Հայտնի են մեդիա ոլորտի ներկայացուցիչների համար հայտարարված մրցույթի հաղթողները

Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ արդեն հայտնի են #մեդիա ոլորտի ներկայացուցիչների համար հայտարարված դրամաշնորհային մրցույթի հաղթողները: Մրցույթը իրականացվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (#Juremonia #Ջուրեմոնիա) ծրագրի շրջանակում:

Ստացված 15 դիմում հայտերից գնահատող հանձնաժողովը հաղթող է ճանաչել`

«Սիվիլիթաս» հիմնադրամին, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ին,  անկախ լրագրողներ Արմենակ Դավթյանին  և Աստղիկ Կարապետյանին։

Ընտրված ծրագրերի ոլորտային ծածկույթը և գործառույթները.

«Սիվիլիթաս» հիմնադրամ. «Վերլուծելով Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունը (2019-2022)» ծրագրի նպատակն է համապարփակ կերպով ուսումնասիրել Հայաստանի հակակոռուպցիոն 2019-2022 թթ․ ռազմավարությունը և գնահատել դրա իրականացումը։ Ծրագրի նպատակն է գնահատել հակակոռուպցիոն ինստիտուտների աշխատանքը, փաստաթղթավորել և զեկուցել կոնկրետ կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ, խթանել ժողովրդավարական արժեքները հակակոռուպցիոն միջոցառումների միջոցով:

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ. «Աջակցություն քաղաքացիների արդար դատաքննության իրավունքի պաշտպանությանը» ծրագրի նպատակն է ի հայտ բերել դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար ԲԴԽ-ի կիրառած գործիքների արդյունավետությունը, Ռազմավարությամբ նախատեսված գործիքները չկիրառելու պատճառները և նպաստել ռազմավարությամբ նախատեսված գործիքների կիրառմանը:

Արմենակ Դավթյան. «Իմ ձայնը լսվում է» ծրագիրը նպատակ ունի նպաստել Հայաստանում պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի բարելավմանը` հրապարակումների (հոդվածներ, տեսանյութեր, ռադիոհաղորդումներ, փոդքասթներ), ինչպես նաև համապատասխան կառույցներից պարզաբանումներ ստանալու միջոցով:

Աստղիկ Կարապետյան. «Բարեփոխումների մեկնաբանում» ծրագրի նպատակն է օգնել մարդկանց տեղեկացված որոշումներ կայացնել իրենց կյանքի, իրավական և դատական համակարգի և կառավարության վերաբերյալ: Լրատվամիջոցների դերը երկակի է. տեղեկացնել/կրթել/հզորացնել այն հասարակություններին, որտեղ նրանք գործում են, և հանդես գալ որպես հսկիչ, այսինքն՝ պատասխանատվության ենթարկել կառավարություններին և նրանց, ովքեր իշխանության ղեկին են: