«Հայաստանում գենդերային խնդիր չկա»

2010 թվականի նոյեմբերի 3-ին Մամուլի ազգային ակումբում «ՀՀ գենդերային օրենսդրության փոփոխությունները. դրանց իրավական և հասարակական քաղաքական հնարավոր հետևանքներն ու արդյունքները» թեմայի շուրջ քննարկում եղավ, որոնց հիմնական զեկուցողները Ազգային ժողովի տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ էին:

ԱԺ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Կարինե Աճեմյանի խոսքերով՝ իրենք ուսումնասիրել են միջազգային փորձը և առաջարկում են նախագիծ ստեղծել, որի համաձայն կանանց թիվը ԱԺ-ում (131 տեղ) կլինի առնվազն 10 տոկոս:
Քննարկման ընթացքում, որը ավելի շուտ նման էր գենդերային տարբերությունների, դրա դրական և բացասական կողմերի մասին կարծիքներ կիսելուն, մասնակիցներից ոմանք ժամանակ առ ժամանակ նշում էին, որ «իրենք ուրիշ բան քննարկելու համար են հավաքվել»: Մասնավորապես, «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էր հաճախ հիշեցնում այդ մասին, որը քննարկման կեսից ցուցադրական կերպով լքեց ակումբը:
Գենդերային խնդիրների մասին քննարկելիս կարծիք հնչեց, որ մեր մտածողության մեջ և աշխարհայացքում, մեր երկրում գենդերային խնդիր չկա, որովհետև «գենդեր» բառ չկա անգամ հայոց լեզվում:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ պետք է գենդերային ներդաշնակություն լինի:
«Գենդեր տերմինը մտցնում է շատ մեծ շփոթ, որովհետև անգամ սոցիալական դերակատարման մեջ պետք է խոսել ներդաշնակության մասին: Ի վերուստ տրված մեր չքնաղ տարբերությունները տրված նրա համար, որ մենք կարողանանք իրար լրացնելով մեր հասարակական կյանքը կառավարել: Եվ պատահական չէ՝ որտեղ կնոջ դերը քիչ է, այնտեղ կառավարումը ուղղակի անճոռնի է: Հայաստանյան մշակույթը ոչ միայն պատմականորեն է տղամարդու մշակույթ, այլ նաև ուժային առումով: Երկրորդը բավականին բացասական դերակատարություն ունի: Պետք է խոսենք ներդաշանակության մասին, որն ավելի ազգային է, եթե ընդունենք, որ ավելի մոտ է մեր հոգեկերտվածքին, և այն որևէ մեկին չի դնում պարտվողի կամ հաղթողի դերի մեջ: Ամենալավ օրենքով նույնիսկ մենք չենք ունենա մեր ուզած նպատակը, այն է՝ լավ կառավարում: Որակյալ կառավարում մենք կստանանք, եթե շեշտը դնենք իրավական պետության կայացման, ուժեղ, այլ ոչ թե ուժային իշխանություն ունենալու վրա: Այդ ժամանակ կնոջ թե՛ բիզնես, թե՛ քաղաքականություն, թե՛ այլ սեկտոր մտնելը չի պարունակի այնքան վտանգներ, որ տղամարդն ասի՝ պետք չէ քեզ գնալ այնտեղ: Կարծում եմ՝ քաղաքականության մեջ խելացի տղամարդկանց ներգրավումով մենք լուծելու ենք գենդերային հարցը»,- ասում է նա:
«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը գտնում է, որ հավասարության հնարավորությունների խնդիր կա:

«Եթե համակարգ է, բոլորս տարր ենք՝ և՛ կանայք, և՛ տղամարդիկ: Եվ որքանով մենք իրագործենք մեր հնարավորությունները, այնքանով համակարգը կզարգանա և առաջընթաց կունենա: Այսօր աշխարհն ընդունել է սոցիալական ուղղվածության զարգացում: Գենդերային քաղաքականությունը պետք է համաձուլվի դրա հետ, դա պետք է լինի կյանքի օրենք: Տղամարդը կնոջը պետք է թողնի իր տիրույթ, կինն էլ՝ տղամարդուն: Հիշում եք պատմություն, մեր հայրերը այնպիսի ուտեստներ էին պատրաստում, մեր մայրերը հանգստանում էին, հայրերը աշխատում էին, առավոտ 6-ին... ո՞վ էր շուկա գնում: Տղամարդիկ էին գնում: Պետք է հասկանանք մի բան՝ առանց կնոջ չկա առաջընթաց, առանց կնոջ չկա կյանք: Եթե մենք այդպես չենք մտածում, ուրեմն թերի ենք»,- ասում է նա:

Վերադառնալով քննարկման բուն թեմային «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» նախագահ Ջեմմա Հասրաթյանը նշեց, որ «Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս արտգործնախարար Արմեն Կիրակոսյանի ներկայացրած 3-րդ, 4-րդ պարբերական զեկույցներում կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերցման կոնվենցիայի կատարման մասին հաշվետվության կապակցությամբ ընդունված երաշխավորություններում գրված է հետևյալը՝ երաշխավորել Հայաստանի Հանրապետությանը ավելի, քան առաջարկվող 20 տոկոսը քվոտաներ սահմանել օրենսդրական փաստաթղթում»:
«Արդեն դա գրված է, մենք ինչու՞ ենք որոշում՝ մենք ուզում ենք փոխել, թե ոչ: Մենք չունենք մի կուսակցություն, որն ասի, որ իր ներսում չունի կանանց ներկայացվածության այն շերտը, որոնց կարող է ներկայացնել իր ցուցակներում»,- ասում է Ջեմմա Հասրաթյանը:

Աննա Բարսեղյան
Աղբյուր՝ www.hra.am