Օմբուդսմենը տեսնում է վտանգ խոսքի ազատությանը

Հայաստանում մարդու պաշտպանվածության մակարդակն այնպիսին չէ, որ խուճապի
մատնվենք, բայց վտանգավոր միտում օմբուդսմեն Արմեն Հարությունայնը տեսնում է: Նրան
այդպես խորհելու առիթ տվել են, օրիանկ՝ լրագրողների դեմ ոտնձգությունները, քանի որ
խոսքի ազատությունը ժողովրդավարության հենասյուններից է, հետեւաբար այդպիսի
մթնոլորտի շարունակությունը սպառնալիք կլինի մեր երկրի ապագայի համար:

Անդրադառնալով «Երեւան Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի 4 տարվա
ազատազրկմանը՝ Արմեն Հարությունյանը նշեց. «Ֆորմալ, իրավաբանական տեսակետից, կարող
էր փաստարկներ բերվել, որ, իրոք, որոշակի հիմքով է այդքան ժամկետով նա ազատազրկել,
բայց ես կարծում եմ, որ դա, իրոք, խիստ մոտեցում է: Կարծիքներ կան, որ նա
ընդդիմադիր կեցվածք ունեցող թերթի խմբագիր է, եւ դրա համար է այդպիսի խիստ մոտեցում
եղել:

Կարծում եմ, որ այդպիսի կարծիքները կարող են եւ հիմնավորված լինել: Ես չեմ կարծում,
որ նրա արարքը այնպիսին է, որ նրան պետք էր չորս տարով ազատազրկեին: Նամանավանդ,
մենք այս ընթացքում ստացանք ահազանգ, որ նրա եղբորն էլ էին տարել ստիկանություն, մի
քանի ժամով պահել: Մենք պատրաստվում էինք մեկնել, բայց թերթի աշխատակիցն ասաց, որ
պետք չի, քանի որ բաց են թողել: Այստեղ իրոք մտահոգվելու բան կա»:

Արմեն Հարությունյանն այսօր լրագրողներին ներկայացնում էր Մարդու իրավունքների
պաշտպանի պաշտոնում իր գործունեության 6 ամիսների աշխատանքը: Այս ընթացքում նա 1794
դիմում է ստացել, որից 854-ը գրավոր: Գրավոր բողոքներից դրական լուծում է ստացել
121-ը: Ըստ դիմումների քանակի, քաղաքացիներն առավելապես բողոքել են դատարանների՝
106, Երեւանի քաղաքապետարանի՝ 95, ոստիկանության՝ 71, արդարադատության
նախարարության՝ 61, գործունեությունից: 321 հոգի բողոքել է, որ խախտվել է
Սահմանադրության 18 հոդվածը՝ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ / 321/,
34 հոդվածը՝ բավարար կենսամակարդակի, բնակարանի եւ կենսապայմանների բարելավման
իրավունք /124/: 79 հոգի բողոքել է, որ խախտվել է իր սոցիալական ապահովության,
46-ը՝ հրապարակային դատական քննության իրավունքները:

Արմեն Հարությունյանը, կարեւորելով դատական մարմինների անկախությունը, միաժամանակ
նշում է, որ կա՝ ՄԻՊ գործունեությունը կարգավորող օրենքից բխող խնդիր. «Ցավոք սրտի,
մեր օրենքում այսպես է գրված, այն հարցը, որը որ դատական պրոցեսում է, դրանցում
մարդու իրավունքների պաշտպանն իրավունք չունի խառնվելու»:

Ըստ օմբուդսմենի՝ իրենք կարող են հայտարարություն անել, տարեկան հաշվետվության մեջ
արձանագրել, բայց կոնկրետ, օրինակ` նամակ գրել դատարանին չեն կարող, քանզի վերջինս.
«Կարող է գեղեցիկ պատասխանել, որ դուք խառնվում եք անկախ իշխանության ճյուղերից
մեկի գործունեությանը եւ դրանով էլ հարցը լուծվի»:

Արմեն Հարությունյանը գրասենյակի աշխատակիցներին հանձնարարել է ուսումնասիրել
Ստրասբուրգի՝ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը: Ինքն էլ նույն նպատակով
այս ամսվա վերջին պատրաստվում է մեկնել Ստրասբուրգ:

Ի դեպ, անդրադառնալով ցմահ ազատազրկման դատապարտվածների՝ ժամանակ առ ժամանակ
ներկայացվող այն բողոքներին, թե սխալ էր եւ ոչ համարժեք իրենց՝ մահապատժի
որոշումները՝ ցմահ ազատազրկմամբ փոխարինելը, օմբուդսմենը նշեց. «ճիշտ ասած, մեր
ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այստեղ որեւէ իրավունքի խախտում չկա:

Չկա, որովհետեւ, իրոք, մահապատիժը որպես պատժատեսակ վերացվել է, փոխարինվել է նույն
արարքների համար ցմահ ազատազրկմամբ: Պարզապես դրանք փոխվել են տեղերով: Իրոք, դա
համարվում է ավելի մեղմ մոտեցում: Այստեղ մենք, ճիշտն ասած, որեւէ խախտում չենք
տեսել»: