NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Անհրաժեշտ պարզաբանում
«Հայկական ժամանակ» օրաթերթը հոկտեմբերի 20-ի համարում գրել է, թե Եղվարդի բնակիչ Արտյոմ Ղազարյանը թմրանյութ պահելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն, այլեւս ազատ չի արձակվել, հարազատները նրա մասին տեղեկություն չեն կարողացել ստանալ, իսկ մայրը թերթին հայտնել է, որ իրեն թույլ չեն տալիս որդու հետ հանդիպել, ինքը վախենում է, որ որդուն ծեծել են եւ այլն:
ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկացնում են, որ զինվորական ծառայությունից խուսափելու, ինչպես նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար նախկինում դատապարտված, Քասախ գյուղի բնակիչ Արտյոմ Ղազարյանը թմրանյութ պահելու կասկածանքով բերման է ենթարկվել ս. թ. հոկտեմբերի 15-ին, ժ. 18.30-ի սահմաններում: Նրա մոտ հայտնաբերվել եւ առգրավվել են թմրանյութի հետքերով բամբակե խծուծներ եւ ներարկիչներ:
Ա. Ղազարյանին բերման ենթարկելու մասին իրազեկվել է նրա կնոջը' Իրինա Բուդանովային, իսկ առգրավվածը ներկայացվել է դատաքիմիական փորձաքննության:
Նույն օրը (15.10.2010 թ.) ժամը 20.30-ին Ա. Ղազարյանը բաց է թողնվել:
Հոկտեմբերի 16-ին ստացվել են դատաքիմիական փորձաքննության արդյունքները, որոնց համաձայն' Ա. Ղազարյանից առգրավված բամբակե խծուծների վրա հայտնաբերվել են ափիոն տեսակի թմրանյութի հետքեր:
Փաստի առթիվ նույն օրը (16.10.2010 թ.) հարուցվել է քրեական գործ: Ա. Ղազարյանը կրկին բերման է ենթարկվել եւ ձերբակալվել:
Հոկտեմբերի 18-ին Ա. Ղազարյանը ներկայացվել է դատարան, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը: Ներկա պահին Ա. Ղազարյանը գտնվում է ոստիկանության Նաիրիի բաժնի ՁՊՎ-ում:
Հոկտեմբերի 20-ին ոստիկանության Նաիրիի բաժին է հրավիրվել Ա. Ղազարյանի մայրը' Անաստասիա Ղազարյանը, որը հայտնել է, որ ինքը տեսակցել է իր որդուն, նա ծեծված կամ խոշտանգված չէ, եւ ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթում տպագրվածը չի համապատասխանում իրականությանը:
