Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը

կապված «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում տեղ գտած անորոշություների հետևանքով ստեղծված իրավիճակի հետ

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքն ընդունվել է 2003թ. նոյեմբերի
21-ին և ուժի մեջ է մտել 2004թ. հունվարի 1-ին:

Օրենքը նախատեսել է Պաշտպանի նշանակումն Ազգային ժողովի կողմից, սակայն քանի որ
նախկին Սահմանադրությամբ Ազգային ժողովը չի ունեցել նման նշանակում կատարելու
լիազորություն, օրենքի անցումային դրույթներով /հոդ. 27/ առաջին Պաշտպանի նշանակման
լիազորությունը վերապահվել է Հանրապետության նախագահին՝ նախատեսելով նաև, որ առաջին
Պաշտպանի պաշտոնավարման ժամկետը լրանում է սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ
մտնելուց հետո 30-րդ օրը:

Սահմանադրական փոփոխություներն ուժի մեջ են մտել դեկտեմբերի 6-ին, հետևաբար, ըստ
օրենքի 27-րդ հոդվածի, գործող Պաշտպանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2006թ.
հունվարի 5-ին:

Սահմանադրական փոփոխություններով Պաշտպանի ընտրության կարգը սահմանվել է 83.1
հոդվածով, սակայն չի ասվել, թե ովքեր իրավունք ունեն առաջադրելու Պաշտպանի
թեկնածությունը:

Դրա փոխարեն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվել է, որ Պաշտպանի
թեկնածություն պետք է առաջադրվի Հանրապետության նախագահի և ԱԺ պատգամավորների
առնվազն 1/5-ի կողմից:

Հակառակ օրենքի այդ դրույթի, Սահմանադրության 55-րդ հոդվածով Պաշտպանի
թեկնածություն առաջադրելու իրավունք Հանրապետության նախագահին չի վերապահվել:

Սահմանադրությունը և օրենքը չեն սահմանել նաև, թե առաջին պաշտպանի պաշտոնավարման
ժամկետի ավարտման կապակցությամբ երբ է ընտրվում նոր պաշտպան, արդյոք պաշտոնավարման
ժամկետի ավարտի հետ լիազորությունները դադարում են, թե շարունակվում են մինչև նոր
Պաշտպանի ընտրությունը:

Եթե Պաշտպանի պաշտոնավարման ժամկետի ավարտմամբ ավարտված համարվի նաև
լիազորությունների ժամկետը, ապա գործ կունենանք իրավիճակի հետ, երբ որոշակի
ժամանակաշրջան՝ 2006թ. հունվարի 5-ից հետո մինչև նոր Պաշտպանի ընտրվելը,
հաստատությունը գործելու լիազորություն չի ունենում:

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության առանձնահատկությունը նրանում է, որ
Սահմանադրությունը և օրենքը ճանաչում են միայն Պաշտպանին, աշխատակազմը կոչված է
ապահովելու Պաշտպանի գործունեությունը և ինքնուրույն լիազորություներ ունենալ չի
կարող:

Սահմանադրությամբ Պաշտպանի տեղակալ չի նախատեսված, իսկ օրենքի 22-րդ հոդվածով ասված
է. «Պաշտպանի տեղակալն իրականացնում է Պաշտպանի լիազորությունները Պաշտպանի
հանձնարությամբ, նրա բացակայության ժամանակ կամ Պաշտպանի լիազորությունները
վաղաժամկետ դադարեցվելու դեպքում: Վերջին դեպքում Պաշտպանի տեղակալն օգտվում է
Պաշտպանի համար նախատեսված բոլոր իրավունքներից, երաշխիքներից ու
անձեռնմխելիությունից»:

Նույն հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ տեղակալը նշանակվում է Պաշտպանի
առաջարկությամբ, Պաշտպանի նշանակման համար նախատեսված նույն կարգով և պայմաններով:

Այն հանգամանքը, որ օրենքը տեղակալի լիազորությունների իրականացման և դրանք
լրանալու կամ վաղաժամկետ դադարեցնելու առանձին կարգ, պայմաններ և պահ չի սահմանել,
ինքնին խոսում է այն մասին, որ 22-րդ հոդվածի 1-ին մասում օգտագործված «Պաշտպանի
նշանակման համար նախատեսված կարգով և պայմաններով» արտահայտության իմաստն առավել
լայն է և ընդգրկում է տեղակալի լիազորությունների և պաշտոնավարման դադարելու պահը,
և այն համընկնում է Պաշտպանի լիազորությունների և պաշտոնավարման դադարելու պահի հետ՝
բացառությամբ Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքերի:

Այս առումով, եթե Պաշտպանի լիազորությունները դադարեն 2006թ. հունվարի 5-ից, նույն
պահից կդադարեն նաև տեղակալի լիազորությունները, քանի որ նման դադարումը վաղաժամկետ
դադարում չէ և չի կարող կիրառվել օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը:

Քանի որ անընդունելի և անտրամաբանական է Մարդու իրավունքների պաշտպանի
գործունեության թեկուզ և ժամանակավոր, սակայն անհայտ տևողությամբ դադարեցումը,
օրենքի իմաստով ճիշտ է իմ լիազորությունների պահպանումը մինչև նոր Պաշտպանի
ընտրվելը:

Լ. Ալավերդյան