ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ 11 ԱՄԻՍ ԱՆՑ. Հասարակության իրազեկվածությունն ու պատկերացումները
«Խաղաղարար Նախաձեռնությունների Կովկասյան Կենտրոն»
Հասարակական Կազմակերպություն
2005 թ. հունվարի 25-ից 29-ը անցկացված հեռախոսային
հարցմանը մասնակցել են Հայաստանի 1000 քաղաքացիներ, 70% -ը Երեանից, 30% -ը
համամասնաբար մյուս 10 մարզերից, կանայք` 63,3%, տղամարդիկ` 36,7%:
Տարիքային խմբերի ներկայացվածությունը. 20-30 տարեկան` 28,8 %, 31-40 տարեկան`
21,2%, 41-50 տարեկան` 22,9%, 51-60 տարեկան`15,2 %, 60 եւ ավելի տարեկան`11,9%:
Հարցման մասնակիցների19,4% -ը բյուջետային աշխատողներ են, 24%-ը մասնավոր սեկտորի,
26,8%-ը որեւե տեղ չեն աշխատում, 18,6%-ը ուսանող, 11,2%-ը թոշակառու:
Քաղաքացիներին առաջադվրած հարցաթերթը կազմվել է Մարդու իրավունքների պաշտպանի
ինստիտուտի վերաբերյալ հասարակության իրազեկությունն ու այդ ինստիտուտի մասին նրանց
պատկերացումները պարզելու նպատակով:
Արդյունքների ամփոփումը ցույց տվեց, որ բնակչության առանձին խմբերի (տարբերակված
ըստ բնակության վայրի, սեռի, սոցիալական վիճակի) պատասխաններում որոշակի միտումներ
չեն նկատվում: Տոկոսային hարաբերակցությամբ կարծիքներն ըստ խմբերի տարբերվում են
առավելագույնը 0,1 % -ով: Ստորեւ ներկայացնում ենք հարցման արդյունքները`
հարցվողների ընդհանուր թվի տոկոսային հարաբերակցությամբ:
Հարցաթերթի առաջին հարցին .«Տեղեկացվա՞ծ եք, որ Հայաստանում գործում է Մարդու
իրավունքների պաշտպանի գրասենյակը», պատասխանել են. «Այո»` 42,5 %, «Ոչ» 57,5 %:
2-րդ հարցով առաջարկվել է տալ Պաշտպանի անունը:
Հարցվածների 12,1%-ը նշել են գործող Պաշտպանի անունը:
ՄԻՊ ինստիտուտի մասին տեղեկացվածների մի մասը համարում է, որ Հայաստանի մարդու
իրավունքների պաշտպանը Պարույր Հայրիկյանն է` 1,7 %, Ավետիք Իշխանյանը` 1,5%,
Միքայել Դանիելյանը` 0,2 %:
3-րդ հարցով առաջարկվել է ներկայացնել Պաշտպանի գլխավոր գործառույթի ու
լիազորությունների մասին քաղաքացիների պատկերացումները:
Պաշտպանի գլխավոր գործառույթի եւ լիազորությունների մասին ճիշտ պատկերացումներ
ունեն մասնակիցների միայն 2,1%-ը, որոնց կեսից ավելին Մարդու Իրավունքների պաշտպանի
Ինստիտուտի մասին տեղեկացված է միջազգային պրակտիկայի մասին մամուլի
հրապարակումներից եւ գրականությունից:
Պաշտպանի գլխավոր գործառույթի եւ լիազորությունների մասին հարցվածների 30,2%-ը
թյուր պատկերացումներ ունեն, համաձայն որոնց /ներկայացնում ենք ըստ
խմբավորվածության/.
- ՄԻՊ գրասենյակը ստեղծվել է, որպեսզի տեղեկացնի քաղաքացիներին իրենց իրավունքների
մասին 8,1%
- Պաշտպանը ներկայացնում է Հայաստանի շահերը Մարդու իրվունքների հետ առընչվող
միջազգային կառույցներում 6,2%
- ՄԻՊ-ը նախագահին կից գործող մարմին է 6%
- Պաշտպանը զբաղվում է Ղարաբաղի եւ ցեղասպանության հարցերով 3,5%
- Պաշտպանը մի նոր տիպի ԱԺ պատգամավոր է 3,4%
- Պաշտպանը զբաղվում է Բուդապեշտում ադրբեջանցի մարդասպանի մահապատժի հարցերով 1,7%
- ՄԻՊ ը զբաղվում է կանանց իրավունքների պաշտպանությամբ 0,9%
- Պաշտպանը զբաղվում է սոցիալական քարտերի հարցերով 0,4%:
Այս խմբի մեծամասնության կարծիքով ՄԻՊ-ը ֆինանսավորվում է միջազգային
կազմակերպությունների կողմից, առավել հաճախ նշվում էր` «Եվրոպայի խորհրդի կողմից»
կարծիքը 20,3%:
Հարցվածների ընդհանուր թվի 11,2 %-ը Հարցաթերթի 1-ին` «Տեղեկացվա՞ծ եք, որ
Հայաստանում գործում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը» հարցին` «Այո»
պատասխանելով հանդերձ, նշել են, որ բացարձակապես տեղյակ չեն Պաշտպանի գործառույթից
ու լիազորություններից:
Կարեւոր ենք համարում նշել, որ ՄԻՊ ինստիտուտի մասին բացարձակ անտեղյակ
քաղաքացիների մեծամասնությունը, հարցումն անցկացնող աշխատակիցներից սպառիչ
տեղեկատվություն ստանալուց հետո, խնդրում էր տրամադրել Պաշտպանի գրասենյակի հասցեն
ու հեռախոսը: 29,8%
«Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների շարքում` կարեւորում եք,
արդյոք, Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կայացումը Հայաստանում»` մեր 4-րդ
հարցի վիճակագրությունը /«Այո»` 98,1%/, թույլ է տալիս որպես հավաքական կարծիք
մեջբերել հարցման մասնակիցներից մեկի պարզաբանումը` «Հայաստանի համար դա ոչ թե
պարտավորություն է, այլ անհրաժեշտություն»:
Սակայն, կարեւորելով ՄԻՊ ինստիտուտի կայացումը, մեծամասնությունն այնուամենայնիվ
այն կապում էր շատ հեռավոր ապագայի հետ, չթաքցնելով թերահավատությունը` Հայաստանում
դրական որեւե տեղաշարժի վերաբերյալ:
Հարցին «Ոչ» պատասխանողները /1,9 %/ համարում են, որ ինքնուրույն կարող են
պաշտպանել իրենց իրավունքները:
Ամփոփելով, հարկ ենք համարում նշել, որ հեռախոսային հարցման 1000 մասնակիցներից
բացի, բազմաթիվ քաղաքացիներ` «Մարդու իրավունքներ» բառակապակցութունը լսելուց հետո,
անթաքույց զայրույթով` հրաժարվում էին պատասխանել մեր հարցերին:
