Ի՞նչ ժամկետներով են պահվում նախնական կալանքի վերցված անձինք:

Կալանքը որպես խափանման միջոց կարող է ընտրվել այն մեղադրյալի նկատմամբ, որին վերագրվող հանցանքի համար նախատեսվում է պատիժ ազատազրկման ձեւով՝ 1 տարուց ավելի ժամանակով, մնացած դեպքերում պետք է ընտրվեն խափանման այլ միջոցներ: Նախնական կալանքի առավելագույն ժամկետը 2 ամիս է: Առանձին դեպքերում այդ ժամկետը կարող է դատարանի որոշմամբ երկարացվել, սակայն յուրաքանչյուր դեպքում ոչ ավելի, քան 2 ամսով: Նախնական կալանքի ընդհանուր ժամկետը չի կարող 1 տարուց ավելի լինել: Քրեական գործը դատարանի վարույթ ընդունելուց հետո նշված 1 տարվա ժամկետի ընթացքը կասեցվում է:
Եթե մինչեւ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելը լրացել է անձին նախնական կալանքի տակ պահելու մեկ տարվա ժամկետը, ապա, անկախ անձին վերագրվող հանցանքի բնույթից, անձը ենթակա է կալանքից անհապաղ ազատման:
Հարց. Ձերբակալում եւ կալանավորում. տարբերվո՞ւմ են, արդյոք, այդ երկու հասկացությունները:
Պատ. Ձերբակալումն անձին արգելանքի վերցնելն է, նրան հետաքննության մարմին կամ վարույթն իրականացնող մարմին բերելը, համապատասխան արձանագրություն կազմելը եւ այդ մասին նրան հայտարարելը օրենքով որոշված վայրերում եւ պայմաններում արգելանքի տակ կարճաժամկետ պահելու համար: Ձերբակալվածներին պահելու վայրերում անձին պահելու հիմքը քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան կազմված ձերբակալման արձանագրությունը կամ ձերբակալման մասին քրեական հետապնդման մարմնի որոշումն է:
Կալանավորումը խափանման միջոց է, օրենքով նախատեսված տեղերում եւ պայմաններում անձին կալանքի տակ պահելը: Կալանավորվածներին պահելու վայրերում անձին պահելու հիմքը քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան կայացված դատարանի որոշումն է՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Այն կիրառվում է միայն մեղադրյալի նկատմամբ:
Առանց նշված հիմքերի ձերբակալվածներին պահելու վայրերում կամ կալանավորվածներին պահելու վայրերում անձին ընդունելն ու պահելն արգելվում է: