Առաջիկայում Հայաստանի Հանրապետության դեմ համատարած որոշումներ են լինելու

Հարցազրույց Փաստաբանների
պալատի անդամ Լուսինե Սահակյանի հետ

Վերջերս Մարդու իրավունքների
եվրոպական դատարանը բավարարեց քաղաքացի Կամո Փիրուզյանի գանգատն ընդդեմ Հայաստանի Հանրապետության.
ի՞նչ խախտումներ են արձանագրվել այս գործով:

Սա այն բացառիկ գործերից մեկն
էր, որտեղ գրեթե կոմպլեկտային որոշում կայացվեց կալանքի հետ կապված բոլոր խնդիրներով,
որ առկա է մեր դատական պրակտիկայում: Եվրոպական դատարանը ճանաչեց Մարդու իրավունքների
եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 5-րդ հոդվածի (ազատության և անձնական անձեռնմխելիության
իրավունք) 1-ին, 3-րդ և 4-րդ մասերի միանգամից մի քանի կետերի խախտումներ:

Փիրուզյանը 2006թ. մեղադրվում
էր սպանության փորձ և ավազակային հարձակում կատարելու մեջ: Ի սկզբանե պնդում էր, որ
ինքը ոչ մի առնչություն չունի հանցագործություններ հետ, ներկայացնում էր այլուրեքություն,
որ ինքը հանցագործության կատարման պահին տանն է եղել: Նրա այլուրեքությունը հաստատում
էր կինը՝ պնդելով, որ ամուսինն այդ ժամին տանն է եղել:

Այս գործով խախտումները բազմաթիվ
էին. կինը նորածին երեխայի հետ տեղափոխվել էր ոստիկանություն, ոստիկանությունում նրա
նկատմամբ բռնություն էր գործադրվել, նրան ահաբեկել էին, սպառնացել էին, որ երեխային
կշպրտեն պատուհանից, պետք է գրի, որ ամուսինը տանը չի եղել: Նման պայմաններում էր քննվել
այս գործը:Մեկ տարի 2 ամիս հետո Փիրուզյանն արդարացվեց, բայց այդ ողջ ընթացքում նա
գտնվել է կալանքի տակ:

Մենք՝ փաստաբաններս, փորձում էինք
դատարաններին բացատրել, որ որևէ հիմք չկար անձին կալանավորելու, որովհետև չկային հիմնավոր
կասկածներ կամ ապացույցներ, որ նա առնչություն ունի հանցագործության հետ: Բացի այդ,
չկար որևէ փաստ, ապացույց, որ Փիրուզյանն ազատության մեջ մնալով կխոչընդոտի քննությանը,
կթաքնվի քննությունից կամ կկատարի նոր հանցագործություն: Այս պայմաններում դատարանը
Փիրուզյանի նկատմամբ ընտրում է կալանքը որպես խափանման միջոց, իսկ հետագայում էլ նաև
երկարացնում է կալանքի տակ պահելու ժամկետը:

Դուք՝ փաստաբաններդ, բազմիցս բողոքի ձայն ենք բարձրացրել կալանքը որպես խափանման
միջոց կիրառելու համատարած որոշումների դեմ: Խնդիրն, ի վերջո, օրենսդրությա՞ն հետ է
կապված, թե՞ պրակտիկայի:

Խնդիրներ կան և՛ օրենսդրության
առումով, և՛ պրակտիկայի: Մասնավորապես՝ Քրեական դատավարության օրենսգրքի նախկին 138-րդ
հոդվածը սահմանում էր, որ երբ քրեական գործը տեղափոխվում է դատարան, ապա անձի կալանքի
տակ պահելու ժամկետը կասեցվում է: Մենք այն ժամանակ հարց էինք բարձրացնում, որ սա ՄԻԵԿ
5-րդ հոդվածի խախտում է և այդ նորմը չպիտի լինի:

Իսկ 143-րդ հոդվածը սահմանում
էր, որ եթե անձը մեղադրվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման
մեջ, ապա նրա նկատմամբ խափանման միջոց գրավի կիրառումն անթույլատրելի է: Մենք պնդում
էինք, որ սա նույնպես Կոնվենցիայի խախտում է: ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրեց նախադեպային
որոշումներ, որոնցով հաստատեց, որ այս երկու հոդվածները Կոնվենցիային հակասում են և
չպետք է կիրառվեն, և պետք է ասել, որ դրանից հետո դատարանները հիմնականում չեն կիրառում
այս հոդվածները:

Խնդրահարույց էր նաև այն պրակտիկան, որ դատարաններն առանց քրեական
գործով ձեռքբերված որևէ ապացույցի անձանց նկատմամբ կալանքն ընդունում են որպես խափանման
միջոց: Վճռաբեկն այս առումով ևս նախադեպային որոշում կայացրեց, որ անթույլատրելի է
առանց որևէ հիմքի անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելը, սակայնՎճռաբեկ
դատարանը հետևողական չեղավ այս հարցում և մեր կողմից ուղարկված շատ բողոքներ ուղղակի
վերադարձնում է՝ նույնաբովանդակ պատճառաբանությամբ, որ իբրև թե մենք մեր բողոքում չենք
հիմնավորել, որ կայացվելիք դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի
միատեսակ կիրառության համար կամ որ դատական սխալն առաջացրել է ծանր հետևանքներ: 

ՄԻԵԴ–ը Կամո Փիրուզյանի և նաև այլ գործերով հստակ սահմանել է,
որ այլևս անթույլատրելի է այս գործելաոճը, որը կա Հայաստանում, որ անձինք համատարած
կալանավորվում են: Բայց այդ գործելաոճը շարունակվում է, որի հետևանքով Հայաստանի Հանրապետությունը
տուժում է և տուժում է ՀՀ հարկատուն: Փոխհատուցման այն գումարը, որ սահմանել է ՄԻԵԴ-ը,
Կամո Փիրուզյանին վճարելու ենք մենք՝ հարկատուներս, այն բանի համար, որ դատարանները
նրա իրավունքները ոտնահարել են, իսկ Վճռաբեկ դատարանն էլ աչք է փակել դրա վրա: Տարիներ
շարունակ այս նույն իրավիճակն է, և սայլը տեղից չի շարժվում:

ՀՀ դեմ ՄԻԵԴ ուղարկվող
գանգատներն ավելի շատ ո՞ր իրավունքների խախտումներին են վերաբերում:

Ինչպես արդեն նշեցի, շատ են գործերը ՄԻԵԿ 5-րդ հոդվածով (ազատության
և անձնական անձեռնմխելիության իրավունք), 3-րդ հոդվածով (անձի նկատմամբ նվաստացուցիչ
և անմարդկային վերաբերմունք, խոշտանգում): Գերակշռում են գործերը 6-րդ հոդվածով, այսինքն՝
արդար դատավարության իրավունքի վերաբերյալ, նաև՝ Կոնվենցիային կից առաջին արձանագրության
1-ին հոդվածով գործերն են շատ՝ սեփականության իրավունքի հետ կապված խնդիրներ իրացման
գոտիների բնակիչներից:

Նշեմ, որ 10-րդ և 11-րդ հոդվածների հետ կապված (արտահայտվելու
ազատություն և հավաքների ու միավորման ազատություն) ՀՀ լուրջ խնդիրներ է ունենալու՝
հատկապես մարտիմեկյան դեպքերի հետ կապված գանգատներով:

Վերջին շրջանում ՄԻԵԴ–ում
իրար հետևից ՀՀ դեմ որոշումներ են կայացվում . ո՞րն է սրա պատճառը և ի՞նչ եք կանխատեսում:

Պատճառն այն է, որ ժամանակին շատ բողոքներ չէին ներկայացվում:
Եվ քանի որ պրոցեսը երկար է տևում, նոր-նոր սկսել են որոշումներ կայացնել և առաջիկայում
համատարած որոշումներ են լինելու ՀՀ դեմ:

Գումարային պահանջները,
որոնք ներկայացվում են գանգատներում, ամբողջությա՞մբ են բավարարվում:

Ոչ, ամբողջությամբ չեն բավարարվում: Եվ մենք տեսնում ենք, որ
դատարանը սկզբնական շրջանում ավելի մեծ գումար է սահմանում խախտման համար, որպեսզի
երկրում վիճակը շտկվի: Հետո ավելի քիչ գումարներ է սահմանում, եթե տեսնում է, որ իրավիճակը
շտկվում է:

Իսկ Կամո Փիրուզյանի դեպքում
փոխհատուցման գումարը ձեզ, որպես փաստաբան, բավարարո՞ւմ է:

Ոչ,որովհետև ես
կարծում եմ, որ 1 տարի 2 ամիս ապօրինի անազատության մեջ գտնվելու պարագայում 8000 եվրոն
շատ քիչ գումար է: