ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հանրային ծառայություն, մասնավոր շահ. զեկույցում նշվում է, որ Հայաստանում կոռուպցիան շարունակում է մնալ սովորական երևույթ
Հայաստանում կոռուպցիան, չնայած ձեռնարկված մի շարք հակակոռուպցիոն միջոցներին, մնում է լուրջ խնդիր՝ նշվում է Եվրախորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի՝ ԳՐԵԿՕ-ի զեկույցում:
Մարտի 10-ին ԳՐԵԿՕ-ի հրապարակած զեկույցի՝ Հայաստանին վերաբերող բաժնում նշվում է, որ կոռուպցիայով համակված են հատկապես Հայաստանի դատական համակարգը, ոստիկանությունը, հարկային վարչությունը, կրթական և առողջապահական համակարգերը, արտոնագրման և սեփականաշնորհման վարչությունները: Զեկույցն ամբողջությամբ կարելի է կարդալ [url=http://www.greco.coe.int target=_blank]www.greco.coe.int[/url] կայքում:
Զեկույցում ներկայացվում է Հայաստանում կոռուպցիայի երկու տարբեր մակարդակ. բարձր մակարդակի կոռուպցիա քաղաքական և հանրային իշխանությունների կողմից և վարչական կոռուպցիա, որը հատուկ է միջին և ստորին մակարդակի պաշտոնյաներին՝ քաղաքացիների հետ իրենց հարաբերություններում:
Կոռուպցիան համատարած երևույթ է համարվում հետևյալ ոլորտներում. պետական սեփականության մասնավորեցում, հանրային ֆինանսների տնօրինում, ծառայությունների ոլորտի մենաշնորհներ (ինչպիսիք են էլեկտրաէներգիան, հանրային կոմունալ ծառայությունները և հեռահաղորդակցությունը), ինստիտուցիոնալ և այլ մենաշնորհներ (հատկապես նավթամթերքների, ցորենի, ալյուրի և այլ հիմնական սննդամթերքների ներկրում) և իրավապահ գերատեսչություններում, որոնք չարաշահում են իրենց լիազորությունները:
Հայաստանում շատերն են կարծում, որ պայքարը կոռուպցիայի դեմ երկրում արդյունավետ չէ, քանի որ քիչ հավանական է, որ կոռուպցված իշխանություններն իրենք իրենց դեմ պայքարեն: Ըստ 2004 թ. Ազգային և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի անցկացրած հարցման՝ բնակչության 42,8 տոկոսը կոռուպցիան համարում է քաղաքական երևույթ:
Կոռուպցիան Հայաստանում համարվում է հարկերից խուսափելու և ստվերային տնտեսության հիմնական պատճառներից մեկը, որը խոչընդոտում է երկրի տնտեսական զարգացումը: 2003 թվականին Հայաստանը վավերացրել է Հանցագործ ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացման, որոնման և բռնագրավման մասին ստրասբուրգյան կոնվենցիան: Իշխանությունները դա հայտարարեցին լուրջ քայլ կոռուպցիայի դեմ պայքարում, սակայն առայժմ ոչ մի բարձրաստիճան պաշտոնյայի մեղադրանք չի ներկայացվել և ոչ մեկը կոռուպցիայի մեղադրանքով պաշտոնից չի հեռացվել:
2004 թվականին Հայաստանն անդամակցեց ԳՐԵԿՕ-ին՝ եվրոպական պետությունների կողմից 1999 թ. ստեղծված մարմին, որի նպատակը կոռուպցիայի դեմ պայքարող երկրներին օգնելն է: Այժմ այն ունի 40 անդամ պետություններ:
Ըստ ԳՐԵԿՕ-ի զեկույցի՝ Հայաստանի քաղաքացիական ծառայության ոլորտում կոռուպցիայի գոյության առանցքային գործոնը ցածր աշխատավարձն է: Զեկույցում նշվում է. «Հայաստանի իշխանություններն արձանագրում են, որ հանրային վարչարարության որոշ ոլորտներում կոռուպցիայի ռիսկն ավելի մեծ է, քան մյուսներում, այսինքն՝ այն հանրային ծառայություններում, որոնք ենթադրում են հաճախակի շփումներ բնակչության մեծ խմբերի հետ, և այն ոլորտներում, որտեղ քաղաքացիական ծառայողների ազդեցությունը տնտեսական բնույթի որոշումների վրա հարաբերականորեն բարձր է: Հիմքեր կան ենթադրելու, որ գոյություն ունեն կապեր կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության միջև»:
ԳՐԵԿՕ-ն իր մտահոգությունն է հայտնում, որ Հայաստանում չկա վկաների պաշտպանության ծրագիր, թեև օրենքով սահմանվում է, որ դատախազությունը և դատարանը պատասխանատվություն են կրում հետաքննության և քրեական դատավարության մասնակից խոցելի անձանց պաշտպանության համար: Չկա մանրամասն հայեցակարգ, թե ինչպես պետք է համակարգված կերպով ապահովվի այդ անվտանգությունը, խոսք չկա բնակության վայրի կամ ինքնության մշտական փոփոխության մասին, ազգականների պաշտպանության, միջազգային համագործակցության կամ պաշտպանության ապահովման ֆինանսական կողմերի մասին: Անհրաժեշտ օրենսդրական դաշտի բացակայությունը անհնար է դարձնում, հարկ եղած դեպքում, վկաների և արդարադատության մարմինների հետ համագործակցողների համակարգված և արդյունավետ պաշտպանությունը:
Զեկույցում նշվում է երկրում կոռուպցիային նպաստող ևս մի գործոն՝ անձեռնմխելիության լայն շրջանակը: Անձեռնմխելիությունից օգտվում են տասը կարգի պաշտոնյաներ, այդ թվում՝ խորհրդարանի պատգամավորության թեկնածուները, կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները, մարզային և տեղական ընտրական հանձնաժողովների անդամները և, նույնիսկ, քաղաքապետների ու գյուղապետների թեկնածուներն ու համայնքային ավագանու անդամության թեկնածուները:
ԳՐԵԿՕ-ն 24 առաջարկ է ներկայացրել Հայաստանի իշխանություններին և կոչ է արել հաշվետու լինել դրանց կատարման մասին 2007 թ. սեպտեմբերին: Մասնավորապես, առաջարկվում է մշակել կոռուպցիային ու փողերի լվացմանը նվիրված և պարբերաբար անցկացվող վերապատրաստման դասընթացներ ոստիկանների, դատախազների ու դատավորների համար, ինչպես նաև ընդունել վկաների պաշտպանության համապատասխան ծրագրեր ապահովող օրենսդրական ակտեր արդարադատության հետ համագործակցողների համար:
Ջուլյա Հակոբյան, «ԱրմենիաՆաուի» թղթակից
