NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կդիմեն անգամ Եվրադատարան

Այսօր խորհրդարանում քննարկվելու է «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրինագծերում կառավարության առաջարկած փոփոխությունների նախագիծը:
Մինչ քննարկումն այսօր «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը» հանդես է եկել հայտարարությամբ, որով զգուշացնում է պատգամավորներին.
«Օրինագծի օգտին կամ դեմ քվեարկելուց առաջ պետք է լավ գիտակցենք, որ այսօր առաջարկված փոփոխություններով իրականում բացում ենք ոչ թե 11 օտարալեզու դպրոց, այլ հայկականին զուգահեռ օտարալեզու կրթական համակարգ՝ այն էլ մի քանիսը: Դրանով իսկ բացվում է Պանդորայի արկղը, և սկսվում է հայալեզու կրթական ցանցի, այնուհետև՝ հայկական իրականության կործանումը: Կրկնենք՝ ոչ թե բացում ենք 11 օտարալեզու դպրոց, այլ դիպչում ենք կրթական համակարգի այն կետին, որը համակարգային փոփոխություններ կառաջացնի՝ վնասելով և արյունաքամ անելով հայալեզու ողջ կրթությունը, ներառյալ բարձրագույն կրթությունը, կրթական չափորոշիչները, տեղայնացված օտարալեզու դասագրքերի պատրաստման գործընթացը, օտար լեզուների մանկավարժների պատրաստումը և այլն: Ներկայացված նախագծերով բացահայտորեն խախտվում են ՀՀ կրթության մասին օրենքում ամրագրված շարունակականության և հաջորդականության սկզբունքները: Օրենքի փոփոխությունը ՀՀ կառավարությանը չի ազատում կրթության շարունակականության ու մատչելիության ապահովման պատասխանատվությունից, քանի որ կրթությունը սահմանադրական իրավունք է, այն էլ՝ հիմնարար: Այսպիսով, այն վիճարկվելու է ոչ միայն Հայաստանում' ՀՀ սահմանադրական դատարանում, այլև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում' մարդու կրթական և տնտեսական իրավունքների խախտումների իմաստով»:
Այս պահին ԱԺ-ի շենքի մոտ «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը» բողոքի ակցիա է իրականացնում:
