ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Հրապարակն» ու ԴԱՀԿ–ն համաձայնության են եկել

«Հրապարակ» թերթը և ԴԱՀԿ-ն համաձայնության են եկել. դատական գործն ավարտվել է համաձայնությամբ. թերթի խմբագրությունը մեկ ամիս անց կհրապարակի մի հոդված, որը նախապես համաձայնեցվել է երկու կողմերի հետ:
Հիշեցնենք, որ դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի կարծիքով օրաթերթը օգոստոսին հրապարակած 2 հոդվածներում (Դատական դեպարտամենտը՝ «Միսակնոց»-1 և Դատական դեպարտամենտը՝ «Միսակնոց»-2) 3 անգամ վիրավորել և 9 անգամ զրպարտել է իրեն։
«Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանը մեզ տեղեկացրեց, որ համաձայնությամբ նախատեսվող հոդվածում թերթը հրապարակելու է, որ տպագրված հոդվածներում ուրիշի ուղղակի խոսքով ներկայացված են եղել ԴԱՀԿ աշխատողների նամակը ընդդեմ Միսակ Մարտիրոսյանի և թերթը ափսոսում է, որ նամակում առկա են եղել փաստեր, որոնք վիրավորել են Միսակ Մարտիրոսյանի արժանապատվությունը։ Դա թերթի կարծիքը չի եղել, թերթն ուղղակի փոխանցել է այդ մարդկանց բողոքը:
«Կարծում եմ, որ ԴԱՀԿ-ն որոշեց համաձայնության գալ, քանի որ լրատվամիջոցների կողմից բարձրացրած աղմուկը շատ մեծ էր ու անսպասելի: Ես շատ շնորհակալ եմ իմ գործընկերներին, քանի որ նրանց շնորհիվ է, որ ԴԱՀԿ-ում հասկացան՝ ամոթ է, որ դատական դեպարտամենտը դուրս է գալիս թերթի դեմ»:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
