Ա.Մարտիրոսյան. «Ընտրական օրենսգիրքը կեղծարարությունների բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում»

Ինչպես հայտնի է, հանրության ու համապատասխան շրջանակների քննարկմանն է ներկայացվել Ընտրական օրենսգրքի նախագիծը, որը շուրջ մեկ շաբաթ առաջ տեղադրվեց Ազգային Ժողովի պաշտոնական կայքէջում և որի առնչությամբ առաջարկվել է ցանկացողներին հանդես գալ առաջարկություններով: Թե Ընտրական օրենսգիրքը վերջնական ի՞նչ տեսք կունենա կիմանանք դեկտեմբերին, երբ համապատասխան լսումներ են նախատեսված, իսկ մինչ այդ փորձեցինք ճշտել, թե ի՞նչ առարկություններ և դիտարկումներ ունի օրենսգրքի նախագծի հետ կապված «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, որը ժամանակին հանդես էր եկել նմանատիպ օրենսդրական նախաձեռնությամբ' փոփոխություններ առաջարկելով Ընտրական օրենսգրքում:

«Առանց քաղաքական կամքի նույնիսկ ամենաիդեալական Ընտրական օրենսգիրքն էլ չի կարողանա ապահովել բաց և ժողովրդավարական ընտրություններ, որովհետև ցանկացած Ընտրական օրենսգիրք նախատեսում է, որ ընտրությունների ժամանակ բռնություններն անթույլատրելի են և պատժելի, սակայն ես ինքս անձամբ առնչվել եմ դրա հետ ' անընդհատ մեր ընտրությունները ուղեկցվում են բռնություններով»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց պատգամավորը:

Ներկայացված նախագիծը Ա.Մարտիրոսյանը բացասական է գնահատում, նաև գտնում է, որ Ընտրական օրենսգիրքն ունի բազմաթիվ միջանցքներ, որոնք մեծ հնարավորություն են ընձեռում կեղծարարություն իրականացնելու համար և այսօրվա դրությամբ թիվ մեկ խնդիրն այն է, որպեսզի հնարավորինս այդ միջանցքները նվազեցվեն. «Ցավում եմ, բայց ներկայացվածում նշվածս երևի թե գերակա խնդիրներից մեկն է»,- նկատեց նա:

Panorama.am-ի զրուցակիցը տեղեկացրեց նաև, որ արդեն իսկ բազմաթիվ առաջարկներով «Ժառանգություն» խմբակցությունը հանդես է եկել և Աշխատանքային խումբը, որը զբաղվում է օրենսգրքի մշակմամբ ու խմբագրմամբ ցանկության դեպքում անշուշտ կարող է դրանք ներառել. եթե, կրկնեց նա, նման ցանկություն լինի: Օրինակ, առաջարկությունների շարքում են մի քանի սկզբունքային խնդիրներ, որոնք ներկայացվել են նաև Վենետիկի հանձնաժողովին, սակայն որպես ընտրական գործընթացներին քաջատեղյակ անձ, Ա.Մարտիրոսյանը ընդգծեց, որ շատ կարևոր է քվեաթերթիկների խնդրի լուծումը. «Անհրաժեշտ է, որպեսզի քվեաթերթիկները մեկ անգամ տպագրվեն և չլինեն այսպես կոչված պահուստային քվեաթերթիկներ... որևէ մեկը ինձ չի կարող համոզել, թե նման բան չկա» ,- հավելեց պատգամավորը:

http://www.panorama.am