ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ստեղծվել է Սեֆիլյանի եւ Մալխասյանի ձերբակալության պատճառները հետաքննող պատգամավորական խումբ
Ստեղծվել է Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի ձերբակալության իրական
պատճառները հետաքննող պատգամավորական խումբ:
Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանը եւ Հայաստանի քաղաքացի Վարդան Մալխասյանը
ձերբակալվել էին դեկտեմբերի 10-ին, նրանց դեմ հարուցված է քրեական գործ Քրեական
օրենսգրքի 301 հոդվածի («ՀՀ Սահմանադրական կարգը բռնության փոփոխելուն ուղղված
հրապարակային կոչեր») հատկանիշներով:
Ինչպես իրենց տարածած հայտարարությունում նշում են պատգամավորները, խմբի նպատակն է
բազմակողմանիորեն ուսումնասիրել խնդիրը, պարզաբանումներ ստանալ համապատասխան
մարմիններից, բացահայտել ձերբակալությունների իրական պատճառները եւ ներկայացնել
դրանք հանրությանը:
«Հայ կամավորականների համախմբման» հավաքում իրենց արտասանած ելույթների համար
ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի ձերբակալությունը ծնում է բազմաթիվ
հարցականներ», - ասված է հայտարարությունում: - «Հատուկ մտահոգության պատճառ են
հանդիսանում Ազգային անվտանգության ծառայության մեկնաբանությունները եւ
ձեւակերպումները, որոնցով փորձ է արվում իշխող վարչակարգի դեմ հնչած
արտահայտությունները ներկայացնել որպես սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու
կոչեր»:
Հայտարարությունը ստորագրած Մանուկ Գասպարյանը, Արամ Գ. Սարգսյանը, Գրիգոր
Հարությունյանը, Ստեփան Զաքարյանը, Հմայակ Հովհաննիսյանը եւ Էդմունդ Ծատուրյանը
գտնում են, որ Սեֆիլյանի եւ Մալխասյանի ձերբակալությունը վերածվում է ազգային
անվտանգության հարցի՝ «հաշվի առնելով նրանց քաղաքացիական դիրքորոշումները
առաջնահերթ կարեւորություն ներկայացնող արտաքին եւ ներքին քաղաքական խնդիրների
վերաբերյալ` նախընտրական շրջանում, ինչպես նաեւ Ղարաբաղյան կարգավորման
համատեքստում»:
