NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Սարիբեկյանի մարմինը մինչև հիմա չի հանձնվել հայկական կողմին

Հոկտեմբերի 5-ին ադրբեջանական նախնական կալանքի վայրում մահացած Հայաստանի քաղաքացի Մանվել Սարիբեկյանի մարմինը մինչև այժմ չի հանձնվել հայկական կողմին:
Հայաստանի կառավարությանն առընթեր Գերիների, պատանդների և անհետ կորածների հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Գաբրիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ մինչև հիմա ադրբեջանական կողմը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին չի փոխանցեց նույնիսկ Սարիբեկյանի մահվան փաստը հաստատող վկայական, ինչը պարտավոր էին անել:
Գաբրիելյանի համոզմամբ, դա միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի «խիստ խախտում» է:
Նա նաև նշեց, որ ադրբեջանական կողմը կտրականապես հրաժարվում է Մանվել Սարիբեկյանի մարմինը վերադարձնելու հարցի շուրջ հայկական կողմի հետ ուղիղ բանակցություններից: Իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակը, որը միջնորդ է հանդիսանում կողմերի միջև, «խնդիրներ է ունենում»:
«Տեղի իշխանությունները խոչընդոտում են միջազգային կառույցի աշխատակիցների աշխատանքները», - պարզաբանեց նա' հիշեցնելով, որ մինչև Սարիբեկյանի մահը ադրբեջանական կողմը հնարավորություն չէր տվել կառույցի ներկայացուցիչներին հանդիպել 20-ամյա երիտասարդի հետ:
