ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Երկինք ու երկիր. հավատքի ու պարտքի բախումը այլընտրանքային ծառայության հարցի առնչությամբ շարունակվում է
Յոթերորդ ամիսն է գաղութում է գտնվում մի մոլոկան, որ հրաժարվել է
այլընտրանքային ծառայությունից, քանի որ համարում է, որ այն զինվորական բնույթ է
կրում:
2004 թվականին ուժի մեջ մտավ այլընտրանքային ծառայության մասին օրենքը, և 24 պատանի
մեկնեցին այլընտրանքային ծառայության, որոնցից 22-ը Եհովայի վկա էին, մեկը`
մոլոկան: Այլընտրանքային ծառայությունը պետք է տևեր 3 տարի 6 ամիս (զինվորական
ծառայությունը 2 տարի է):
Սակայն հինգ ամիս ծառայելուց հետո նրանք հրաժարվեցին ծառայությունից, քանի որ այն
զինվորական բնույթ էր կրում: Եհովայի վկաներից մեկը մահացավ ավտովթարից, 18-ը
բանտում են, մեկն ազատվել է կալանքից, երկուսին չեն ձերբակալել (տես`[url=http://www.armenianow.com/?action=viewArticle&AID=1202&CID=1378&IID=1055... ]Դատավճիռ համոզմունքների համար[/url]):
Մոլոկանը` 19-ամյա Պավել Կարավանովը, ձերբակալվել է անցյալ տարվա օգոստոսի 22-ին և
դասալքության մեղադրանքով (քրեական օրենսգրքի 362 հոդվածի առաջին մաս) դատապարտվել
2 տարի 6 ամիս ազատազրկման:
Մոլոկանները ռուսական կրոնական համայնք են (քվաքերների նման), որոնց 19-րդ դարի
սկզբին ցարն աքսորել է Հարավային Կովկաս: Զինվորական ծառայությունը դեմ է նրանց
կրոնական սկզբունքներին:
Էրեբունու քրեակատարողական հիմնարկում Պավել Կարավանովն ասել է «ԱրմենիաՆաուի»
թղթակցին. «Ծնողներս Աստվածաշնչով են շարժվել, իմ հոգին էլ փոքրուց Աստվածաշնչով է
դաստիարակվել: Գնացի զինկոմիսարիատ ու ասացի, որ հրաժարվում եմ ծառայելուց:
Առաջարկեցին այլընտրանքային ծառայություն, ես էլ համաձայնեցի»:
2004 թ. դեկտեմբերին Պավելը յոթ Եհովայի վկաների հետ ծառայության է անցնում
Վարդենիսի տուն ինտերնատում (հոգեբուժարան) որպես սանիտար: Ծառայության ընթացքում
պարզվում է, որ նրանց ծառայությունը զինվորական վերահսկողության տակ է, նրանց
պարբերաբար ստուգում էին զինվորական ոստիկանությունից:
«Մի անգամ անհրաժեշտ էր, որ տուն գնայի: Տնօրենն ասաց, որ պետք է զինվորական
ոստիկանությունից թույլտվություն վերցնել»:
Պավելն ասում է, որ իր ձեռքից վերցրել են Աստվածաշունչը: Հինգ ամիս հետո
այլընտրանքային ծառայության մեջ գտնվող բոլոր Եհովայի վկաները նամակ են գրում
տնօրինությանը, որ եթե իրենց ծառայությունը շարունակվի զինվորական հսկողության
ներքո, ապա իրենք կհրաժարվեն ծառայելուց:
Պավելը հետևում է նրանց օրինակին և դիմում գրում տնօրենին, որ դադարեցնում է
աշխատանքը և կհրաժարվի ծառայությունից, եթե այն չհամապատասխանի իր համոզմունքներին:
Պատասխան չստանալով` 17 օր անց Եհովայի վկաների հետ նա մեկ այլ նամակ է գրում, որ
հեռանում է ծառայության վայրից, և եթե իր պահանջները բավարարվեն, ինքը միշտ պատրաստ
է շարունակել ծառայությունը:
