ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայտարարություն մամուլի պարբերականների բաժանորդագրությամբ և տարածմամբ զբաղվող կազմակերպությունների լիցենզավորման կապակցությամբ
«Գործընկերություն Հանուն Բաց Հասարակության» նախաձեռնության հայտարարությունը
մամուլի պարբերականների բաժանորդագրությամբ և տարածմամբ զբաղվող
կազմակերպությունների լիցենզավորման կապակցությամբ
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների
«Գործընկերություն հանուն բաց
հասարակության» նախաձեռնությունը իր մտահոգությունն է հայտնում մամուլի
պարբերականների բաժանորդագրությամբ և տարածմամբ զբաղվող կազմակերպությունների
նկատմամբ «Փոստային կապի մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքների դրույթների
կիրառման կապակցությամբ:
Սույն թվականի դեկտեմբերի սկզբին ՀՀ պետական հարկային ծառայության
ներկայացուցիչները այցելել են մամուլի պարբերականների բաժանորդագրությամբ և
տարածմամբ զբաղվող կազմակերպություններին և պահանջել են մամուլի պարբերականների
բաժանորդագրությամբ և տարածմամբ զբաղվելու համար անհրաժեշտ լիցենզիա, հղում անելով
անցած տարվա դեկտեմբերին ընդունված «Փոստային կապի մասին» օրենքին և «Լիցենզավորման
մասին» օրենքում համապատասխան փոփոխությանը:
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը համարում է օրենքի
կիրառման ներկայացված պրակտիկան անթույլատրելի խոչընդոտ Հայաստանում խոսքի
ազատության և բազմակարծության կայացման և զարգացման համար: Օրենքի այսպիսի
մեկնաբանումը և կիրառումը սահմանափակում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված
տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատության իրավունքը
և այսպիսի սահմանափակումը ոչ մի կերպ չի կարող դիտվել իբրև «պետական անվտանգության,
հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության
առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների եւ
ազատությունների, պատվի եւ բարի համբավի պաշտպանության» համար նախատեսված
սահմանափակում: Այսպիսի պրակտիկան հակասում է նաև Մարդու իրավունքների և հիմնարար
ազատությունների կոնվենցիայի հոդված 10-ին, որը սահմանում է, որ յուրաքանչուր ոք
իրավունք ունի տեղեկություններ և գաղափարներ տարածելու ազատություն առանց պետական
մարմինների միջամտության, և որ տեղեկատվություն ստանալու և տարածելու հետ առնչվող
լիցենզավորումը կարող է կիրառվել միայն ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ
կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների նկատմամբ:
Մամուլի պարբերականների բաժանորդագրությամբ և տարածմամբ զբաղվող
կազմակերպությունների լիցենզավորումը ոչ մի կերպ չի բխում «Փոստային կապի մասին» և
«Լիցենզավորման մասին» օրենքներիի տեքստից և տրամաբանությունից: Այս
կազմակերպությունների նկատմամբ լիցենզավորման պահանջ ներկայացնելու հիմք է
ընդունվում «Փոստային կապի մասին» օրենքում փոստային կապի ծառայությունների
սահմանումը, համաձայն որի փոստային կապի ծառայություն է համարվում «գործողություն
կամ գործունեություն փոստային առաքանու ընդունման, մշակման, փոխադրման եւ հանձնման,
ինչպես նաեւ դրամական միջոցների փոստային փոխադրությունների իրականացման եւ
պարբերականների բաժանորդագրության գծով»: Մեր կարծիքով «պարբերականների
բաժանորդագրության գծով» արտահայտությունն ոչ մի կերպ չի կարող անջատվել օրենքի
համատեքստից և մեկնաբանվել այնպես, որ պարբերականների տարածմամբ զբաղվելը նույնացվի
փոստային ծառայություններ մատուցելուն:
«Փոստային կապի մասին» ՀՀ օրենքը հստակ սահմանում է կարգավորման իր բնագավառը և
առարկան, ինչպես նաև օրենքի սուբյեկտ հանդիսացող անձանց կամ այդ անձանց խմբերը:
Այսպես, օրենքի կարգավորման առարկան հանդիսանում է փոստային կապը (տես`«Փոստային
կապի մասին» օրենքի 1-ին և 2-րդ հոդվածները), որը իր մեջ ներառում է «փոստային
առաքանու, ինչպես նաեւ դրամական միջոցների փոստային փոխադրությունների ընդունումը,
մշակումը, փոխադրումը եւ հանձնումը ապահովող կապի տեսակ, որն իրենից ներկայացնում է
տեխնիկական եւ տրանսպորտային միջոցների միասնական արտադրատեխնոլոգիական համալիր» (տես`
օրենքի հոդված 3): Օրենքը անդրադառնում է նաև փոստային կապի ծառայություններին,
որոնք ներառում են «գործողություն կամ գործունեություն փոստային առաքանու ընդունման,
մշակման, փոխադրման եւ հանձնման, ինչպես նաեւ դրամական միջոցների փոստային
փոխադրությունների իրականացման եւ պարբերականների բաժանորդագրության գծով»(տես`
օրենքի հոդված 3):
Մամուլի պարբերականների տարածումով զբաղբող անձինք չեն կարող դիտվել իբրև
«Փոստային
կապի մասին» օրենքի սուբյեկտ, քանի որ դրանք առնչություն չունեն փոստային կապի
բնագավառի հետ, չեն իրականացնում փոստային կապի սահմանմամբ նախատեսված
գործառույթները, և առավել ևս չունեն այդ գործառույթների համար անհրաժեշտ «տեխնիկական
եւ տրանսպորտային միջոցների միասնական արտադրա-տեխնոլոգիական համալիր»: Պատահական
չէ, որ «փոստային առաքանի» հասկացությունը օրենքում չի ներառում պարբերականները և
ներառում է միայն «թղթակցություն, փոստային ծանրոցներ ու բեռնարկղեր, համապատասխան
փաթեթավորումով տպագիր հրատարակություններ»: Փոստային ծառայությունների սահմանմամբ
նախատեսված գործառույթներից որևէ մեկը առանձին չի կարող դիտվել իբրև որևէ անձին «Փոստային
կապի մասին» օրենքի սուբյեկտ հանդիսանալու որոշիչ հատկանիշ: Համապատասխանաբար, չի
կարելի հիմք ընդունելով օրենքի համատեքստից դուրս բերված «պարբերականների
բաժանորդագրության գծով» արտահայտությունը, փոստային կապի հետ ոչ մի առնչություն
չունեցող կազմակերպություններից պահանջել լիցենզիա և տարեկան հինգ միլիոն դրամ
պետական տուրք:
Ավելին` մամուլի պարբերականների բաժանորդագրությամբ և տարածմամբ զբաղվող
կազմակերպությունների լիցենզավորումը չի բխում «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով
սահմանված լիցենզավորման սկզբունքներից և նպատակներից:
Հաշվի առնելով վերոհիշյալը,
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը կոչ է անում`
- Կառավարությանը` դադարեցնել պարբերականների տարածմամբ և բաժանորդագրությամբ
զբաղվող սուբյեկտների նկատմամբ փոստային ծառայություններ մատուցողների պահանջներ
ներկացնելը, - Ազգային Ժողովին «Փոստային կապի մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներում
կատարել համապատասխան փոփոխություն, երաշխավորելով որ պարբերականների
բաժանորդագրության ծառայությունները չեն դիտվի իբրև փոստային ծառայությունների
մատուցում և ենթակա չեն լինի լիցենզավորման:
