Ուժի մեջ է Հաշմանդամ անձանց իրավունքների ՄԱԿ-ի կոնվենցիան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա մայիսի 17-ին Հայաստանում վավերացվել եւ այսօրվանից ուժի մեջ է մտնում Հաշմանդամ անձանց իրավունքների ՄԱԿ-ի կոնվենցիան: Այս մասին այսօր լրագրողների համար հրավիրված սեմինարի ընթացքում հայտնեց «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության' հաշմանդամ մարդկանց շահերի պատասխանատու եւ «Արեւածաղիկ» ամսագրի գլխավոր խմբագիր Զարուհի Բաթոյանը' շեշտելով, որ այն երկրի ներսում անցել է համապատասխան ընթացակարգերը եւ չի հակասում ՀՀ Սահմանադրությանը:

«Յուրաքանչյուր հասարակության 7-10 տոկոսը հաշմանդամության խնդիր ունի եւ որեւէ երկիր չի կարող քաղաքացիական համարվել, եթե այդտեղ հաշմանդամ մարդկանց համար պայմաններ չկան»,-ասաց Զ. Բաթոյանը: 2007 թվականի մարտի 30-ին աշխարհի 81 պետությունների հետ Հայաստանը ՄԱԿ-ում ստորագրել է Հաշմանդամություն ունեղող անձանց իրավունքների կոնվենցիան, որը վավերացվել է այս տարի: Այս կոնվենցիայի ստորագրմամբ Հայաստանն իր պատրաստակամությունն է ցուցաբերում հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության հարցում:

Զ. Բաթոյանի տեղեկացմամբ' վերջին տարիներին մեր պետությունը որդեգրել է հաշմանդամության սոցիալական մոդելի վրա հիմնված քաղաքականություն, ինչը ենթադրում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովում, հավասար պայմանների ստեղծում: Լրագրողների հետ սեմինարներ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ «Հույսի կամուրջ» հկ-ի նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին է իրականացվում:

Ինչպես տեղեկացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը, այդ սեմինարները օգնում են ԶԼՄ-ներին' ավելի գրագետ լուսաբանելու հաշմանդամության խնդիրները: Նույն այդ նպատակով էլ «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն արեւելք» կազմակերպությունների նախաձեռնությամբ լրատվամիջոցների համար հայտարարվել է «Հավասար հնարավորություններ» հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման մրցույթ:

http://armenpress.am