ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Արմեն Հարությունյանը դրական է գնահատում ինստիտուտի առաջին մեկ տարվա աշխատանքը
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի ներկայացրած զեկույցն ընդգրկված
է Ազգային ժողովի քառօրյայի օրակարգում: Օրենքով ամրագրված է, որ յուրաքանչյուր
տարվա առաջին եռամսյակի ընթացքում օմբուդսմենը հանրապետության նախագահին, օրենսդիր,
գործադիր եւ դատական իշխանություններին է ներկայացնում նախորդ տարվա իր
գործունեության եւ երկրում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների
խախտման մասին ամենամյա զեկույցը:
2005-ի ընթացքում Արմեն Հարությունյանը, բնականաբար, չէր կարող որեւէ
գործունեություն ծավալել, ուստի պաշտպանն առաջարկել է Լարիսա Ալավերդյանին
հնարավորություն տալ ներկայացնելու 2005 թվականի իր գործունեությունը՝ զեկույցը
երկրում մարդու իրավունքների խախտումների եւ դրանք ծնող պատճառների վերաբերյալ:
Փետրվարին Ազգային ժողովը որոշում էր ընդունել զեկույցի հրապարակման կարգի մասին,
ըստ որի, 2005 թվականի զեկույցը պետք է ներկայացներ նորընտիր օմբուդսմենը, իսկ
առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանին՝ ելույթով հանդես գալու հնարավորություն էր
տրվել: Սակայն տիկին Ալավերդյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ
դեռեւս վերջնական որոշում չի կայացրել, գնալ, թե չգնալ խորհրդարան, այս պահին նա չի
տեսնում դրա նպատակահարմարությունը:
Արմեն Հարությունյանն իր խնդիրն է համարում հակիրճ ներկայացնել
2005-ին ստացված բողոքների ուղղվածությունը, վիճակագրությունը, դրանց քննարկման
ընթացքը, առաջին պաշտպանի կատարած աշխատանքները՝ սկսած աշխատակազմի ձեւավորման
սկզբունքներից, մինչեւ տեղական ու միջազգային հասարակական կազմակերպությունների հետ
համագործակցությունն ու տարբեր սեմինարների ու քննարկումների կազմակերպումը:
Արմեն Հարությունյանը դրական է գնահատում ինստիտուտի առաջին մեկ տարվա աշխատանքը.
«Լինելով առաջինը եւ որակապես տարբերվելով մինչ այդ գործող մարդու իրավունքների
պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններից, պետական այլ հաստատություններից ու
մարմիններից՝ այն իր վրա է վերցրել ինստիտուտի կայացման հիմնական դժվարությունները:
Լայնորեն օգտագործվել է եվրոպական օմբուդսմենների դրական փորձը, հաստատությունը
համագործակցում է եվրոպական եւ միջազգային կազմակերպությունների ինստիտուտների հետ:
Զեկույցում ներկայացված են վիճակագրական տվյալներ գրավոր բողոքների քանակի, դրանց
ուղղվածության վերաբերյալ: Ըստ որոնց, Հայաստանում մարդու իրավունքները ամենից շատ
ոտնահարում են ոստիկանությունը, սոցիալական ապահովության մարմինները, դատարանները,
տեղական ինքնակառավարման մարմիններն ու հատկապես քաղաքապետարանը: 1551 բողոքներից
191-ը եղել է ոստիկանության դեմ: Ստացված բողոքների գերակշիռ մասը Երեւանից է:
Կարինե Քալանթարյան, Երեւան
