ՀՀ վարչական օրենսդրությունը փոփոխության կարիք ունի

Հայաստանի վարչական օրենսգրքի համաձայն՝ հանրային իրավունքի սկզբունքները և ընթացակարգերը պարտադիր են միայն պետական մարմինների համար, այն դեպքում, երբ հաճախակի խախտումներ են լինում մասնավոր կառույցների կողմից, ովքեր կատարում են պետության կողմից պատվիրակված գործառույթներ։

ՀՀ վարչական արդարադատության մոնիտորինգի արդյունքում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները այս և մի քանի այլ եզրակացությունների են հանգել, որոնց համար նաև հստակ լուծումներ են առաջարկում իրենց հրապարակած զեկույցում։

Վարչական դատարանի մոնիտորինգն իրականացրել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ։ Ապրիլի 19-ին ներկայացվեց մոնիտորինգային զեկույցը և քննարկում ծավալվեց վարչական արդարադատության հիմնախնդիրների վերաբերյալ:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»  ՀԿ-ն ուսումնասիրել է  2009 -2010թթ  353 դատական գործեր, որոնք ընթացել են 807 դատական նիստերով։

ՀԿ-ի նախագահ Սիրանուշ Սահակյանն առանձնացրեց Եվրոպական երկրների փորձը, ըստ որոնց՝ պետությունները հետևողական են լինում, որ համապատասխան մասնավոր  կազմակերպությունները հետևեն հանրային իրավունքի սկզբունքներին այն դեպքում, երբ իրականացնում են հանրային գործառույթներ, որն ըստ էության բացակայում է Հայաստանում։

«Հայաստանում մի շարք պետական գործառույթների մասնավորեցման միտում է նկատվում, և ստացվում է, որ այդ մասնավոր կազմակերպությունները՝ իրականացնելով պետության կողմից պատվիրակված գործառույթներ, չեն առաջնորդվում վարչական իրավունքի սկզբունքներով»,- ասում է Սահակյանը։

Հաջորդ օրենսդրական բացթողումը մոնիտորինգի ներկայացուցիչները համարում են այն, որ երբ վարչաիրավական հարաբերություններից բխող վեճը դատարան է ներկայացվում վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված ժամկետների խախտմամբ, դրանց հետևանքները օրենսգրքով նախատեսված չեն։

«Դիտարկման արդյունքներով պարզ դարձավ, որ բազմաթիվ են այն գործերը, երբ վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը՝ պատճառաբանելով, որ վեճը չի բխում վարչական իրավահարաբերություններից և ենթակա է քննության ընդհանուր իրավասության դատարաններում, հետագայում անձը դիմում է ընդհանուր իրավասության դատարան, և դատարանը գտնում է, որ հայցը վարչաիրավական բնույթ ունի և չի կարող քննվել ընդհանուր իրավասության դատարանի կողմից, և այս դեպքում անձը պարզապես փակուղում է հայտնվում»,- ասում է Սահակյանը։

Նման որոշումների դեմ բողոք ներկայացնելն անիմաստ է դառնում, քանի որ վճռաբեկ դատարանի կողմից արդյունավետ լուծումներ չեն լինում։ Արդար դատավարության իրականացմանը նաև խոչընդոտում է դատավորների գերծանրաբեռնվածությունը,  դատական նիստերի անհիմն հետաձգումներն, օրինակ, երկու ամսով։

Սահակյանը խնդիր է համարում նաև հայցադիմումը վարութ ընդունելու միասնական պրակտիկայի բացակայությունը Հայաստանում, երբ միևնույն հարցի վերաբերյալ դատարանները դրսևորում են տարբերակված մոտեցում։

«Օրինակ Ինֆորմացիայի ազատություն կենտրոն հասարակական կազմակերպությունը  մի շարք դատական գործեր էր ունեցել ընդդեմ տարբեր պետական պաշտոնյաների տեղեկատվություն տրամադրելու ու նրանց վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Վարչական դատարանի որոշ դատավորներ, ընդունել էին վարույթ, քննել ու մերժել, որոշ մասը ի սկզբանե մերժել էր, եղել էին դեպքեր, երբ դատարանը բավարարել էր պահանջը ու պատասխանատվության ենթարկել»,- փաստում է Սահակյանը։

ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանի կարծիքով՝ այս մոնիտորինգը մեծ օգնություն է նախարարության համար, որը թույլ կտա ամբողջացնել իրականացվելիք բարեփոխումները։

«Զգալի խնդիրները մեզ համար հայտնի են, Վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությունների փաթեթն այս պահին պատրաստ է, ու հույս ունենք, որ ԱԺ կողմից այն կընդունվի»,- ասաց Օրբելյանը։

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am