ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
Հայաստանի տասներեքամյա անկախության եւ ինքնիշխանության գործնական դրսեւորումների թեմային առնչվող երկրորդ ուսումնասիրությունը հանրապետության 1526 քաղաքացիների եւ շուրջ 50 փորձագետների հավաքական կարծիքների վրա էր կառուցել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ): Հիշյալ զույգ խմբում անցկացված սոցհարցումների արդյունքներն էլ ամփոփեցին այսօր հրավիրված սեմինար-քննարկման մասնակիցները՝ եւս մեկ անգամ շեշտադրելով անկախության բերած լույսն ու ստվերը:
Կարճառոտ ներածականով սեմինարը բացեց եւ քննարկման մասնակիցներին ողջունեց ՌԱՀՀԿ-ի փորձագետ Հովսեփ Խուրշուդյանը: «Միգուցե 13 տարին այնքան մեծ ժամանակահատված չէ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը գնահատելու համար, բայց ցանկացած պարագայում անցած ուղուն հետադարձ հայացք ձգելը կարեւոր է՝ այն վերլուծելու, արժեւորելու եւ թերին ու արատավորը վերացնելու համար համապատասխան մեխանիզմներ մշակելու առումով: Հենց դրան են միտված պատահական ընտրանքի սկզբունքով ՌԱՀՀԿ-ի անցկացրած հանրային, ինչպեսեւ փորձագիտական հերթական հարցման արդյունքները, որոնք հանձնված են ձեր դատին»,- նշեց Խուրշուդյանը:
Ըստ ՌԱՀՀԿ-ի փորձագետ, Հանրային կարծիքի ուսումնասիրման ծառայության ղեկավար Ստեփան Սաֆարյանի ներկայացրած տվյալների, ՀՀ քաղաքացիների եւ փորձագետների ընդհանուր գնահատականով՝ Հայաստանի անկախությամբ պայմանավորված կորուստներն ավելին են, քան ձեռքբերումները: Այսպես՝ եթե կորուստներ-նվաճումներ հաշվեկշռում առաջինի գերազանցությունն է փաստել քաղաքացիների 43,8, իսկ փորձագետների 34 տոկոսը, ապա երկրորդ տարբերակի կտրվածքով դրական են արտահայտվել համապատասխանաբար 8,8 եւ 26 տոկոս հարցվածներ, այսինքն՝ անկախությունը փորձագիտական շրջանակում շատ ավելի գնահատելի արժեք է, քան՝ հանրության:
Մտահոգիչ այս իրողությանը զուգընթաց, անշուշտ, անկախության գալուստը նաեւ նվաճումներով է նշանավորվել, եւ դրանք նույնպես տարբեր կերպ են արժեւորում շարքային քաղաքացիներն ու փորձագետները: Եթե քաղաքացիների 28,8 տոկոսը ՀՀ անկախացման տարիների ձեռքբերում է համարել բանակի կայացումը, իսկ գրեթե 18 տոկոսը՝ Արցախի ազատագրումը, ապա փորձագետների հայացքով ընդհակառակը՝ թիվ մեկ ձեռքբերումը Արցախի ազատագրումն է (46%) եւ հաջորդը՝ բանակի կայացումը (16%): Ձեռքբերումների թվում Սփյուռքի հետ կապերի սերտացումն է նշել քաղաքացիների 8,9 տոկոսը, փորձագետների՝ 4 տոկոսը, ազատ մտածելակերպի ձեւավորումը՝ համապատասխանաբար 6,2 եւ 4 տոկոսը, պետական իշխանության ինստիտուտների կայացումը՝ 1,9 եւ 10 տոկոսը, վերադարձն ազգային, կրոնական արմատներին՝ 3,7 եւ 4 տոկոսը եւ այլն: Ուշագրավ է, որ հարցված քաղաքացիների եւ փորձագետների մի ստվար մասի՝ համապատասխանաբար 11,7 եւ 4 տոկոսի կարծիքով ՀՀ անկախացումից ի վեր ոչ մի ձեռքբերում չի եղել, իսկ առաջինների շրջանակից 4,2 տոկոսը եւ երկրորդից՝ 6-ը դժվարացել են հարցին պատասխանել:
Փոխարենը անկախության հետեւանք համարվող բացասական երեւույթների շարքում աղքատության, արտագաղթի, գործազրկության եւ սոցիալական այլ չարիքների ի հայտ գալն է շեշտել քաղաքացիների 38,4 եւ փորձագետների 24 տոկոսը, տնտեսության ոլորտի անկումն ու վայրիվերումները՝ համապատասխանաբար 10,2 եւ 4 տոկոսը, կլանների ձեւավորումը՝ 14,7 եւ 24 տոկոսը, կրթական համակարգի նահանջը՝ 9,4 եւ 6, առողջապահականինը՝ 3,6 եւ 4 տոկոսը, երկրի մեկուսացումը՝ 6,1 եւ 12 տոկոսը, արցախյան ազատամարտում կրած մարդկային կորուստները՝ 10,3 եւ 6 տոկոսը, քաղաքական-քաղաքացիական իրավունքների սահմանափակումը՝ 2,9 եւ 12 տոկոսը: Հարցվածների զույգ խմբերի ներկայացուցիչների համապատասխանաբար 45,6 եւ 50 տոկոսի ասելով՝ անկախության 13 տարիների ընթացքում իրենց ընտանիքների կենսամակարդակն ավելի է վատացել, 26,7 եւ 20 տոկոսը որեւէ փոփոխություն այդ առումով չի նշել եւ ապրելակերպի բարելավում է արձանագրել միայն հարցին պատասխանած քաղաքացիների 18,2 եւ փորձագետների 26 տոկոսը:
«Հայաստանում պետական իշխանության ո՞ր ինստիտուտի գործունեությունն է ձեր կարծիքով առավել հաճախ հակասում ժողովրդավարության սկզբունքներին» հարցին պատասխանելիս եւ քաղաքացիների, եւ փորձագետների մեծ մասը՝ համապատասխանաբար 33,7 եւ 36 տոկոսը, նշել է անխտիր իշխանության բոլոր թեւերին: ՀՀ նախագահի ինստիտուտին հակաժողովրդավարական սկզբունքների համար մատնացույց է արել առաջին խմբի հարցվածների 13,9, իսկ երկրորդ խմբի՝ 36 տոկոսը, դատական իշխանություններին՝ 9,6 եւ 26 տոկոսը, Ազգային ժողովին՝ 9,2 եւ 2 տոկոսը:
