Կյանք` առանց ազատության հույսի

Հատուկ ռեպորտաժ` «Նուբարաշեն» բանտից



Հոդվածը պատրաստվել է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR)
համար եւ հոդվածի սեղմ տարբերակը տպագրվել է IWPR-ի Կովկասյան Լրատու-ի Սեպտեմբերի
21-ի համարում:

Ցմա՞հ, թե՞ 10-15 տարվա ազատազրկու՞մ



25-ամյա Ցոլակ Մելքոնյանը 6 տարի առաջ դատապարտվել է մահապատժի զինծառայության
ընթացքում սպանության համար: 2003թ Նախագահի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է
ցմահ ազատազրկմամբ: Ցոլակ Մելքոնյանը դժգոհ է այս փոփոխությունից: «Ցմահ
ազատազրկումը իմ արարքի համար առավելագույն պատիժ է եւ նման դատավճիռ պետք է լիներ
միայն լրացուցիչ դատաքննությունից հետո»,- ասում է Ցոլակը. «Եթե չկա մահապատիժ, ապա
օրենքի փոփոխությամբ ինձ հասնում է 15 տարի: Եթե չվերանայվի իմ դատավճիռը, ես
վերստին հացադուլ կհայտարարեմ»:

Ցոլակը արդեն մի քանի անգամ հացադուլի դիմել է, սակայն որեւէ արդյունքի չի հասել:
Ցոլակը սպանությունից անմիջապես հետո զղջացել է, ու արարքը գիտակցելուց անմիջապես
հետո կրակել է իր իսկ սրտին: Կրակոցը վրիպել է: Նրա կյանքը բժիշկները հազիվ են
փրկել, որից հետո դատարանի վճռով Ցոլակը դատապարտվել է մահապատժի, որը չի
իրագործվել պարզ պատճառով. Հայաստանում 1991թ-ից ի վեր մահապատիժներ չեն իրագործվել:

Բանտում Ցոլակն ամուսնացել է Լյուդա Մարությանի հետ: Լյուդան, մասնագիտությամբ
ակնաբույժ է եւ Ցոլակի հետ ծանոթացել է հենց մեկուսարանում, երբ Ցոլակը տեսողության
հետ կապված բողոքներ է ունեցել: IWPR-ի թղթակիցը Ցոլակին հանդիպեց «Նուբարաշեն»
քրեակատարողական հիմնարկի տեսակցության սրահում, որտեղ նա հանդիպում էր կնոջ եւ
տատի հետ: Մեկուսարանի նոր տնօրինությունը ցմահներին մինչեւ երեք օր տեսակցության
իրավունք է տվել: «19 տարեկանում կատարած արարքի համար, այն էլ, երբ զղջացել ես,
ցմահը շատ դաժան պատիժ է»,- ասում է Ցոլակի կինը:

Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկը գտնվում է Երեւանի ծայրամասերից մեկում:
Լրագրողներն այնտեղ կարող են այցելել միայն Արդարադատության նախարարության
թույլտվությամբ: Մեկուսարանի շենքը երեւում է դեռ հեռվից, բայց եթե չգիտես, թե ինչ
կառույց է՝ չես պատկերացնի, որ բանտ է: Շենքը ցանկապատված չէ, անարգել կարող ես
մոտենալ, սակայն ներս մտնելու համար պետք է անցնես մի քանի դռների միջով:

Հայաստանում ներկայումս 71 ցմահ ազատազրկվածներ կան, որոնցից 55-ը իրենց պատիժը
կրում են «Նուբարաշեն»-ում: Երեւանի ծայրամասերից մեկում գտնվող բանտի հինգերորդ
հարկը առանձնացված է ցմահ դատապարտյալների համար: Ամեն խցում իր պատիժն է կրում 3-4
բանտարկյալ:

1991թ–ից ի վեր Հայաստանում մահապատիժ չի իրագործվել, բայց այն վերացավ միայն
2003թ-ին՝ ԵԽ պահանջով, Հայաստանի` ԵԽ-ին անդամակցելուց երկու տարի անց: 2003թ
օգոստոսի 1-ին ՀՀ նախագահի հրամանագրով 42 մահապարտներ «ներվեցին» ու դատապարտվեցին
ցմահ ազատազրկման: Նրանցից շատերը դժգոհ են այդ որոշումից, համարելով, որ այն
ապագայի հույս չի ներշնչում:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի խոսքերով, ինքը չի ուզում
ներքաշվել մշտական բանավեճի մեջ, թե ո՞րն է ավելի ծանր պատիժ՝ մահապատի՞ժը, թե՞
ցմահ ազատազրկումը: «Բայց տվյալ դեպքում Նախագահի հրամանագրով ներում շնորհելու
դեպքում, պետք է գործեր նախկին ՔՕ-ը, որում հստակ գրված է, որ մահվան
դատապարտվածներին ներում շնորհելու դեպքում նրանք հետագայում դատապարտվում են 15-20
տարով: Տվյալ դեպքում հստակ է, որ ցմահ բանտարկությունն ավելի դաժան պատիժ է, քան
15-20 տարին: Օրենքի խստացումը հետադարձ ուժ չպետք է ունենար»,- ասում է
իրավապաշտպանը:

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն ասում է, որ ինքը 1-2 դիմում է
ցմահ բանտարկյալներից ստացել, բայց, ըստ իրենց ուսումնասիրությունների, որեւէ
խախտում չկա նրանում, որ մահապատիժը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ: «Չկա,
որովհետեւ իրոք մահապատիժը որպես պատժատեսակ վերացվել է, նա փոխարինվել է նույն
արարքների համար ցմահ ազատազրկմամբ: Պարզապես դրանք փոխվել են տեղերով: Եվ իրոք դա
համարվում է ավելի մեղմ մոտեցում: Այստեղ մենք ճիշտն ասած որեւէ խախտում չենք տեսել»,-
ասում է նա:

Մահակի՞, թե՞ գրագետ կառավարման ուժ

Դատապարտյալներից շատերը շարունակում են բողոքել՝ ասելով, որ իրենց կյանքը ծանր է՝
նույնիսկ այն պարագայում, երբ մեկուսարանի պայմանները բավականին լավացել են:

«Տղաները զարմանում են, ինչպե՞ս ես սաղ մնացի, ոնց չմեռա»,- ասում է 38-ամյա Մանուկ
Սեմերջյանը, որը 15 տարի է անց է կացնում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Ըստ նրա. «Այդ տարիներին խցում ոչինչ չէր թույլատրվում, ոչ պերեդաչի, ոչ
տեսակցություն, տալիս էին թթու ճաշ, ծեծում էին օրը երկու անգամ»: Դատապարտյալն
ասում է, որ ծեծը 2001թ-ից հետո մեկուսարանում վերացել է. «2001թ մինչ օրս ծեծ չեմ
կերել»: Այսինքն այն ժամանակվանից, երբ քրեակատարողական հիմնարկները հանձնվեցին
Արդարադատության նախարության տնօրինությանը:

Ըստ նախարարության դատաիրավական բարեփոխումների վարչության պետ Նիկոլայ
Առուստամյանի՝ այս տարիների ընթացքում բավականաչափ աշխատանք է արվել, իսկ
ամենակարեւորը «քրեակատարողական ոլորտը իրավաբանորեն արդեն ամբողջովին կարգավորվել
է»: Քրեակատարողական հիմնարկներում նորոգման աշխատանքներ են կատարվում, նախատեսվում
է կառուցել նոր բանտ, վերապատրաստվել են ոլորտի կադրերը, «փորձում ենք բարձրացնել
մեկուսարանների կառավարելիությունը»:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տնօրեն Արամ Սարգսյանը, որը 2005թ փետրվարին
է նշանակվել այս պաշտոնում, ասում է, որ ցմահների հետ վարվելակերպի երկու ճանապարհ
կար. «Պահել գազանի նմա՞ն, դարձնել վայրենի՞ եւ փորձել մահակի ուժով պահե՞լ, թե՞
ստեղծել խաղաղ բարոյահոգեբանական իրավիճակ, կառավարելի իրավիճակ եւ ապահովել
անվտանգությունը. մենք գնացինք երկրորդ ճանապարհով»: Վերջին տարվա ընթացքում
խցերում, ըստ նրա, բարելավվել են կոմունալ-կենցաղային պայմանները: Կատարվել են
կոսմետիկ նորոգումներ, անվտանգության առումով ամրացվել են պատերը, դռները: Խցերում
հեռուստացույցներ են դրվել: Քանի որ Հայաստանն այնքան հարուստ չէ, որ բանտային
համակարգում «շռայլություն» թույլ տա, բանտի տնօրինությունը թույլատրել է ցմահների
հարազատներին իրենց ներդրումն ունենալ խցերի նորոգման եւ կահավորման գործում: «Չունենք
հարուստ եւ աղքատ խցեր, չունենք արտոնյալ եւ ոչ արտոնյալ դատապարտյալներ, չունենք «լյուբիմչիկներ»,
- IWPR-ին վստահեցնում է Արամ Սարգսյանը: Ըստ նրա` խցերի կահավորանքը հիմնականում
կախված է ոչ թե դատապարտյալի հարազատների նյութական վիճակից, այլ նրա դրսեւորած
վարքից:

Պայմանականորեն դատապարտյալները բաժանվում են երեք խմբի` առավել վտանգավոր,
վտանգավոր եւ նվազ վտանգավոր: Վտանգավորության աստիճանը որոշովում է ոչ թե անձի`
հանցանքի ծանրությամբ, այլ նրա` մեկուսարանում դրսեւորած վարքից: Ի դեպ, նոր
դատապարտյալները համարվում են առավել վտանգավոր, քանի որ, ըստ պարոն Սարգսյանի, «բարոյահոգեբանական
առումով դեռ ադապտացիայի խնդիր ունեն. ավելի շատ են մտածում փախուստի մասին»:

Անկախ Հայաստանի պատմության մեջ ամենածանր հանցագործությունը համարվող «Հոկտեմբերի
27»-ի գործով դատապարտյալներ Էդիկ Գրիգորյանը, Դերենիկ Բեջանյանը եւ Աշոտ Կնյազյանը,
որոնք նույն խցում են, համարվում են նվազ վտանգավոր: Մասնագիտությամբ բժիշկ Էդիկ
Գրիգորյանը հնարավոր է նաեւ առաջիկայում ռուսերեն դասավանդի մյուս դատապարտյալներին:
Հիշեցնենք, որ 1999թ հոկտեմբերի 27-ին ժամը 17:00-ի մոտ հինգ զինված անձինք` Նաիրի
Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին Հայաստանի խորհրդարանի նիստերի դահլիճ ու
գնդակահարեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, Աժ
փոխնագահներին, պատգամավորների:

Նրանց խցում երեք մահճակալ է, սառնարան, հատուկ անկյուն` սեղան-նստարանով, երկու
հեռուստացույց: Բանտարկյալները սեղանին շոկոլադե սալիկներ են դնում, սուրճ, երբ
հրաժարվում ես, թե մյուս խցերում արդեն հյուրասիրել են, ասում են՝ դժվար թե սրանից
խմած լինես մյուս խցերում. սա տաք շոկոլադ է: Ընդհանրապես, ցմահները շատ հյուրասեր
էին, չկար մի խուց, որտեղ IWPR-ի թղթակցին սուրճ կամ միրգ չառաջարկեին: Հրաժարվելու
դեպքում` նեղանում էին:

14 տարի առաջ Հայաստանում աղմուկ հանած «Դրոյի գործով» ցմահ բանտարկյալ Արսեն
Արծրունին արդեն մի քանի ամիս է անգլերեն է դասավանդում իր բախտակիցներին:
Մեկուսարանի տնօրինությունը մի խուց է առանձնացրել, նորոգել, սեղան-աթոռներ
տեղադրել ցմահ-աշակերտների համար: Ուսուցիչ Արծրունին ինքն էլ պատրաստվում է
դասերին. իր խցում համակարգիչ կա, որի վրա ամեն դասից առաջ պատրաստում է
առաջադրանքները:

Արսեն Արծրունին, Մանուկ Սեմերջյանը եւ Աշոտ Մանուկյանը նույն խցակիցներ են, թեեւ
դատված են բոլորովին տարբեր գործերով: Նրանք, հսկիչների գնահատմամբ, «ամենահանգիստ
ու խաղաղ» բանտարկյալներն են: Նրանց խուցն էլ իր կահավորանքով որոշակիորեն
տարբերվում է մյուս խցերից: «Մենք ենք կահավորել. իրենց կահավորանքը, որ կար,
սովետական ժամանակից մնացած էր, եւ հնարավոր չէր մարդ 20 տարի դրանց վրա ապրեր»,-
ասում է Արսեն Արծրունին՝ ասելով, որ խուցն այս տարի են նորոգել իրենց հարազատների
միջոցներով: Ըստ բանտարկյալի՝ «կարող է ցոփություն երեւալ, որ ցմահ է, հլա ինչպես է
ուզում ապրի», բայց. «Մարդ, որ գիտակցում է, որ ինքն անազատ է, նույնիսկ մի հատ
ծուռ անկողինը կամ կարճ անկողինը սթրեսն ավելացնում են»:

Մեղք է գործում մեկը, պատժվում են բոլորը



Բանտարկյալները, թեեւ ապրում են տարբեր խցերում, սակայն, անկախ իրենցից, տեղեկանում
են այն մասին, ինչը տեղի է ունենում հարեւան խցերում:

«Մեկը մեկուն ձեռքը պատառաքաղով վնասի, բոլոր հարկից պատառաքաղները կվերցնեն:
Ընդհանրապես պատառաքաղը արգելված բան է, բայց եթե լավ ես պահում, թույլ կտան»,-
ասում է Արսեն Արծրունին: Ըստ նրա, ամենամեծ թերությունը բաժանում չլինելն է եւ եթե
մեկը փախուստի փորձ է անում, դրանից տուժում են նաեւ նրանք, «ովքեր խատումներ չեն
ուզում անել, նրանք, ովքեր ուզում են իրենց տարիները մի կերպ արժանապատվորեն
անցկացնեն»:

Հուլիսի 23-ին լուսաբացին խցերի մեկի 4 բանտարկյալներ փախուստի փորձ են կատարել
հենց խցի դռնից՝ սրիչով կտրելով երկաթյա կողպեքները, ամրակները: Հերթապահ հսկիչի
ահազանգով փախուստը կանխվել է: Բանտարկյալներից 3-ը փորձել են կտրել ձեռքի երակները,
նրանց անմիջապես, ըստ մեկուսարանի տնօրենի, բուժօգնություն է ցուցաբերվել: Ի դեպ,
փախուստը կազմակերպած մի քանի սպանության համար դատված եւ մի քանի անգամ փախուստի
փորձ արած բանտարկյալ Վարդանյան Գնունին իրեն չի վնասել: Ըստ հայկակական մամուլի
որոշ հրապարակումների՝ բանտարկյալները իրենց վնասել են «ծեծվելու վախից»:

«Բացառված չի, որ անակնկալ է եղել բռնվելը, բայց եթե ուզենայի, այդ քերվածքները ինձ
չէին խանգարի ծեծել»,- ծեծի վարկածը բացառում է «Նուբարաշեն» քրեակատարողական
հիմնարկի տնօրեն Արամ Սարգսյանը:

Փախուստի փորձ կատարած բանտարկյալներին այցելել IWPR-ի թղթակցին չթույլատրվեց, քանի
որ, ըստ Սարգսյանի՝ փախուստի համար քրեական գործ է հարուցվել եւ այժմ գործը դեռ
նախաքննության ընթացքում է:

Մ. Դանիելյան. «Ծեծ չկա, բայց պայմանները անմարդկային են»



Ըստ Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միկա Դանիելյանի, ծեծ, խոշտանգում ցմահների
նկատմամբ իրենք չեն արձանագրել, բայց իր կարծիքով, մեկուսարաններում անմարդկային
վիճակ է. «Անմարդկայինը մարդու կյանքին վայել իրավիճակ չի: Մարդն այդպես չպետք է
ապրի: Այդպիսի վիճակում գտնվելը ճնշում է: Եվրոպական երկրներում փորձում են նրանց
տալ ազատ ապրելու առավել հնարավորություն, պայմաններ են լավացնում»:

Քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ «Ցմահ ազատազրկման ձեւով
պատիժ կրող անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը գտնի, որ նա
պատիժը հետագա կրելու կարիքը չունի եւ փաստորեն կրել է ազատազրկման ոչ պակաս, քան
20 տարին»: Այսինքն, ցմահ դատապարտվածները կարող են հույս փայփայել՝ պատժի կրումից
20 տարի անց ազատության մեջ վերստին հայտնվելու համար:

Մանուկ Սեմեջյանը, որը 5 տարի անց իրավունք կստանա դիմել ներման համար, այնքան էլ
չի փայփայում ազատ արձակվելու հույսը. «Ոչ մի հույս չկա, 40 000 դոլար որ ունենամ,
հիմա էլ դուրս կգամ»:

«Գործեր կան, որ խնդալիք են. մեկ հոգու սպանության համար, օրինակ՝ երեք ցմահ,
նամանավանդ այն դեպքում, երբ բոլորն էլ գիտեն, որ սխալ դատված է: Առայժմ տաբու կա
ցմահի վրա, քանի որ կա Հոկտեմբերի 27-ի գործոնը»,- ասում է Արսեն Արծրունին՝
համարելով օրինակ, որ իր դատավճռի փոփոխությունը «կապված է մարդկանց անհատական
հույզերից եւ ոչ թե թե օրենքից»:

Ազատության մեջ հայտնվելու հույսը ցմահ բանտարկյալների մոտ բնական է, որ չի մարում,
սակայն, նրանցից մի մասը վախենում է պատկերացնել ազատությունը այն պատճառով, որ չի
պատկերացնում իր հետագա կյանքը: «19 տարեկանից նստած եմ, դուրս եկա՝ կլինեմ 39
տարեկան, ի՞նչ պիտի սովորեմ, ի՞նչ անեմ, ի՞նչ իմաստ կա: Կլինեմ ոնց որ թազա ծնված
մարդ»,- ասում է Աշոտ Մանուկյանը, որը մեկուսարանում է զինծառայողի սպանության
մեղադրանքով:

Ըստ Ավետիք Իշխանյանի, Նախագահի հրամանագիրը բողոքարկելու մեխանիզմներ Հայատանում
մինչ 2005թ նոյեմբերը՝ սահմանադրական փոփոխությունների ընդունումը չկային եւ
քաղաքացիները չէին կարող դիմել ՍԴ: Ներկայումս ՀՀ քաղաքացիները կարող են դիմել,
բայց հստակ չեն Նախագահի հրամանագրերը բողոքարկելու մեխանիզմները:

«Եթե դուրս գամ երբեւիցե բանտից, անպայման կգնամ այս երկրից»,- ասաց բանտարկյալ
Ալբերտը:

Իսկ առայժմ ցմահ ազատազրկվածների երազանքներն ավելի պրոզաիկ են: Ալբերտը երազում է,
որ կգա մի օր, երբ ցմահ բանտարկյալները հնարավորություն կունենան անարգել դուրս գալ
խցերից, ման գալ բակում, շփվել իրար հետ եւ վերադառնալ խուց:

«Կար ժամանակ, որ երազում էի որեւէ գեղարվեստական ֆիլմ դիտել, իսկ հիմա արդեն կարող
եմ»,- ասաց նա:

Կարինե Ասատրյան

Նուբարաշեն