Մշակույթի նախարարություն. Դելֆինարիումի շինարարական աշխատանքները չեն խաթարի այգին' ոչ էկոլոգիապես, և ոչ էլ բովանդակային առումով

ՀՀ մշակույթի նախարարությունը դիմել է Երևանի քաղաքապետարան' Կոմիտասի անվան զբոսայգու վերակառուցման շուրջ համապատասխան տեղեկատվություն ստանալու նպատակով ու հայտարարում է. «Կոմիտասի անվան զբոսայգու վերակառուցման շուրջ բարձրացված աղմուկն անտարբեր չթողեց մտավորականներին ու մշակույթի գործիչներին: ՀՀ մշակույթի նախարարությունը դիմեց Երևանի քաղաքապետարան' տվյալ թեմայի շուրջ համապատասխան տեղեկատվություն ստանալու նպատակով: Ըստ քաղաքապետարանի պարզաբանման, հայտնում ենք, որ նախկին կարուսելի տեղում կառուցվող դելֆինարիումի շինարարական աշխատանքները չեն խաթարի այգին' ոչ էկոլոգիապես, և ոչ էլ բովանդակային առումով: Գարնանն այնտեղ կկազմակերպվի մեծ ծառատունկ և այգին կպահպանի իր նախկին գործառնական նշանակությունը' չխախտելով հարակից տարածքում գտնվող Պանթեոնի ճարտարապետական ներդաշնակությունը»:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը վերջերս սկսել է Կոմիտասի անվան զբոսայգու վերականգնման աշխատանքները: Որոշվել է նաև այգում (նախկին ատրակցիոնի տարածքում, 850 քառակուսի մետր) կառուցել հանրապետությունում առաջին դելֆինարիումը, որը շինարարական աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ: Դելֆինարիումի կառուցումը քաղաքային իշխանությունները պատվիրել են ուկրաինական «Ներում» ընկերությանը:

Նշեք, որ բնապահպանները դեմ են, որ Հայաստանում կառուցվի դելֆինարիում' «Երևանում նման կառույց ունենալը պարզապես անթույլատրելի է», որովհետև «և´ ջրային ռեսուրսներն են սակավ, և´ չկան համապատասխան կլիմայական պայմաններ, ...»: Իսկ գրող, հրապարակախոս, երգիչ Վահրամ Թաթիկյանն էլ զբոսայգում հացադուլ էր հայտարարել (երկու օր)' պահանջելով դելֆինարիում կառուցել մեկ այլ վայրում, իսկ «Պանթեոնին կից զբոսայգին բարեկարգել, 30 ծառուղիներ ստեղծել հայ մեծանունների անուններով»:

Աղբյուր` http://www.panorama.am