ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի նամակը ԱԺ նախագահին

ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նամակով դիմել է ԱԺ
նախագահին.

1 փետրվարի 2006թ.

ՀՀ Ազգային ժողովի նախագահ

պարոն Արթուր Բաղդասարյանին

Մեծարգո պարոն Բաղդասարյան

Սահմանադրական փոփոխությունների ընդունումը պետք է հաստատեր Հայաստանի
նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և իրավական պետության կառուցմանը,
մասնավորապես, պետական մակարդակով մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակի
բարձրացմանը, ինչը ենթադրում է հարգանք Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության

ամրապնդման և զարգացման համընդհանուր սկզբունքների նկատմամբ։ Անտարակույս, այդպիսի
սկզբունքներից են Մարդու իրավունքների պաշտպանի ազգային սահմանադրական հաստատության
գործունեության անընդհատությունն ու շարունակականությունը։

Սակայն ՀՀ Նախագահի 04.01.2006թ. հրամանագրով և դրան հաջորդող գործողություններով
Պաշտպանը, փաստորեն, հեռացվել է և՛ պաշտոնից, և՛ իր լիազորությունների կատարումից:

ՀՀ Նախագահի հրամանագիրը չի համապատասխանում և հակասում է «Մարդու իրավունքների
պաշտպանի մասին» ՀՀ օրենքին՝ առաջինը, այն նույնացնում է «պաշտոնավարման ժամկետը
լրանալու» և «լիազորությունները դադարելու» հասկացությունները (տե՛ս՝ հոդված 6 մաս
1, հոդված 27 մաս 2, կետ 2, 2-րդ պարբերություն), երկրորդը, անտեսում է 25-րդ
հոդվածի 1-ին մասը, որը սահմանում է աշխատակազմի աշխատանքները անմիջականորեն
ղեկավարելու Պաշտպանի գործառույթը:

Նախագահի հրամանագիրը ուղղակիորեն հակասում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին»
ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասին, որը երաշխավորում է Պաշտպանի, այսինքն՝
05.12.2005թ.-ից սահմանադրական դարձած մարդու իրավունքների ազգային հաստատության
գործունեության անկախությունը:

ՀՀ Նախագահի հրամանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածին (Պաշտպանին
դիմելու յուրաքանչյուրի իրավունքը), ինչպես նաև Սահմանադրության 5-րդ և 55-րդ
հոդվածներին (Նախագահի լիազորությունների մեջ չի մտնում Պաշտպանի գործունեության
կասեցումը) և ՀՀ Սահմանադրության 56-րդ հոդվածին (հրապարակում է հրամանագրեր և
կարգադրություններ, որոնք չեն կարող հակասել ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին):

Չխորանալով Պաշտպանի նկատմամբ ձեռնարկված գործողությունների իրավաբանական և
էթիկական կողմերի քննարկման մեջ (առանց ձևակերպելու Պաշտպանին պարտականությունների
և լիազորությունների կատարումից ազատումը, Պաշտպանին պարտադրվել է հանձնել
հաստատության կնիքը և փաստաթղթերը, կնքվել է Պաշտպանի աշխատասենյակը, արգելվել է
Պաշտպանի և աշխատակազմի աշխատակիցների մուտքը հաստատության վարչական շենք), Ձեր
ուշադրությունն եմ հրավիրում 17-րդ հոդվածի 1-ին մասի վրա, որը հաշվետու տարում
գործող Պաշտպանից պահանջում է զեկույց ներկայացնել նախորդ տարվա ընթացքում իր
գործունեության
և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման
մասին Հայաստանի Հանրապետության Նախագահին, օրենսդիր, գործադիր եւ դատական
իշխանության մարմիններին, իսկ Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում այն
ներկայացնում է Ազգային ժողովի նիստին յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի
ընթացքում, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցներին և համապատասխան հասարակական
կազմակերպություններին:

Այս հոդվածից ուղղակիորեն հետևում է, որ հաշվետու 2005թ. իր գործունեության մասին
զեկույցը պետք է ներկայացվի առաջին Պաշտպանի կողմից։

Վերոշարադրյալի կապակցությամբ դիմում եմ Ձեզ ակնկալիքով, որ մոտական նստաշրջանի
օրակարգ կմտցվի Ազգային ժողովում ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպանի
գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման
մասին 2005թ. տարեկան զեկույուցի ներկայացման հարցը։

Հարգանքով՝

ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան

Լարիսա Ալավերդյան