Զինծառայողների ծնողները դեռ սպասում են ԱԺ պատասխանին

Բանակում խաղաղ պայմաններում զոհված ութ զինծառայողների
ծնողները և Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը
շուրջ 5 ամիս առաջ  համատեղ տեղեկանքներ ներկայացրեցին Ազգային
ժողով: Յուրաքանչյուր գործի վերաբերյալ կազմվել էր տեղեկանք, որը ներառում է զինծառայողի
մահվան պաշտոնական վարկածը, ծնողի վարկածը, գործի քննության ընթացքը և քննության
ընթացքում տեղ գտած խախտումներն ու թերացումներն՝ ըստ ծնողի: 

«Երբ խորհրդարանում տեղեկանքները ներկայացրեցինք, բոլորը միանշանակ
ապշեցին, թե ինչեր են կատարվել այդ քրեական գործերով, ու մեզ խոստացան, որ ամեն գործի
վերաբերյալ անհատական լսումներ կանեն: Բայց չարեցին, որովհետև երևի ի զորու չէին ինչ-որ
բան անել, և պարզապես աչքերիս թոզ են փչում, որ ինչ-որ բան են անում, որ իրենք էլ են 
հետաքրքրված»,- www.hra.am–ի հետ
զրույցում ասաց մահացած զինծառայող Արայիկ Ավետիսյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը:

Հունվարի վերջին ծնողները հանդիպում են ունեցել ԱԺ պաշտպանության,
ներքին գործերի, ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի հետ,
սակայն որևէ նոր բան նրանց չեն ասել: «Մենք այս ամսվա մեջ էլի կանհանգստացնենք իրենց,
որովհետև ինձ թվում է՝ ընտրություններով են զբաղված և ժամանակ են ձգում»,- կարծում
է տիկին Անահիտը:

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի և ԱԺ պաշտպանության, ներքին գործերի,
ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի անունից հարցումներ
են ուղղվել ՀՀ գլխավոր դատախազին, զինդատախազին, ՀՀ քննչական ծառայության պետին, առողջապահության
նախարարին և այլ պաշտոնյաների՝ ութ զինվորների գործերով պարզաբանումներ ստանալու համար:

«Որոշ հարցումների պատասխանները ստացել ենք, որոշներինը՝ ոչ:
Գործեր կան, որոնց նախաքննությունը դեռ շարունակվում է, և նախաքննության շահերից ելնելով,
իրենք կարող են տեղեկատվություն չտրամադրել: Մենք հետևողական ենք լինելու: Երբ ի մի
բերենք, վերջնական պատկերն ունենանք, հնարավոր է նաև քննարկում կազմակերպենք»,- մեզ
փոխանցեց Գրիգոր Գրիգորյանը՝ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության
հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի օգնականը:

Նրա խոսքերով՝ իրենք որևէ պատասխան չեն տվել նաև ծնողներին:
Սպասում են, որ բոլոր մարմիններից պատասխան ստանան, դրանք ամփոփեն, նոր վերջնական արդյունքը
ներկայացնեն ծնողներին:

Գրիգորյանը ներկայացրեց մի քանի գործերի վերաբերյալ ուղարկված
հարցումների պատասխանները:

Սամվել Նիկոյանը և Հրայր Կարապետյանը դիմել են առողջապահության
նախարար Հարություն Քուշկյանին՝  խնդրելով զինծառայող
Տիգրան Օհանջանյանի գործով քննարկել Դատաբժշկական
գիտագործնական կենտրոնի տնօրենի և նրա փորձագետների կողմից թույլ տրված ոչ իրավաչափ
գործողությունները: Օհանջանյանի ծնողները կարծում են, որ իրենց որդուն սպանել են, սակայն
փորձում են կոծկել էլեկտրահարման վարկածով:

Նախարարը պատասխանել է, որ տվյալ զինծառայողի նկատմամբ սահմանված
կարգով իրականացվել են բազմաթիվ դատաբժշկական, այդ թվում նաև՝ հանձնաժողովային փորձաքննություններ,
որոնց  եզրակացությունները Օհանջանյանի ծնողները
չեն համարում հիմնավորված: «ՀՀ օրենսդրության համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարությունը
իրավասու չէ քննարկման առարկա դարձնել դատական կարգով իրականացված բժշկական փորձաքննության
եզրակացությունը և վերանայել դրանք: Օհանջանյանը բազմիցս տեղեկացվել է, որ դատական
կարգով հաստատված հանգամանքները, այդ թվում՝ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը
կարող է վերանայվել միայն դատական կարգով, իսկ դատաբժշկական փորձագիտական եզրակացության
արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ կասկածներ ունենալու, ինչպես նաև՝
լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար անհրաժեշտ է դիմել նախաքննություն իրականացնող
մարմնին` սահմանված կարգով նշանակելու լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն»,- գրված
է Քուշկյանի պատասխան նամակում:

Զինծառայող Արայիկ Ավետիսյանի
գործով նամակ է ուղարկվել Ռազմական ոստիկանության պետին՝ խնդրանքով հայտնաբերել
որպես վկա ճանաչված Արտյոմ Խաչատրյանին և ենթարկել լրացուցիչ հարցաքննության: ՌՈ պետ պարոն Տեր-Սահակյանը
պատասխանել է, որ ձեռնարկվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝
դեպքի բոլոր մանրամասներն ի հայտ բերելու ուղղությամբ:

Նույն գործով մեկ այլ նամակ է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազին՝
Արայիկ Ավետիսյանի գործի կասեցման որոշումը վերացնելու միջնորդությամբ: Քրեական գործի
վարույթը կասեցնելու մասին որոշում է կայացվել սպանություն կատարող անձը հայտնի չլինելու
պատճառաբանությամբ:

«Աբսուրդ է, չէ՞. 9 քմ սենյակում կատարվել է սպանություն, ներկա
են եղել 4 հոգի, բայց գործը կասեցվել է, որովհետև սպանություն կատարող անձը հայտնի
չէ»,- ասում է Գրիգոր Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Արայիկի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը պնդում է, որ
իր որդուն սպանել է գումարտակի հրամանատար Մհեր Ստեփանյանը, ով եղել է ալկոհոլի ազդեցության
տակ և ցանկացել է «պատժել» տղային արձակուրդի դիմաց պահանջած գումարը չբերելու համար:

«Ակնհայտ է մարդասպանը, բայց չեն ուզում ձեռք տալ այդ մարդուն:
Նա շարունակում է աշխատել զորամասում 2 դատվածությամբ՝ պաշտոնական դիրքի առնվազն երկու
չարաշահում ունենալով»,-
www.hra.am –ին ասում է
զինվորի մայրը:

Սամվել Նիկոյանը և Հրայր Կարապետյանը մեկ այլ նամակով դիմել
են ՀՀ քննչական ծառայության պետին՝ խնդրելով զինծառայող Անդրանիկ Սարգսյանի գործով քննության առարկա դարձնել բուժծառայության պետ
Ավարյանի գործողությունների իրավաչափությունը և արարքին տալ իրավական գնահատական:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Սարգսյանը մահացել էր հոսպիտալ տեղափոխվելու
ճանապարհին: Ծնողները կարծում են, որ նա ժամանակին անհրաժեշտ բուժօգնություն չի ստացել:
Իսկ քննիչը նախապատրաստված նյութերի հիման վրա մերժել է բուժծառայության պետի նկատմամբ
քրեական գործի հարուցումը, քանի որ գտել է, որ նրա գործողությունները եղել են իրավաչափ:

ԱԺ պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության հանձնաժողովի
նախագահ Հրայր Կարապետյանի օգնական Գրիգոր Գրիգորյանը նաև փոխանցեց, որ դիմել են ՀՀ
զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանին, որպեսզի բոլոր 8 գործերը նորից վերանայի և նոր
փորձաքննություններ նշանակի: Զինդատախազից դեռ պատասխան չեն ստացել:

Ամփոփելով ութ տեղեկանքները՝ Գրիգորյանը նշում է, որ գործերից
2-ը փակված են (Գեղամ Սերգոյան, Նարեկ Գալստյան), մի քրեական գործ չի հարուցվել (Անդրանիկ
Սարգսյան), մի քրեական գործ կասեցված է (Արայիկ Ավետիսյան), 4 քրեական գործի նախաքննությունը
շարունակվում է (Արման Հակոբյան, Տիգրան Համբարձումյան, Տիգրան Օհանջանյան, Վալերի
Մուրադյան):

Հարություն Քուշկյանի լուսանկարը՝ gov.am-ի