«Մեզ խաբեցին, ասեցին՝ զինվորականության հետ կապ չեք ունենա (օրենքում ասված է, որ
քաղաքացիական այլընտրանքային ծառայությունը դուրս է զինվորական ծառայությունից),
բայց սուտ էր: Ասեցին՝ փող կտանք, բայց ամբողջ հինգ ամսվա մեջ ընդամենը 1500 դրամ
(3 դոլար) փող տվեցին»:
Երեք ամիս անց Պավելին կանչում են Գավառի դատախազություն: Երրորդ հարցաքննությունից
հետո ձերբակալում են: Վարդենիսում նրան դատում է Գեղարքունիքի առաջին ատյանի
դատարանը: Փաստաբան չի ունենում և, հետևաբար, չի բողոքարկում դատավճիռը:
«Քննիչը փաստաբան առաջարկեց, բայց մենք փող չունեինք փաստաբան վարձելու, իսկ
պետականին չէի վստահում»,- ասում է նա:
Մեկուսարանում գտնվող այլընտրանքայն ծառայության մեկնած 19 Եհովայի վկաներ
բողոքարկել են իրենց դատավճիռը (երկուսի դեմ գործ է հարուցված, սակայն նրանց չեն
կալանավորել): Պավելի հետ ծառայող չորս Եհովայի վկաների գործերը վերաքննիչ դատարանը
հետ է ուղարկել լրացուցիչ քննության: Դատարանի որոշման մեջ ասվում է, որ
նախաքննության մարմինը չի ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցները գործի
հանգամանքների համակողմանի և օբյեկտիվ հետազոտման համար, թույլ է տվել
քրեադատավարական օրենսգրքի էական խախտումներ:
Իսկ Պավելի հետ ծառայած և նույն մեղադրանքով 2 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված
Վահե Գրիգորյանին մարտի 13-ին ազատել են կալանքից, և գործը վերաքննիչ դատարանը հետ
է ուղարկել նախաքննության: Սպասվում է, որ մյուս Եհովայի վկաներին նույնպես
կազատեն:
Պավելը հույս ունի, որ կազատվի պատժի մեկ երրորդը կրելով, որը կլրանա երեք ամսից
(դա նախատեսված է օրենքով կարգապահ կալանավորների համար): Նա չդժգոհեց կալանավայրի
պայմաններից, որտեղ, ի տարբերություն ծառայության, Աստվածաշունչ ունի:
Պավելի մեծ եղբայրը՝ Սերգեյը, 2000-2002 թթ. ծառայել է հայկական բանակում, սակայն
առանց զենք կրելու և երդում տալու: Այժմ նա ԱՄՆ-ում է: Ընդհանրապես մոլոկանները
դեռևս խորհրդային տարիներից մեկնում են ծառայության, սակայն հրաժարվում են զենք
կրել և երդում տալ: Պավելի հայրը՝ Նիկոլայը, ծառայել է խորհրդային բանակում առանց
զենք կրելու և երդվելու:
«Աստվածաշնչում ասված է՝ սուր վերցնողը սրից կընկնի: Նաև ասված է՝ մի’ երդվիր»,-
ասում է Նիկոլայը: Նրա տեղեկություններով՝ այժմ հայկական բանակում մոտ 10 մոլոկան
ծառայում է առանց զենք կրելու:
Եթե այլընտրանքային ծառայությունը չլիներ, ապա Պավելը, հավանաբար, եղբոր պես
կծառայեր բանակում: Սակայն այն օրենքը, որ պիտի պաշտպաներ խղճի իրավունքը,
հավատացյալին բանտ նետեց:
Անցյալ տարի ոչ ոք չի մեկնել այլընտրանքային ծառայության: Բացի այլընտրանքային
ծառայությունից հրաժարվածներից՝ ևս 39 Եհովայի վկա գտնվում է բանտում ժամկետային
զինվորական ծառայության հերթական զորակոչից հրաժարվելու համար:
Վահան Իշխանյան, «ԱրմենիաՆաուի» թղթակից
