Սեռական բռնության զոհ դարձած երեխայի պատիվը գնահատվում է 100.000 դրամ

Նոյեմբերի 19-ը երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրն է։ «Երեխաների պաշտպանության ցանցի» անդամ կազմակերպությունները երեխաների դեմ բռնության թեմայով քննարկումների շարք են անցկացրել Երևանում և մարզերում, որի արդյունքներն ամփոփեցին կլոր սեղանով։

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2005-2009 թթ. արձանագրվել է «անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների» կատարման 19 դեպք, որից 8-ը մինչև 14 տարեկան երեխաների նկատմամբ։
«Սրանք բացառապես այն դեպքերն են, երբ բռնության ենթարկվածը դիմել է ոստիկանություն: Բայց դա փոքր թիվն է այն բռնությունների, որ իրականում մենք ունենք: Եթե երեխան ընտանիքում, նամանավանդ` եթե ընտանիքի անդամի կողմից է ենթարկվում բռնության, առավել ևս՝ սեռական բռնության, դա համարվում է ամոթ և պահվում է այդ ընտանիքի պատերի ներսում, դա դուրս չի հանվում: Եվ ընտանիքը մտածում է իր պատվի մասին, հասարակության կարծիքի, արդյունքում` երեխան շատ լուրջ հոգեկան տրավմա է տանում, այսինքն` կրկնակի անգամ բռնության է ենթարկվում»,- ասում է People in Need կազմակերպության կողմից իրականացվող «Երեխաների թրաֆիքինգի կանխարգելում» ծրագրի ղեկավար Տաթևիկ Բեժանյանը:
Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանի ներկայացրած տվյալներով՝ երեխաների նկատմամբ բռնությունների ամենատարածված ձևերն են՝ ֆիզիկական բռնությունները, երեխաների անտեսումը, որը հանգեցնում է տարբեր անցանկալի հետևանքների, հասակակիցների միջև բռնությունները և սեռական բնույթի ոտնձգությունները։
Քննարկումների ժամանակ, որպես բռնություն ծնող հիմնական պատճառներ, նշվել են՝ երեխաների իրական կարիքները չիմանալը կամ անտեսելը, ծեծը դաստիարակության արդարացված միջոց համարելը, ծնողների անփութությունն ու անպատասխանատվությունը երեխաների նկատմամբ, ծնողական հմտությունների պակասը և սոցիալապես անապահով վիճակը, որի դեպքում ծնողը հնարավորություն չի ունենում ապահովելու երեխայի լիարժեք խնամքն ու դաստիարակությունը։
Ըստ Միրա Անտոնյանի՝ բռնությունների չբացահայտման հիմնական պատճառները հասարակության վերաբերմունքն է և համապատասխան կառույցների անբավարար աշխատանքը։

Բռնությունների մի մասը իրականացվում է դպրոցներում՝ աշակերտ-աշակերտ և աշակերտ-ուսուցիչ փոխհարաբերություններում։ Անտոնյանի խոսքերով՝ մեծ բացթողում կա դպրոցներում այն իմաստով, որ ուսուցիչները վերածվել են միայն դաս տվողների, իսկ դաստիարակչական ֆունկցիան մղվել է ետին պլան։ Մյուս խնդիրը դպրոցներում հոգեբանների և սոցաշխատողների բացակայությունն է։ Թեև օրենքը տալիս է այդ հաստիքները ստեղծելու հնարավորությունները, սակայն շատ տնօրեններ չեն կարևորում այդ մասնագետների առկայությունը դպրոցում կամ դա կիրառում են ձևականորեն։
Միրա Անտոնյանը առկա խնդիրներից առանձնացրեց նաև բռնության ենթարկված երեխաների երկարատև վերականգնողական կենտրոնների, ապաստարանների բացակայությունը։
Մյուս մտահոգությունը, որ հնչեցվել է քննարկումների ժամանակ, ծնողական հմտությունների պակասն է. «Մենք ամեն ինչի համար մասնագետ պատրաստում ենք, բայց ոչ մեկին չենք պատրաստում լինել ծնող։ Ծնողների մեծ մասը ստիպված է կրկնել այն փորձը, որ ինքը, որպես զավակ, ունեցել է իր ընտանիքում։ Դժբախտաբար, միշտ չէ, որ այդ փորձը դրական է»,- ասում է Մ.Անտոնյանը։ Նա զարմացած է, որ առաջարկվել է ստեղծել մայրերի դպրոց։ «Իսկ ո՞ւր են հայրերը։ Ես կառաջարկեի ունենալ ծնողական դպրոց»,- նշում է նա՝ ավելացնելով, որ առանց դրա դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է առողջացնել հասարակությունը։
Օրենսդրական դաշտում ևս շատ անելիքներ կան, քանի որ քրեական և ընտանեկան օրենսգրքում շատ հոդվածներ կան, որոնք բավական լոյալ և մեղմ են բռնարարքներ իրականացնողների համար։ «Դրամական պատժամիջոցները սեռական ոտնձգություն իրականացնողների համար ծիծաղելի աստիճան անընդունելի են։ Դա նշանակում է, որ մենք 100.000 դրամ ենք գնահատում մի երեխայի կյանքը, որի ամբողջ կյանքն ու ապագան է ավերվել»,- ասում է Միրա Անտոնյանը։
«Մենք ասում ենք` ազգ ենք, որի համար երեխան գերագույն արժեք է, բայց երբ նայում ենք իրականությանը, թե ինչ է կատարվում, ստացվում է, որ մենք միայն խոսում ենք այդ մասին։ Իրականում մեր երեխաները պաշտպանված չեն», - կարծում է Տաթևիկ Բեժանյանը:
Վերջում հավելենք, որ «Երեխաների պաշտպանության ցանցը» գործում է 2005 թվականից, որին այս պահին անդամակցում են 12 կազմակերպություններ՝ «Վորլդ վիժն», Հայ օգնության միություն, Հայ օգնության ֆոնդ, «People in Need», «Օրրան» ԲՀԿ և այլն։

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am