ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վաճառում են հոգին. իրավապահներից պահանջում են ակտիվացնել պայքարը թրաֆիքինգի դեմ
Ամեն ուրբաթ Վանաձորից 40 կին ավտոբուսով գնում է Թուրքիա: Նրանց կեսը չի
վերադառնում:
Կանանց մի մասն այնտեղ ենթարկվում է թրաֆիքինգի` վկայում է Աուդիո-վիզուալ
լրագրողների ասոցիացիայի նախագահ Արզուման Հարությունյանը, որը «Հակաթրաֆիքինգային
տեղեկատվական քարոզարշավ» ծրագրի շրջանակներում հատուկ կայքէջի և տեղեկատվության
միջոցով փորձում է բարձրացնել բնակչության իրազեկությունն այս ոլորտում: (Տե’ս
http://www.antitrafficking.info :)
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության
երկրորդ բաժնի պետ Ստեփան Վարդանյանցը նշում է, որ Թուրքիայում թաքցնում են
թրաֆիքինգի ենթարկվող հայերի թիվը` քաղաքական նկատառումներից ելնելով:
Վերջին տարիներին կատարված վերլուծությունները ցույց են տալիս, որ սեռական
շահագործման նպատակով Հայաստանից կանանց հիմնականում տանում են Թուրքիա և Արաբական
Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ), իսկ աշխատանքային շահագործումը հիմնականում տեղի է
ունենում Ռուսաստանում:
ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանության տվյալներով` այդ երկրում ներկայումս սեռական
շահագործման են ենթարկվում մի քանի տասնյակ կանայք, ինչն իրական թվից անհամեմատ
փոքր է:
Դժվար սոցիալական վիճակում հայտնված կանանց համար շատ հաճախ որպես խայծ են ծառայում
«լավ վարձատրվող» աշխատանքի խոստումները: Թրաֆիքինգի դեմ պայքարի պետական ու անկախ
ներկայացուցիչները խուսափում են Հայաստանում թրաֆիքինգի հետ կապված ստույգ թվեր
ներկայացնելուց` սահմանափակվելով միայն դատական գործերի թվով:
Ըստ վիճակագրության` 2006 թ. առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանում մարդկանց
սեռական ու աշխատանքային շահագործման առնչությամբ 33 քրեական գործ է հարուցվել,
որոնցից 9-ը` քրեական օրենսգրքի նոր` 132-րդ հոդվածով, որը մարդկանց շահագործման
համար նախատեսում է 4-6 տարի ազատազրկում:
Այս հոդվածը թրաֆիքինգի դեմ պայքարում վերջին մի քանի տարիներին ազգային ծրագրի
շրջանակներում Հայաստանում իրականացված քայլերից մեկն է` բնակչության իրազեկության,
ՀՀ օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացների
շարքում:
Այս հոդվածը, թրաֆիքինգի նվազմանն ուղղված դրամաշնորհներն ու ծրագրերը զգալի չափով
2002 թվականին ԱՄՆ պետդեպարտամենտի` Կոնգրեսին ներկայացրած «Թրաֆիքինգի վիճակն
աշխարհում» հաշվետվություն-զեկույցի հետևանք են:
Ըստ այդ զեկույցի` Հայաստանն ընդգրկված էր երրորդ կարգի երկրների շարքում, ինչը
նշանակում էր, որ երկրում թրաֆիքինգը չի արժանանաում կառավարության բավարար
ուշադրությանը, իսկ ոլորտը չի վերահսկվում:
«Կառավարությունը լրջորեն չի հետաքննել թրաֆիքինգին պետական պաշտոնյաների
մեղսակցության մասին շարունակական ու հնչեղություն ստացած մեղադրանքները ու չի
իրականացրել քրեական հետապնդում»,- նշված էր ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում: - ՀՀ
հատկապես դատական համակարգի պաշտոնյաների շրջանում շարունակում է խնդրահարույց մնալ
զոհերի նկատմամբ մեղադրական և աննրբանկատ վերաբերմունքը»:
Այդ հաշվետվությանն ի պատասխան` ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվեց միջգերատեսչական
հանձնաժողով, որի նպատակը թրաֆիքինգի խնդիրների ուսումնասիրությունն ու դրանց
լուծմանն ուղղված առաջարկություններ անելն է:
«Աշխարհում չկա մի երկիր, որը կարողանա պարծենալ, թե ամբողջությամբ լուծել է
թրաֆիքինգի խնդիրը: Սակայն ԱՄՆ կառավարությանը մտահոգում է պայքարի վիճակը
Հայաստանում, քանի որ Հայաստանը գտնվում է երկրորդ մակարդակի երկրների մեր
ցուցակում ու կանգնած է երրորդ կարգի երկրներին միանալու վտանգի առջև»,- հայտարարեց
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Ջուլի Ֆինլին Երևանում թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային
ռազմավարության ու գործողությունների ազգային ծրագրի քննարկման ժամանակ:
Սակայն Թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի անդամները պնդում են,
որ ծրագիրը կնպաստի ոլորտի «վերահսկմանը»:
Ըստ մասնագետների` ծրագրի շրջանակներում շարունակական աշխատանքներ կտարվեն այս
խնդրի շուրջ հասարակության իրազեկության բարձրացման ուղղությամբ:
Թրաֆիքինգի դեմ պայքարում ընդգրկված կառույցների մասնագետները վերապատրաստվելու
հնարավորություն կստանան: Նախատեսվում է նաև բարելավել միգրացիոն քաղաքականությունը
և զարգացնել այս ոլորտի օրենսդրությունը:
«Հայաստանը թրաֆիքինգի դեմ պայքարի առումով տարածաշրջանում առաջատար դիրքերում է,
քանի որ հարևան Վրաստանում և Ադրբեջանում անգամ օրենսդրական բարեփոխումներ չեն
իրականացվել»,- ասում է Թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի
նախագահ Վալերի Մկրտումյանը:
2004-2006 թվականներին Նորվեգիայի և Հոլանդիայի կառավարությունները Հայաստանին են
տրամադրել 650 հազար դոլար դրամաշնորհ`հակաթրաֆիքինգային օրենսդրություն մշակելու և
իրազեկման ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև թեժ գիծ բացելու համար:
Ըստ ոլորտի մասնագետների` 2007-2009 թվականների երկրորդ ծրագրի մշակման և
իրագործման համար անհրաժեշտ կլինի 1 միլիոն դոլար՝ այս ոլորտում փոփոխություններն
առավել ակնհայտ դարձնելու համար:
