Կոռուպցիան բնական երևույթ համարող հայաստանցիների թիվն աճել է

Վերջին երկու տարում 11%-ով ավելացել է ՀՀ քաղաքացիների թիվը, ովքեր կոռուպցիան բնական երևույթ են համարում՝ համաձայն միջազգային ծրագրի հերթական ուսումնասիրության արդյունքների:

«Շատ ցավալի է, որ մարդիկ այս հարցին դրական են պատասխանում, քանի որ դա նշանակում է, որ նրանք չեն գիտակցում, թե կոռուպցիան ինչ վնասներ կարող է տալ ու դա բնական երևույթ են համարում, որի դեմ չեն պայքարում»,- կարծում է  Եվգենյա Պատուրյանը՝ ուսումնասիրության՝ տվյալների նախաձեռնության և մեթոդաբանական դասընթացների գծով ծրագրերի ղեկավարը։

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ-Հայաստան(ՀՌԿԿ) ծրագիրը  2008-2010թթ -ին «Կոռուպցիան Հայաստանում. տնային տնտեսությունների հետազոտություններ»-ն իրականացնում է ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի շրջանակներում:  Ամեն տարի Երևանից ու մարզերից 1500 և ավելի մարդու տրվել է 80 հարց՝ պարզելու կոռուպցիային առնչվող խնդիրների առկայությունը Հայաստանում։  Հարցումներին պետք է մասնակցեին ոչ միայն սովորական մարդիկ, գործարարներ, այլ նաև՝ պաշտոնյաներ:

Պատուրյանը ցավալի է համարում այն փաստը, որ  ՀՀ կառավարությունը հրաժարվել է ՀՌԿԿ-ին թույլտվություն տալ հարցումներ անցկացնել պաշտոնյաների շրջանակում. «Մեզ այդպես էլ չպատճառաբանեցին, թե ինչու դա նպատակահարմար չեն գտնում, միայն ոչ պաշտոնական խոսակցությունների ընթացքում ասացին, որ ինչ-որ ռեֆորմներ են պատրաստվում իրականացնել։ Վատն այն է, որ ծրագիրն արդեն ավարտվում է, ու այդ ոլորտն այդպես էլ բաց է մնացել ուսումնասիրության համար»։

Հայաստանում կոռուպցիան որպես լուրջ հիմնախնդիր ընկալողների թիվը նվազել է՝ 5%-ով։ Հարցումների մասնակիցների նախանշած լուրջ հիմանխնդիրների սանդղակում կոռուպցիան զբաղեցնում է վեցերորդ տեղը՝ նախորդ տավա հինգերորդի փոխարեն։

Առավել կոռումպացված հաստատություններ են համարվել դատախազությունը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ ոլոտներից առանձնացվել են առողջապահությունը, ընտրական համակարգը և կրթությունը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կոռուպցիայի մասին հայտնելը համարվում է հասարակայնորեն անընդունելի երևույթ, իսկ կառավարության և հասարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն ջանքերի մասին տեղյակ են եղել հարցվածների ոչ ավելի քան 20 տոկոսը:

Հայաստանի ամենալուրջ խնդիրներն են համարվում՝ գործազրկությունը, աղքատությունը և ընդհանուր տնտեսական խնդիրները:

Կոռուպցիան, ըստ հարցումների, տարածված է նաև Սոցիալական ապահովության ոլորտում, բիզնեսի բնագավառում, անգամ՝ եկեղեցիներում:

Քաղաքականության և պետական կառավարման համակարգով չհետաքրքրվողների թիվը 2008թ-ի համեմատ 2010թ-ին ավելացել է՝ 4%-ով: Հայաստանի ներկա տնտեսական վիճակը բացասական գնահատողների թիվն աճել է ընդամնեը 1%-ով։ Իսկ Հայաստանի ընդհանուր վիճակով «ոչ բավարարվածներ»-ի  թիվն անցյալ երկու տարիների ընթացքում աճել է 10% -ով։

Ուսումնասիրվել են նաև Զանգվածային լրատվության միջոցները. վերջին երկու տարում Հանրային հեռուստաընկերության հեռուստադիտողների թիվը նվազել է 6%-ով, իսկ «Շանթ»-ի հեռուստալսարանը՝ համալրվել  9 %-ով:

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am