Ինտերնետային լրատվամիջոցների մոնիտորինգ

2006թ. հոկտեմբերից մինչեւ 2007թ. մայիսն ընկած ժամանակահատվածում
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի կողմից անցկացված
լրատվամիջոցների ինտերնետային տարբերակների մոնիտորինգի նպատակը` լրատվամիջոցներում
տեղ գտած անհանդուրժողականության, թշնամանքի, խտրականության եւ նպատակաուղղված
հետապնդումների դեպքերի հայտնաբերումն էր: Մոնիտորինգի առաջին մասը նվիրված է
բացասական բառապաշարի օգտագործման, անհիմն մեղադրանքների եւ թշնամանքի սերմանման
դեպքերին: Հոդվածներում օգտագործված նյութի վերլուծությունը ցույց է տվել, որ որոշ
լրատվամիջոցներ նպատակաուղղված փորձում են կրոնական շարժումները, այդ թվում «նոր
կրոնական շարժումները» եւ «ավանդականները» վերածել հասարակական
անհանդուրժողականության թիրախի:

Այս դեպքում, լրատվամիջոցները դիտարկվել են միջազգային չափանիշներին եւ 2005թ.
փոփոխված ՀՀ Սահմանադրության պահանջներին հակասելու տեսանկյունից: Մոնիտորինգի
երկրորդ մասի նպատակը այն լրատվամիջոցների հայտնաբերումն է, որոնք մասնակցում կամ
աջակցում են այսպես կոչված «աղանդավորական շարժումների» դեմ կրոնական եւ ոչ
կրոնական կազմակերպությունների վարած պայքարին:

Անհանդուրժողականության գնահատման հիմնական չափանիշը «Անհանդուրժողականության բոլոր
ձեւերի եւ կրոնի ու հավատքի հիմքով խտրականության վերացման մասին» հռչակագրի (1981)
սահմանումներն են: Այս փաստաթղթում կա երկու սահմանում: Դրանք պարզաբանում են, թե
ինչն է համարվում հիմնական կամ ավանդական կրոնին չդավանող կրոնական խմբերի եւ
անհատների նկատմամբ անհանդուրժողականության, խտրականության եւ թշնամանքի սերմանմանը
միտված քարոզ: Հռչակագրի1 2-րդ հոդվածի 2-րդ մասում «կրոնի եւ հավատի հիմքով
անհանդուրժողականությունը եւ խտրականությունը» սահմանվում է այսպես.

Ներկա հռչակագրով, «կրոնի կամ հավատքի հիմքով անհանդուրժողականություն եւ
խտրականություն» արտահայտությունը նշանակում է ցանկացած տարբերակում, բացառում,
սահմանափակում կամ նախընտրություն, որ հիմված է կրոնի կամ հավատքի վրա, եւ որի
նպատակը կամ հետեւանքն է` կանխել կամ խոչընդոտել մարդու իրավունքների եւ հիմնարար
ազատությունների հավասար ճանաչումը, վայելումը կամ կիրառումը:

Ավելին, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային համաձայնագրի 20-րդ
հոդվածի 2-րդ մասը սահմանում է կրոնական թշնամանք քարոզելու անթույլատրելիությունը:
Ըստ այդ համաձայնագրի, կրոնական ատելության սերմանումը հավասարազոր է թշնամանքի եւ
խտրականության քարոզին:

«Ազգային, ռասայական կամ կրոնական ատելության պաշտպանությունը, որ առաջ է բերում
խտրականություն, թշնամանք կամ բռնություն, արգելվում է օրենքով»:

«Աղանդավորական» բառը վերցված է չակերտներում, քանի որ այն իր մեջ` արտահայտված
բացասական վերաբերմունք է պարունակում որոշակի խմբի կամ անհատների նկատմամբ:
Այդուհանդերձ, այս տերմինը կարող է գործածվել չեզոք գիտական
ուսումնասիրություններում կամ պետական տվյալներում: Այս վերլուծություններում
համեմատաբար նոր ի հայտ եկած դավանանքների համար կիրառվել է «նոր կրոնական շարժում»
տերմինը: Հարկ է նշել, որ այս տերմինը ամենահարմարը չէ այս կարգի
վերլուծությունների համար, քանի որ որոշ դավանանքներ այլեւս նոր չեն, եւ չկա հստակ
ժամկետ, որից հետո տվյալ դավանանքը դադարում է նոր երեւույթ համարվելուց:
Վերլուծության մյուս չափանիշը ավելի շուտ խմբի կարգավիճակի կամ գործունեության, քան
դավանաբանական ծագումնաբանության տարբերակումն ու վատթարացումն է:

Վերլուծությունը հիմնվում է միայն ինտերնետային տարբերակներում հրապարակված
բացասական բովանդակությամբ հոդվածների վրա: Սակայն աղյուսակում ներառվել են նաեւ
որոշ դրական հոդվածներ, որոնք առնչվում են հանդուրժողականության եւ խտրականության
վերացման խնդիրներին: Ներկայացվող լրատվամիջոցների ինտերնետային տարբերակները
դիտարկվել են որեւէ կրոն կամ հավատք դավանող խմբի կամ անհատների հասցեին ուղղված
բացասական արտահայտությունների, բացասական բառապաշարի մշտական գործածման, թշնամանքի
կամ բացահայտ ատելության սերմանման տեսանկյունից:

# Լրատվամիջոցի անվանումը Դիտարկված հոդվածների թիվը

1 168 ժամ 1
2 Առավոտ 4
3  Armenianow 2
4 Ազգ 15
5 Գոլոս Արմենի 2
6 Հայոց աշխարհ 5
7 Հայաստանի Հանրապետություն 5
8  Հայկական ժամանակ 1
9 Panorama.am 1

Ամենից հաճախ մեղադրանքներ են հնչում եւ թշնամանք արտահայտվում` կրոն կամ հավատք
ուսուցանելու իրավունքի ենթադրյալ կամ իրական կիրառման դեմ: Այս երեւույթի կրքոտ
քննադատությունն ուղղված է թե կրոնական խմբերի ու կազմակերպությունների, եւ թե
դրանց շարքային անդամների դեմ, ովքեր ուսուցանում են իրենց կրոնը` անկախ այն բանից,
թե մարդիկ` ում սովորեցնում են, դավանում են Հայ Առաքելական Եկեղեցո՞ւն, թե՞ ոչ,
կամ Հայաստանի քաղաքացինե՞ր են, թե՞ ոչ: Սա է որոշ լրատվամիջոցների ընդհանուր
վերաբերմունքը, որոնք զբաղված են կրոնի կամ հավատքի ուսուցանման վարկաբեկմամբ: Ոչ
մի կրոնական խումբ, անկախ այն բանից նոր է, թե հին (ավանդական), չի խուսափում
քննադատությունից կամ թշնամանքից: Այս ագրեսիվ քննադատության մեջ սովորաբար
գործածվում է «հոգեորսություն» տերմինը, որը հաճախ է կիրառվում այն քննադատների
կողմից, ովքեր կրոնի կամ հավատքի ուսուցանումը կապում են ազգային միասնությանը
նպատակաուղղված վտանգի հետ: Կրոնի ուսուցանումը սովորաբար որակվում է որպես
խայտառակություն: Օրինակ` «հայտնի է, որ անկախացման շրջանից սկսած տարբեր կրոնական
հոսանքներ, պաշտամունքներ եւ «բարեգործական» կազմակերպություններ, սոսկ,
մարդասիրական իրենց բնույթից... Հստակ նպատակային ռազմավարություն կար, որ պիտի
իրագործվեր օգնության անվան տակ. ջլատել, մասնատել հայ ժողովրդին, կործանել նրա
գոյության եւ ինքնության հիմնասյունը` հավատը, հավատարմությունը ազգային արժեքներին
եւ մայր եկեղեցուն»:

«...նույն ավետարանչականները, բողոքական այլ հարանվանությունների
նմանությամբ,կործանարար իրենց քաղաքականության իրագործման համար միջոցներ
ապահովելու նպատակով սփյուռքում մեր իսկ հայրենակիցներին եւ օտարներին հայտարարում
են, թե գնում են Հայաստան` Քրիստոսի լույսը տարածելու, աստվածատես մեր ժողովրդին
քրիստոնյա դարձնելու...»:

«Սակայն արի ու տես, որ տարբերություն կա երկուսի միջեւ. մեկը մեր մայր եկեղեցին է`
մտահոգ իր զավակներով, իսկ մյուսը՝ մեր մոր կողմից մերժելի մի օտար, որ եկել եւ այս
ու այն կողմ է նետվում` իր ճիրանների մեջ մի քանի տասնյակ մարդ եւս գցելու համար,
ինչը հատուկ է բոլոր աղանդավորական շարժումներին2»:

Որոշ դեպքերում հոդվածի հեղինակները փորձել են երկխոսություն սկսել, կամ կրոնի
ուսուցանման դեմ փաստարկներ ներկայացնել: Սակայն, ավելի հաճախ հեղինակներին այդպես
էլ չի հաջողվում հիմնավորել, թե ինչպես են տարբերակում կրոնի կամ հավատքի
ուսուցանումը «հոգեորսությունից» (ըստ իրենց իսկ որակման): Օրինակ, մի հոդվածի
հեղինակ պարզապես պնդում է, որ իր կարծիքով կրոնի ազատության իրավունքը չի
նշանակում «հոգեորսություն» կամ մարդկանց «զոմբիացում3»: Այս վերջին տերմինի
բացատրությունը գտնում ենք մեկ այլ անհիմն մեղադրանքում. իբր կրոնի քարոզիչները,
հատկապես, այսպես կոչված «աղանդավորները», մարդկանց մահվան պատճառ են դառնում թե
Հայաստանում, եւ թե ամբողջ աշխարհում: Հաջորդ հոդվածի հեղինակը քննադատում է
իրավապաշտպան կազմակերպություններին անհանդուրժողականության եւ խտրականության
վերաբերյալ վերջիններիս ունեցած տեսակետի համար.

«Չգիտես ինչու, բանախոսը, որ այդքան մտահոգ էր երեխաների կրոնական դաստիարակության
բազմազանությամբ, չհիշատակեց այն ուսուցիչներին, որոնց հոգեորսության պատճառով
բազմաթիվ երեխաներ ինքնասպանության փորձեր են արել, վերջին դեպքն էլ 3 օր առաջ է
տեղի ունեցել Լոռու մարզի Ջրաշեն գյուղում»:

«Հ.Գ.- Ցավալի է, որ նման պատվիրված քննարկումները չեն հակադարձվում թե՛
հոգեւորական մտավորականության (իսկ այդպիսին հաստատ կա), թե՛ պարզ հավատացյալների
գործնական քայլերով»4:

Բոլոր կրոնական խմբերը ազգի եւ մասնավորապես երեխաների համար վնասակար
ներկայացնելու միտում է նկատվում: Թե անհատները եւ թե այն խմբերը, ովքեր դավանում
են տվյալ կրոնը (տանը, ընտանիքում կամ դպրոցում), մեղադրվում են
ինքնասպանությունների համար:

Ըստ մի հոդվածի, ինքնասպանություն գործած մի դպրոցական աղջիկ հաճախել է
Երրորդության եկեղեցու կրոնական համայնքի հանդիպումներին: Հոդվածի հեղինակը պնդում
է, թե այդ դպրոցում աշխատող ուսուցիչներից ոմանք այլ աղանդների հետեւորդներ են:

«Նորություն չէ, որ հանրապետությունում կրոնական հողի վրա մանկահասակների
ինքնասպանության քիչ դեպքեր չեն արձանագրվել, սակայն կրթության նախարարությունը եւ
համապատասխան մարմինները դեռեւս որեւէ հետաքննություն չեն անցկացրել եւ իրավական
դաշտում միջոցներ չեն կիրառվել աղանդավոր ուսուցիչների գործունեությունը
դպրոցներում կասեցնելու համար5»:

Այնուհետեւ հեղինակը հույս է հայտնում, որ գոնե ողբերգությունից հետո կրթության
նախարարությունը փորձ կանի կանխել աղանդավոր ուսուցիչների հոգեորսությունը6:

«Աղանդավորները» մեղադրվում են ծնողների կողմից երեխաներին պարտադրանքի եւ
բռնության ենթարկելուց` մինչեւ հարազատների սպանությունների եւ այլնի համար:
Հանցանքների թվում նշվում է Հայ Առաքելական Եկեղեցիների պատերից հայերեն
գրությունների ոչնչացումը: Բացի այդ, «աղանդավորությունը» համեմատվում է վարակիչ
ախտերի հետ: Հոդվածում այսպես կոչված «աղանդավորների» հանդեպ ընդգծված ատելության
աստիճանը դժվար է ընդունել եւ գնահատել: Սակայն, ինչպես եւ շատ այլ դեպքերում, այս
հոդվածի7 հեղինակը նույնպես որեւէ անկախ հետազոտության կամ վիճակագրության վրա չի
հենվում:

Ինչպես բազմաթիվ այլ դեպքերում, «աղանդների» քայքայիչ գործունեության մասին
խոսելիս, նշվում է «իրավասու մարմինների» անտարբերությունը կամ էլ կոչ է արվում
անհապաղ միջոցներ ձեռնարկել: Քանի որ նշվում է, որ կրոնական խմբերի
գործունեությունը թուլացնում է ազգային միասնությունը եւ շատ հաճախ ուղղված է
պետության եւ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, նրանց կոչ է արվում օգնել պայքարել
«աղանդավորների» դեմ: Հայ Առաքելական Եկեղեցու դերն այնքան հաճախ է ընդգծվում, որ
հաճախ տպավորություն է ստեղծվում, թե հոգեւոր կյանքի եւ կրթության կարգավորման
հարցում այն փոխարինում է պետությանը: Հետեւյալ մեջբերման մեջ հեղինակը նշում է
հանրապետության մարզերում Հայ Առաքելական Եկեղեցու կողմից ձեռնարկված պատասխան
միջոցառումների մասին.

«Եթե արդեն իսկ արված աշխատանքին միանա նաեւ կոնկրետ հայեցակարգային մի ծրագիր`
ընդդեմ քայքայիչ աղանդների եւ ավետարանչականների հոգեորսության ու մարդակործան
գործունեության, որ այդքան շատ են Լոռու եւ Տավուշի մարզերում, կարող ենք ենթադրել,
որ Գուգարաց թեմի աշխատանքը Հայ Առաքելական Եկեղեցու գործնական ու արդյունավետ
աշխատանքի լավ օրինակներից մեկն է8»:

Եկեղեցին չի էլ փորձում թաքցնել, որ աջակցում է այդ քաղաքականությանը:
Պաշտոնաթերթում տպագրված մի հոդված` Էջմիածնի վերաբերմունքն արտահայտող ընդգծված
ատելությամբ քննադատում է այսպես կոչված «աղանդավորներին» կամ ցանկացած այլ
դավանանք, որը հավատք է քարոզում Հայաստանում: Մեջբերվում է Վարդանանց տոնին Հայ
Առաքելական Եկեղեցու առաջնորդի արտասանած խոսքերը.

«Եթե ուզում ենք, որ աղանդավորները տեղ չունենան մեր կյանքից ներս, ուրեմն
Վարդանանց ոգին պիտի կերտենք յուրաքանչյուր հայորդու եւ՛ սրտում, ե’ւ մտածողության
մեջ9»:

«Աղանդավորների» դեմ այսպես կոչված «ռազմավարությունը» կարող է նույնիսկ
կազմակերպված եւ անգամ համակարգված գործողության տպավորություն ստեղծել, քանի որ
այն աջակցություն է գտել բանակում եւ այլուր: Միջոցառումներ են ձեռնարկվում ոչ
միայն դպրոցներում, այլեւ բանակում, քաղաքական ու հասարակական կյանքում:
Հոդվածներից մեկից պարզ է դառնում, որ «հակաաղանդավորական» քարոզչությունն
իրականացվում է Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների օգնությամբ եւ պետության
լուռ աջակցությամբ: «Հայաստանի Հանրապետությունը» պետական պաշտոնաթերթ է: Ըստ
հոդվածի, քահանայի եւ զինվորների քննարկած թեմաներից են եղել «ոգելից խմիչքների
օգտագործումն ու աղանդավորները»:10 Անկասկած, հոդվածագրին բնական է թվում
կողք-կողքի դնել այս երկու հարցերը: Սակայն ամենավտանգավոր միտումն այն է, թե
ինչպես է պետք վերաբերվել «աղանդավորների» հետ կապ ունեցող նորակոչիկներին:

«Մեր կարեւորագույն խնդիրներից մեկն էլ բանակն աղանդավորական շարժումներից զերծ
պահելն է։ Զինվորները պետք է հստակ տեղեկացված լինեն աղանդների մասին։ Չեն
բացառվում դեպքերը, երբ զորակոչվում են աղանդների ներկայացուցիչները։ Դրանք իրենցից
թթխմոր են ներկայացնում եւ կարող են վտանգավոր լինել ընկերների համար, քանի որ
կփորձեն համախոհներ որոնել նրանց շրջանում»,- բացատրում է քահանան»:11

Նա ավելացնում է, որ հատուկ ուշադրություն են դարձնում նրանց, ովքեր փորձում են
իրենց առանձնացնել մյուսներից: Ընդհանուր առմամբ, այս քննարկումը կազմակերպված
վհուկորսի տպավորություն է թողնում:

Հոդվածների բովանդակությունը թույլ է տալիս ենթադրել, որ Հայ Առաքելական Եկեղեցուց
զատ մի խումբ պատգամավորներ եւս աջակցում են այս «ռազմավարությանը»: Հայաստանի
Հանրապետության եւ Հայ Առաքելական Եկեղեցու հարաբերության վերաբերյալ վիճահարույց
օրինագծի քննարկումը Ազգային Ժողովում, ցույց է տալիս վհուկորսի համակարգվածության
աստիճանը: ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը12 ընդգծում է Հայ Առաքելական Եկեղեցու
դերը` աղանդավորների դեմ պայքարում: Օրինագծի վերանայման ժամանակ խորհրդարանի
նախագահը սա համարել է ազգային անվտանգության ռազմավարության ամենակարեւոր կետերից
մեկը:13

Հակաաղանդավորական քարոզչության մակարդակը կարելի է որոշել նաեւ 2007թ. գարնանային
ընտրարշավի ընթացքում «աղանդավոր» բառի հանդեպ դրսեւորված վերաբերմունքով: «Գոլոս
Արմենի» թերթի հրապարակման մեջ մի կուսակցական անհրաժեշտ է համարում պաշտպանվել
մեղադրանքներից, ասելով, որ իր կուսակցության մեջ «աղանդավորներ» չկան:14
«Աղանդավորներին» հասարակության մյուս անդամներից առանձնացնելու միտումը քաղաքական
դաշտից տեղափոխվում է մշակութային կյանք: Նման մոտեցումը նոր թափ է հավաքում, ինչն
ակնհայտ է այն փաստից, որ արդեն քննարկման առարկա է դարձել հայտնի արտիստների
կրոնական պատկանելությունը: Panorama.am-ի մի հրապարակման մեջ այս թեման մանրամասն
քննարկվում է` նշելով որոշ երգիչների պատկանելությունը: Վերջում հեղինակը վստահ
հայտարարում է,թե Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան թեմը հաստատել է, որ այն
կրոնական խմբերը, որոնց որոշ երգիչներ պատկանում են, համարվում են «աղանդավորական
շարժումներ»:15

Կրոն եւ հավատք ուսուցանելու ցանկացած փորձ համարվում է հոգեորսություն: Նմանատիպ
փորձերի հանդեպ թշնամաբար տրամադրված լրատվամիջոցների քննադատությունը հիմնականում
բացատրվում է ավելի շուտ կրոնական խմբերի կամ կազմակերպությունների ներկայիս
գործունեությամբ, քան նրանց ծագումնաբանությամբ, այսինքն` ծագումը, մեկ այլ
ավանդական միավորից առանձնանալը կամ քննադատության ենթարկվող խմբի կամ
կազմակերպության գործունեության բնույթը նրանց չի հետաքրքրում: Հետեւյալ օրինակը
ասվածի վկայությունն է.

«Դրանք («համշենահայ մահմեդականներից մինչեւ հայ կաթոլիկներ, բողոքականներից մինչեւ
մերօրյա աղանդավորներ»16) էլ իրենց ծագմանը հարիր կերպով փոխանակ միանալու մեկ
Աստծու շուրջը եւ լինելու քրիստոնեավայել ընթացքի մեջ, պառակտեցին ազգն ու
հայրենիքը, քայքայեցին միաբանությունն ու ազգային ոգին:

Այս ամենը դարեր շարունակ, նաեւ մեր օրերում մառանում բույն դրած առնետի պես
կրծեցին հայ եկեղեցու հիմքերը, եւ հիմա էլ շարունակվում է սերմացու
գողացող-փչացնողի հստակ քաղաքականությունը»:17

Այս օրինակը որոշակի ռասիստական երանգ է պարունակում, քանի որ բացահայտ տարբերակում
է դնում «լավ» եւ «վատ» հայերի միջեւ, մի կողմից` ցույց տալով նրանց էթնիկ
պատկանելությունը, մյուս կողմից չընդունելով, որ նրանք նույն ազգի մի մասն են: Այն
նաեւ ընդգծում է, որ տվյալ հեղինակը եւ այլ հեղինակներ, իհարկե ոչ բացահայտ, սակայն
եկեղեցու ինստիտուտը գերադասում են ազգից եւ պետությունից:

Վերոհիշյալ քննադատությունները սովորաբար մեղադրանքներ են պարունակում:
Այնուամենայնիվ, դիտարկված հողվածներում ամենից շատ քննադատության են ենթարկվում
Եհովայի վկաները եւ Հայ Ավետարանչական Եկեղեցին` իր ղեկավար Ռ. Լեւոնյանի հետ
միասին: Ամենասուր մեղադրանքները լինում են «Ազգ» օրաթերթի էջերում: Հրանտ Դինքի
մասին մի հոդվածում թերթը պնդում է, որ Դինքի` Հայաստանի Ավետարանչական Եկեղեցու
անդամ լինելու մասին տեղեկությունը հազիվ թե ճիշտ լինի, քանի որ այն տրամադրել է
Հայաստանի Ավետարանչական Եկեղեցու ղեկավար Ռ. Լեւոնյանը:

«Եթե Հրանտ Դինքը բողոքական եկեղեցու հետեւորդ է, անհասկանալի է դառնում, թե ինչո՞ւ
է Հրանտ Դինքի հուղարկավորությանը հանդիսապետում Կ. Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ
Մութաֆյանը»,- հարց է տալիս հեղինակը:18

Այնուհետեւ հոդվածի հեղինակն ինքն իրեն հակասելով նշում է, որ Դինքի ընկերների
խոսքից պարզ է դառնում, որ նա առանձնապես ուշադրություն չէր դարձնում իր
անդամակցությանը այս եկեղեցուն: Հոդվածի հեղինակը հակված է մեղադրել Ռ. Լեւոնյանին,
որ նա թաղմանն իր մասնակցության վերաբերյալ կեղծ կամ կողմնակալ տեղեկատվություն է
տվել19: Նույն հոդվածի հեղինակը չկապակցված փաստարկներ է բերում Ռ. Լեւոնյանի դեմ,
ով առաջարկում է դպրոցներում կրոնի ֆակուլտատիվ դասընթացներ անցկացնել` հավասար
իրավունք ընձեռելով բոլոր եկեղեցիներին: Այս պնդումը կապված է այն փաստի հետ, որ
պատմության դասերն օգտագործվում են Հայ Առաքելական Եկեղեցու դոկտրինը քարոզելու
նպատակով: Հեղինակը մեղադրում է Ռ. Լեւոնյանին` Հայաստանի կրտսեր սերնդին
դիտավորյալ պառակտելու փորձի համար: Բացի այդ, Ռ. Լեւոնյանին մեղադրում են հայկական
հասարակությանն ապակողմնորոշելու փորձ կատարելու մեջ:20

Մեկ այլ հոդվածում եկեղեցին մեղադրվում է իբրեւ թե հակաազգային գործունեության եւ
այդ գործում նրա ղեկավարի բացասական դերակատարության համար: Հոդվածը հասկացնում է,
որ երբ փոքրամասնությունները փոքրաթիվ են, չար ուժերը թուլացնում են պետությունը`
միջոց ծառայեցնելով կրոնը: Առանց իր մտադրությունները թաքցնելու` հոդվածի հեղինակը
բացահայտում է ԱՄՆ դեսպանատան նախկին շենքը Ավետարանչական Եկեղեցուն վաճառելու
կապը: Հեղինակը նշում է, որ համապատասխան անվտանգության կառույցը պետք է ավելի
լուրջ ուշադրություն դարձնի այս փաստին:21 Նույն հեղինակը անհասկանալի անցում է
կատարում` մեղադրելով Ավետարանչական Եկեղեցուն, որ վերջինս օգտվում է անապահովների
եւ հաշմանդամների կարիքներից22: Շատ ուրիշների պես, այս հոդվածի հեղինակը եւս
մեղադրում է Ավետարանչական Եկեղեցուն` Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդներին
շեղելու համար:

Առաջարկվում է քայլեր ձեռնարկել այսպես կոչված «աղանդավորների» դեմ, այդ թվում
առաջարկվում է` թույլ չտալ նրանց (աղանդավորներին) հեռուստաընկերություն բացել:
Ավելին, տվյալ հոդվածի վերնագիրը ստպիպում է մտածել, որ այն ուղղված է կրոնի
ազատության դեմ:

«Իսկ այ, Եհովայի վկաները հեռուստատեսություն չունեն, ինչպիսին, Շողակաթն է»,-
ափսոսում է բանախոսը եւ դա համարում խոսքի ազատության ոտնահարում եւ
«դիսկրիմինացիա», այլ ոչ թե միամիտ մարդկանց մի հսկա զանգվածի քայքայիչ կրոնական
կազմակերպությունից զերծ պահելու հանգամանք:23

Եհովայի վկաներին փաստացի մեղադրանքներ վերագրելու լավ օրինակ է` հոգեկան
հիվանդությամբ տառապող մի մարդու վարքի հետ կապված դեպքի առաջացրած աղմուկը: Այս
մարդը բարձրացել էր եկեղեցու բեմի վրա եւ ձեռքն ընկած առարկաները շպրտել այս ու այն
կողմ: Հեղինակի խոսքով, այս մարդը Եհովայի վկա է:

«Կարելի է պատկերացնել, թե արտաքուստ խաղաղասեր թվացող եհովականներն ինչպիսի
ատելություն են սերմանում իրենց հետեւորդների մեջ»: 24

Իրականում այս մարդը ոչ մի կրոնական համայնքի անդամ էլ չի եղել: Հեղինակի արած
հայտարարությունը միայն հաստատում է, որ ատելություն կա, բայց ոչ մեղադրվող
դավանականի կողմից:

Կրոնի կամ հավատքի քարոզի մերժումը բնութագրող այս դեպքերից կարելի է մի քանի
հետեւություն անել: Հոդվածներից շատերը հակասում են կրոնի ազատության մասին մի շարք
միջազգային նորմերի տառին եւ ոգուն: Նախ եւ առաջ, մեջբերված հոդվածներից շատերը
քննադատում են կրոնն ազատ ու անկաշկանդ քարոզելու իրավունքը: Բավական է բերել
հռչակագրից մեկ օրինակ (1981):

Ըստ ներկայիս Հռչակագրի 1-ին հոդվածի 3-րդ կետի, մտքի, խղճի, կրոնի կամ հավատքի
ազատության իրավունքը այլոց թվում ներառում է հետեւյալ ազատությունները`

«ե. քարոզել կրոն կամ հավատք այս նպատակին հարմար վայրերում»:

Երկրորդ, նրանք նաեւ մերժում են կրոնափոխ կամ հավատափոխ լինելու անհատի կամ
քաղաքացու իրավունքը: Երրորդ, հոդվածներից շատերը քննադատելով կրոնական խմբերը,
համայնքները կամ կազմակերպությունները, մասնավորապես ժխտում են նրանց հավասար
իրավունքները կամ զրոյի հավասարեցնում նրանց կարգավիճակը: Չորրորդ. տողատակի
երկրորդ հղման հոդվածը կրոն քարոզելու իրավունքից բացի, մերժում է նաեւ
բարեգործության իրավունքը: Քանի որ բարեգործության եւ կրոնի ուսուցանման իրավունքի
չարաշահման ոչ մի համոզիչ փաստ չի նշվում, ապա այս դեպքում եւս ներկայիս հռչակագրի
առաջին հոդվածը կիրառելի է:

Ըստ ներկայիս Հռչակագրի 1-ին հոդվածի, եւ 1-ին հոդվածի 3-րդ կետի, մտքի, խղճի,
կրոնի կամ հավատքի ազատության իրավունքը այլոց թվում ներառում է հետեւյալ
ազատությունները`

«բ. հիմնել եւ պահել համապատասխան բարեգործական կամ մարդասիրական
հաստատություններ»:

Ինչ վերաբերում է «աղանդ» եւ «աղանդավոր» բառերին, ապա դրանց անկասկած բացասական
իմաստ է վերագրվում:25 ԵԱՀԿ Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գրասենյակի
«Կրոնի կամ հավատքի վերաբերյալ օրենսդրության փոփոխման ցուցումներում» հստակ նշվում
է պետության օրենսդրության նման մոտեցման անընդունելիությունը: Դիտարկված
հոդվածների վերնագրերը եւ բովանդակությունը կասկած չեն թողնում, որ դրանք մերժում
են հավասար վերաբերմունքի իրավունքը, եւ բացեիբաց թշնամանք եւ խտրականություն են
տածում «աղանդավոր» պիտակված խմբերի հանդեպ: Բացի միջազգային նորմերից, այս փաստին
աներկբա պատասխան է տալիս ներկայիս ՀՀ Սահմանադրության 1-ին գլխի հոդված 14-ի 1-ին
կետը:

«Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ: Խտրականությունը, կախված սեռից, ռասայից,
մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից,
լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային
փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից,
հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական ու սոցիալական բնույթի այլ
հանգամանքներից, արգելվում է»:

Հոդված 26-ը`

«Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրավունք։ Այս իրավունքը
ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը եւ դրանք` ինչպես
միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ քարոզի, եկեղեցական արարողությունների եւ
պաշտամունքի այլ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատությունը»։

 
style='mso-ignore:vglayout;position:absolute;z-index:1;left:11px;top:4734px;
width:300px;height:2px'> src="footer13_files/image001.gif" v:shapes="_x0000_s1025">

1 Անհանդուրժողականության բոլոր ձեւերի եւ կրոնի եւ հավատքի հիմքով խտրականության
վերացման մասին հռչակագիր 

(1981), այսուհետ` Հռչակագիր:

2 Առաքել Մեսրոպյան, «Բարեգործությո՞ւն, թե՞ հոգեորսություն», «Ազգ» #245,
22/12/2006 <www.azg.am

3 Արթուր Հովհաննիսյան, «ԶՈՒՐ ՄԻ ՈՐՈՆԵՔ ԿՐՈՆԱԿԱՆ ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»,

<http://www.hayashkharh.am/> 17-3-07

4 Սուսաննա Մարգարյան, «Աղանդավորներն ու գլոբալիստները հայ ազգային եկեղեցու դեմ»,
«Ազգ» #020, 03/02/2007

<www.azg.am>

5 Աստղիկ Ասրյան «Աղանդավոր մայրը սեփական երեխայի մահվան պատճա՞ռ», «Ազգ» #020,
03/02/2007 <www.azg.am>

6 Id.

7 Սուսաննա Մարգարյան «Աղանդավորությունը որպես հոգեմտավոր ՁԻԱՀ», «Ազգ», #131,
13/07/2007 www.azg.am

8 Սուսաննա Մարգարյան, «Հովվական ակտիվ գործունեություն Գուգարաց թեմում», «Ազգ»,
#234, 07/12/2006 <www.azg.am>

9 «Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում», Հայաստանի Հանրապետություն,
19.02.2007 <www.hhpress.am>

10 Օֆելյա Կամավոսյան «Կայանալու համար բանակը տղամարդուն շատ բան է տալիս»,
Հայաստանի Հանրապետություն,

08.02.2007 <www.hhpress.am>

11 Նույնը

12 2007թ. ընտրվել է նոր խորհրդարան

13 «Արժեւորվեց Հայ առաքելական եկեղեցու ազգապահպան դերը», Հայաստանի
Հանրապետություն, 08.02.2007

<www.hhpress.am>

14 Марина Мкртчян, "Гимишян,
Кургинян и слово Божье
" N՛ 42 for 19.04.07
<www.golos.am>

15 «Մեր երգիչներից ոմանք աղանդավորներ են», 14/02/2007 <www.panorama.am>

16 Մեջբերումը վերցված է նույն աղբյուրից

17 Սուսաննա Մարգարյան, «Եկեղեցու դերը եվ քրիստոնեական հավատքի կարեվորությունը
հարցականով», «Ազգ», #242,

19/12/2006

18 Սուսաննա Մարգարյան, «Մի’ ստիր, հատկապես, երբ ոտքերդ լեզվիցդ կարճ են», «Ազգ»,
#024, 09/02/2007

19 Նույն տեղում

20 Նույն տեղում

21 Գրիգոր Բերջանյան, «Հերձված «Ավետարանական», «Ազգ», #090, 15/05/2007

22 Նույնը: Հոդվածում նշված անբարոյական արարքների վերաբերյալ ոչ մի փաստ կամ տվյալ
չի հիշատակվում:

23 Սուսաննա Մարգարյան,»Հավատքը ծաղրելը մե՞ղք է, թե՞ խոսքի ազատություն», «Ազգ»,
#235, 08/12/2006

24 «Եհովայի վկան մայր տաճարի խորանին», «Ազգ», #098, 25/05/2007 www.azg.am

25 Թեեւ աղբյուրի մեկնաբանությունը վերաբերում է օրենսդրությանը, անկասկած
անհարգալից վերաբերմունքը մամուլում

հավասարապես անընդունելի է: Տես ԵԱՀԿ Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների
գրասենյակի «Կրոնի կամ հավատքի

վերաբերյալ օրենսդրության փոփոխման ցուցումները» (ԵԱՀԿ, ԺՄԻԳ 2004)