր գործը քննել, ինչից հետո ընդդիմադիր կուսակցության
ղեկավար անդամը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Եվրոպական դատարանը իր որոշման մեջ նշում է, որ դատարանի կողմից Մարդու
իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտման ճանաչումը «իր մեջ արդեն
պարունակում է բավարար արդար հատուցում դիմողին հասցված ոչ նյութական վնասի դիմաց»:
Արմեն Մկրտչյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին,
թե արդյոք դատարանի վճիռը ենթադրում է նաեւ նյութական կամ բարոյական վնասի
փոխհատուցում, պատասխանեց. - «Մենք չենք ներկայացրել որեւէ նյութական փոխհատուցման
պահանջ` միայն բարոյական վնասի փոխհատուցման պահանջ: Եվրոպական դատարանը գտել է, որ
ինքնին այդ դատավճիռը բարոյական վնասի համարժեք հատուցում է»:
Փաստաբանի խոսքերով, պետությունը պետք է իր վրա պարտականություն վերցնի վերացնել
թույլ տված խախտումները: «Այսինքն», - պարզաբանեց նա, - «պետք է վերացվեն այն
որոշումները, որոնցով այդ ժամանակահատվածում վարչական պատասխանատվության էին
ենթարկվել այլ անձինք: Նրանք իրավունք ունեն դիմել Վճռաբեկ դատարան եւ վերացնել
իրենց նկատմամբ կայացված այդ որոշումները»:
Հայաստանի կառավարությունը, ի պատասխան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի
հարցման, պնդել է, որ ցույցերի եւ փողոցային երթերի կազմակերպման եւ անցկացման
կարգը սահմանված է եղել օրենքով, որն ընդունվել է 1988-ին եւ իր ուժը պահպանել 1995
թվականի Սահմանադրության ընդունումից հետո: Այս մասով Եվրոպական դատարանը նշում է,
որ չի եղել որեւէ իրավական մեխանիզմ, որ կնշեր, թե արդյոք փլուզված Խորհրդային
Միության օրենքները գործո՞ւմ են Հայաստանի Հանրապետության տարածքում: Եվրոպական
դատարանը միաժամանակ նշում է, որ Հայաստանի կառավությունը չի կարողացել Եվրոպական
դատարանին ներկայացնել դատական որեւէ որոշում, որը կհստակեցներ այդ հարցը կամ
կպարունակեր հղում նախկին խորհրդային օրենսդրությանը. - «Տեղի դատարանները
չկարողացան նաեւ ներկայացնել որեւէ իրավական ակտ, որը սահմանում է այն կանոնները,
որոնք հայցվորը խախտել էր»:
Դատարանը նաեւ նշում է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանում չի եղել
համապատասխան որեւէ օրենսդրական ակտ, որ սահմաներ ցույցերի եւ երթերի անցկացման
կարգը. այդ օրենքը ընդունվել է միայն 2004 թվականի ապրիլին. - «Դատարանը ընդունում
է, որ երկրին, իհարկե, որոշակի ժամանակ էր պահանջվում օրենսդրական դաշտը
ձեւավորելու համար, բայց նաեւ արդարացված չի համարում ավելի քան 13 տարի օրենքի
ընդունման ձգձգումը»:
Ինքը՝ Արմեն Մկրտչյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ լիովին բավարարված է
դատարանի որոշմամբ:
«Դիմումիս հիմնական նպատակը հետեւյալն էր. այսօրվա դատավորներին, իշխանություններին
ցույց տալ, որ եթե մտել եք Եվրախորհուրդ, իմացեք, որ դա պարտավորություն է, այստեղ
ձեր գործերը կարգավորեք: Կարծես ես ճանապարհը բացեցի, եւ դա զգոնություն տվեց մեր
իշխանավորներին` արդարադատության նախարարությանը, կառավարությանը, որ իրենք արդեն
միջոցներ ձեռնարկեն»:
Ռուզաննա Ստեփանյան
